Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երեկ լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում չկան օլիգարխներ, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել:
Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից պարզել, թե, իրո՞ք, իր պատգամավոր գործընկերների շրջանում օլիգարխներ չկան: ՀՀԿ-ական պատգամավորը նախ հստակեցրեց, թե ինչ են լրագրողները հասկանում օլիգարխ ասելով, հետո հայտարարեց, որ յուրաքանչյուր երկրում էլ օլիգարխ կա, իսկ հետո տվեց օլիգարխի սահմանումը: «Որեւէ մեկին մեր նման փոքր պետություններում օլիգարխ չեն համարում, որովհետեւ եթե ըստ չափերի էլ վերցնենք, ՀՀ օլիգարխը ոչ մի պետության օլիգարխների չափերի մեջ չի մտնում»,- հայտարարեց նա` հավելելով, որ մեր երկրում, այդուհանդերձ, օլիգարխներ կան:
Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ օլիգարխներ կան ՀՀԿ ցուցակում, ՀՀԿ-ական պատգամավորը տարուբերեց գլուխը,ոչ, «ոչ» ասաց, ոչ էլ` այո: «Ես ուզում եմ օլիգարխին գործարարից անջատեք: Գործարարներն ընդամենը ունեն ունացվածք, որեւիցե արտադրություն, որով կարողանում են պահել իրենց տունը: Իմ կարծիքով` օլիգարխի եւ գործարարի միջեւ կա մեծ անջրպետ, որովհետեւ օլիգարխը նաեւ ունի լուրջ կարողություն դրսում»,- հայտարարեց Աղաբաբյանը:
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, ԱԺ-ում կա՞ն օլիգարխներ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ պետք է ԱԱԾ-ին հարցնել, թե ով դրսում ինչ ունի, ինքը՝ չգիտի: