Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում 2013թ. բացթողումների ու 2014-ից ակնկալիքների մասին է խոսել ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
- Պարո'ն Աղաբաբյան, ի՞նչ բացթողումներ ունեցավ իշխանությունը 2013-ին:
- Մենք չենք կարող մնացած պետություններին նմանվել, չենք կարող չնկատել նրանց նվաճումները ու չենք կարող չմրցակցել: Բայց մեր երկիրը շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, ու դժվար է մրցակցել գիշատիչ երկրների հետ: Նրանք ծով ունեն, համաշխարհային արժեքներից օգտվելու մեծ հնարավորություններ ունեն, իսկ մենք դա չունենք: Դրա համար էլ մեր զարգացումները չեն կարող համեմատվել նրանց զարգացումների հետ: Ինչևէ, ունենք առաջընթացներ:
Համոզված եմ, որ նոր Հայաստանի հիմքերը գցելու շրջանում ենք մենք ապրում: Մեզ համար, իհարկե, դժվար է մեծ հաճույքներից օգտվել, որովհետև մենք նոր Հայաստանի շինարարության հիմքերն ենք դնում: Նորանկախ Հայաստանը սկզբնական շրջանում ահավոր թալանվեց, ոչնչացվեց: Այդքանից հետո ահավոր բարդ է հիմքեր գցելը, ուստի գալիք սերնդի համար գուցե մի քիչ թեթև լինի: Խոսում ենք Ցեղասպանությունից, ողբում ենք մեր վիճակից, բայց չենք խոսում այն մասին, որ սրանից 700 տարի առաջ վերացավ հայկական պետությունը:
Այդքան ժամանակ մաքառել ենք, ուրեմն ինչո՞ւ են ամեն ինչ բարդացնում, ստամոքսի կամ խրախճանքների հետ կապում: Մենք պետականություն կորցնելու տարբերակներ չունենք, կարող է ինչ-որ պետության կամ միջազգային նորմերի հետ գնանք, բայց մենք չենք կարող մեր «մենք»-ը կորցնել: Ախր դուք չեք պատկերացնում, թե ինչ սարսափելի օրենքներ կան ավելի հարուստ այլ երկրներում: Այնտեղ հարկերն ահավոր են: Իսկ այսօր Հայաստանը հայերեն է ապրում: Մեզ պետք չէ ապրել եվրոպացիների կամ ռուսների նման: Ինտեգրվելով համաշխարհային արժեքներին՝ մենք պետք է ապրենք հայերեն:
- Պարո'ն Աղաբաբյան, ինչպիսի՞ն կլինի 2014-ը մեր երկրի համար: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր տարուց:
- Կարևորը մարդ երևույթն է ու նրա կենսակերպը: Մեր ժողովուրդը մինչև չգիտակցի, որ սա է իրավիճակը....Մենք պետք է բոլորս միասնական լինենք: Մեր երկրում կան անհատներ, որոնք հարստանում են, բայց դա որոշիչ չի: Մարդկային արժեքները նման էպիզոդների հետևից չպետք է ընկնեն: Կա մի երևույթ՝ հայ լինել, Հայաստանում ապրել ու հայավարի մտածել: Գաղափարը հայ մնալն է, մեր երկրի կերպարը պահելն ու միասնական լինելն է, ուրիշ ոչ մի բան:
Մեր հայրենակիցները, երբ գնում են օտար երկրներ ապրելու, իրենց երբեմն հայավարի չեն պահում: Ահավոր բան է դա: Մեր որոշ հայրենակիցների թվում է, թե ինչ ուզենան, այդ երկրում կարող են անել: Հայի պարտականություններն ու իրավունքներն այսօր Հայաստանում ահավոր ցածր վիճակում են: Դա լավ չէ:
Ինչևէ, մենք մեծ պայմանագիր ենք կնքել Մաքսային միության հետ, մեծ շուկաներ ենք ձեռք բերելու, մեծ հնարավորություններ են մեզ տրվելու: Հինգ-վեց պետության հետ մենք համագործակցության եզրեր ենք ունենալու, շուկա ենք ունենալու, շփման եզրերն են ընդլայվելու: Թե չէ` հիմա ապրում ենք պարփակված Հայաստանում, բոլորն են շփման կարիք զգում, բայց հիմա արտասահմանցիների հետ շփվում են միայն դրա հնարավորությունն ունեցողները: Այսօր Հայաստան ո՞վ է գալիս, այնինչ Սովետական Միության ժամանակ Երևան տարեկան 2-5 միլիոն մարդ էր այցելում: Ոնց որ Հայաստանը կղզիացած երևույթ լինի մոլորակի վրա: Այնպես որ` Մաքսային միության մեջ մտնելը իշխանության ձեռքբերումների մեջ է մտնում:
- Գազային համաձայնագրերը համարո՞ւմ եք ձեռքբերում:
- Այն, ինչը չունենք, բայց ձեռք ենք բերում, ես դա համարում եմ ձեռքբերում: Բա ո՞նց եք մտածում, եթե մեր սահմանները Ռուսաստանի հանրությունն է պաշտպանում: Մենք ո՞նց ենք մտածում՝ թքենք ռուսի վրա ու գնանք ինչ-որ մեկի ծո՞ցը մտնենք՝ անգլիացու կամ եվրոպացու՞... Չի կարելի տենց բան: Ախր էդ պահանջողները, իրենց կոկորդը պատռողները, վաղը որ պատերազմը սկսվեց, դրանք չեն լինելու, չէ՞: Էլի փախնելու են, էլի մենք պետք է մնանք:
- Պարո'ն Աղաբաբյան, բայց բոլորը միայն հակառակն են ասում, որ եթե վաղը պատերազմ սկսվի, բոլորը կմնան, իսկ իշխանության ներկայացուցիչները կփախնեն ու կպատսպարվեն արտասահմանյան իրենց առանձնատներում:
- Ո՞վ ասեց: Ուրեմն էդ ասողները պիտի հիմք ունենան ասելու: Իսկ ճշմարտության չափանիշը պրակտիկան է: Տեսել ենք: Թող մի կռված տղա հելնի, նման բան ասի: Ոչ մի կռված տղա նման բան չի ասի: Իրականում էնտեղ հրապարակում հիմա գոռում են պատերազմի ժամանակ ձմերուկ ուտողները ու ծառերից միրգ ուտողները: Իսկ եթե մեջները կռված տղա կա, ուրեմն նա մոլորության մեջ ա, ընդամենը վատ ա ապրում, իրա բողոքը տենց ա արտահայտում:
- Բոլոր լծակները իշխանության ձեռքին են, և այսօրվա իրականության Ձմեռ պապին իշխանությունն է, ուզենք դա, թե չուզենք: Ի՞նչ կարող է տալ քաղաքացուն այդ Ձմեռ պապը:
- Ես, իշխանության մեջ գտնվելով, օրենսդրական դաշտում գտնվելով, նաև ունեմ երեք բիզնեսներ և մոտավորապես 1200 աշխատող: Իհարկե, ես իմ ժողովրդին մաղթում եմ, որ Ձմեռ պապիկի հույսին մնա միմիայն Նոր տարվա օրը: Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը համբերատար լինի, ճիշտ գնահատի իրավիճակը, անարդարությունների դեմ պայքար ունենա: Ոչ թե փողոցային պայքար ծավալի՝ հայհոյանքով ու զրպարտանքով, այլ շատ խելացի ձևով: Ինտերնետային կապ կա, բոլորն էլ իրենց ցանկությունները, իրենց անբավարարվածությունը կարող են արտահայտել:
Այ, լրագրողները անընդհատ վատ բանի համար են գրում: Ախր ինչո՞ւ մեր լրագրողները լավի կողքին չեն, անընդհատ վատն են ասում: Լավ, հինգ հատ վատն եք ասում, գոնե մեկ հատ լավը ասեք, բայց, անընդհատ վատի մասին խոսալով, էս ժողովուրդը վատ ժողովուրդ ա դառնում: Մենակ գրում են, որ մարդիկ գնում են երկրից:
Ի դեպ, ես չեմ կարծում, որ աշխատանք ունեցող մարդը կգնա: Իսկ եթե աշխատանք ունի, բայց գնում է, ուրեմն նա լկտի է, գնում է, որ ուրիշ տեղ լկտիություն անի: Եթե համակարգը իրենից պահանջել է ճիշտ ապրել, չպետք է նա դրանից նեղանա ու գնա: Չպետք է ամեն ինչից վիրավորվենք, այլ ճշմարտության մասին խոսեենք բարի ու համբերատար ձևով, առանց ջղաձգվելու: Մենք պետք է ճշմարիտ ձևով մեծացնենք մեր երեխաներին: Օրինակ՝ եթե փողոցներում ձյունը չի մաքրվել, դա չի նշանակում, որ չենք կարողացել: Ձյունը հաճելի է, ինքը մաքրություն է ու վերացնում է բոլոր տեսակի վիրուսները: Ախր ամեն ինչ չէ, որ պետք է իդեալական լինի, հրաշք երկիր էս աշխարհում չկա:
- Ձեր կարծիքով` ինչպե՞ս այս ձմեռը կանցկացնեն սոցիալապես անապահով, աղքատ բազմաթիվ ընտանիքները:
- Շատ ծանր: Դե, սոցիալապես անապահով ընտանիքները միշտ էլ ծանր են անցկացնում, կապ չունի՝ ձմեռ է, թե` ամառ: Այ, էստեղ մարդը պետք է մտածի՝ տարվա հինգերորդ եղանակով ապրի, որ համբերատար լինի, հասկանա, որ իրավիճակը դա է: Դուք նայեք՝ մարդը դաստիարակություն չունի կամ ունի, բայց կրթություն չունի, ուրեմն նա չի կարող պետական պաշտոնյա լինել: Աշխատանք չկա: Հիմա տեսեք՝ ռուսները մեր գործարանները գնել են, ամեն գործարան 10-12 հազար աշխատատեղ ունի, բայց փակել են ու գնացել: Այ էս տարվա մեր ձեռքբերումը նա է, որ Մաքսային միության պայմանագրով ռուսները կգան էդ գործարանները կբացեն: Եվ այն մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, փող չունեն, միգուցե կրթություն չունեն, արդեն աշխատանք կունենան: Եվ կապ չի ունենա՝ ձմեռ է, թե` ամառ, կմնա տարվա հինգերորդ եղանակը, դրանով էլ կապրեն:
- Որո՞նք են այն երևույթները, որոնցից կցանկանայիք` ազատվեր հայ ժողովուրդը:
- Ես կցանկանայի, որ մեր ժողովուրդն ազատվեր ստելուց, խաբելուց, որովհետև երբ մարդը ստում է, իր վրա մի վերք է վերցնում, որը յուրաքանչյուր պահի կարող է ցավ պատճառել: Երբ հայը չի ստում, նա ավելի համարձակ է դառնում ու անխոցելի:
- Պարո'ն Աղաբաբյան, ստացվում է, որ իշխանությունները հիմա խոցելի՞ են, որովհետև պարբերաբար ստում են:
- Այո: Այդպիսի իշխանություն կա՞, որ չի ստել: Պետությունը օրգանիզմ է և կարող է սխալվել, բայց ստել չի կարելի: Մի օր թոռնիկս` Միկան, մոտս սկսեց գլուխ գովալ, ասեցի՝ երբ գլուխ են գովում, նշանակում է սուտ են ասում, էլ գլուխ չգովաս: Ուրիշ բան է՝ մի բան հնարես ու անես: Ուրեմն` ցանկանում եմ իմ ժողովրդին, որ երբեք խոցելի չլինի:
- Ո՞րն է Ձեր չսիրած ամանորյա իրավիճակը:
- Չեմ սիրում, երբ լավ խմելուց հետո առավոտյան արթնանում ես, վատ ես զգում քեզ, բայց երբ նորից մի բաժակ խմում ես, «պախմելյա» ես անում, ամեն ինչ կարգավորվում է:
Հարցազրույցը՝ Մելանյա Մելքումյանի