Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ խմբակցության պատգամավոր, ԱՄ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը ՀՀ գյուղական ինտելիգենցիայի շրջանում մեծ համարում ունեցող «Իրավունք» թերթում հանդես էր եկել մի հսկայական մեկնաբանությամբ այն մասին, թե ովքեր են այն հայ խմբագիրները, որոնց ղեկավարած լրատվամիջոցները վատ բաներ են գրում իր և իր զինակից Հայկ Բաբուխանյանի մասին, ով նույնպես ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր է աշխատում:
Եվ ովքե՞ր են այդ անզգամները… Ըստ Արտաշես Գեղամյանի՝ բոլոր այդ թերթերն ու խմբագիրները թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներն են Հայաստանում: Նա պատմում է նույնիսկ, որ մի անգամ, երբ Երևանում ասուլիս էր տալիս Եվրոպայում ունեցած իր 5 ելույթների մասին, իրեն թվացել է, որ Թուրքիայում կամ Ադրբեջանում է ասուլիս տալիս, որովհետև հազիվ մեկ-երկու լրատվամիջոց է նորմալ հարցեր հնչեցրել:
Արտաշես Գեղամյանը նաև գիտի, թե միայն իրեն հայտնի թուրք-ադրբեջանական լոբբիստական կառույցներում ինչպիսի անունների տակ են հայտնի մեր թերթերի խմբագիրները, և այն, թե նրանցից ով ինչպիսի հանձնարարություն ունի, ինչպես է կատարում իր հանձնարարությունները, գո՞հ են արդյոք տերերը նրանից, թե՞ ոչ:
Պարոն Գեղամյանը նաև բացահայտել է, թե ինչու են հատկապես ինքն ու Բաբուխանյանը հայտնվել հայաստանյան «թուրքածառա» ԶԼՄ-ների թիրախում: Քաղաքական գործչի մեկնաբանությունն ուղղակի ցնցող է: Նրա կարծիքով՝ Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցություններից երկուսի՝ ՍԻՄ-ի և «Ազգային միաբանություն» կուսակցության լիդերներն են ամենահետևողական պայքար տանում Հայաստանը ներսից քայքայող երևույթների, այդ թվում` նաև թուրք-ադրբեջանական լոբբինգ իրականացնող կազմակերպությունների դեմ: Եվ այս ամենը նա ասել է մի այնպիսի մեծ ու տպավորիչ հարցազրույցում, որ հասարակ ընթերցողը հանկարծ չփորձի կասկածել իր ասածներին:
Մինչդեռ ՀՀ փոքր-ինչ կասկածամիտ ու հետաքրքրասեր քաղաքացու մեջ կարող է ընդամենը հարց առաջանալ՝ իսկ Արտաշես Գեղամյանին և Հայկ Բաբուխանյանին որտեղի՞ց այդքան ինֆորմացիա, մանավանդ, որ ՀՀԿ ֆրակցիայի նույնիսկ առանցքային դեմքերը ոչինչ չգիտեն այդ մասին և, բանից բեխաբար, օրական հինգ-վեց հարցազրույց են տալիս Գեղամյանի ու Բաբուխանյանի մասին վատ բաներ գրող թերթերին ու կայքերին: Անձամբ ես Գեղամյանի ասածների մասին ցանկություն էլ չունեմ որևէ բան մտածել: Ինձ լրիվ բավարարում է Սերժ Սարգսյանի՝ Արտաշես Գեղամյանին տված հանրահայտ բնորոշումը: Իսկ որպեսզի պատկերը կատարյալ լինի, ուղղակի կդիմեմ Բաբուխանյանին՝ ասա՝ այս գործում ով է ընկերդ, ասեմ` ով ես դու:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: