Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ընթերցողների սեղաններին է դրվել վեց գրքից բաղկացած «Շերլոք Հոլմս»-ի ամբողջական հավաքածուն: Առաջին անգամ անգլերենից հայերեն են թարգմանվել Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները: Գրքերը ընթերցողին են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները, թարգմանությունները կատարել են Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:
«Այս տարվա մայիսին մենք հայտարարել էինք երիտասարդ թարգմանիչների մրցույթ, որպեսզի նաև նրանց հնարավորություն ընձեռենք իրենց տեղը գտնել աշխատաշուկայում, ինչպես նաև ունենալ նոր և թարմ կադրեր: Ստացել էինք հիսուն հայտ. ընտրվել էր վեց թարգմանիչ: Մտածում էինք ի՞նչ գործ թարգմանել և կանգ առանք Շերլոք Հոլմսի վրա: Մենք բացահայտեցինք, որ Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունները երբեք ամբողջությամբ հայերեն չեն թարգմանվել, մի քանի պատմվածք խորհրդային տարիներին միջնորդ լեզվի՝ ռուսերենի օգնությամբ թարգմանվել է հայերեն, սակայն բնագրային թարգմանություն երբևէ չի եղել»,- գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վեց թարգմանիչները թարգմանական աշխատանքներն սկսել են այս տարվա հունիսին, անցել են վարպետության դասեր, խորհրդակցել են հրատարակչության խմբագիրների հետ՝ առավել պրոֆեսիոնալ թարգմանություն կատարելու համար: Հրատարակչության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունները թարգմանելուց հետո թարգմանիչներն աշխատել են Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը» գրքի վրա: Շերլոք Հոլմսի մասին պատմող յուրաքանչյուր հատորում ընթերցողը կգտնի հատված՝ Կորուսյալ աշխարհի քարտեզից: Հավաքելով քարտեզի բոլոր վեց մասերը՝ ընթերցողները մինչև 2019-ի մարտի 20-ը նվեր կստանան «Կորուսյալ աշխարհը» գիրքը:
«Թարգմանիչներով համացանցի միջոցով կապի մեջ ենք եղել և համագործակցել ենք: Հրատարակչությունն է որոշել, թե մեզանից ով որ հատորի վրա պետք է աշխատի: Մենք մեծ հաճույքով ենք լծվել գործի, և մեզ համար էական տարբերություն չկար, թե որ հատորը կթարգմանենք»,- նշեց թարգմանիչ Քրիստինե Չիլինգարյանը՝ ուրախություն հայտնելով, որ դարձել է այս նախագծի մաս և թարգմանել հայերեն սիրելի հեղինակի գործերը:
Անդրադառնալով թարգմանության բարդություններին՝ նա ընդգծեց, որ հիմնական խնդիրն անգլիական սուր հումորը ճիշտ ընկալելն ու այն ընթերցողներին հայերենով սահուն մատուցելն էր: Նշենք, որ գրքի շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց BBC-ի «Շերլոք» հեռուստասերիալի՝ 19-րդ դարի Շերլոքին ներկայացնող «Գարշելի հարսնացուն» սերիան: Շնորհանդեսի ընթացքում մասնակիցները կենդանի կատարմամբ ունկնդրեցին «Շերլոք» հեռուստասերիալի սաունդթրեքը, ինչպես նաև մասնակցեցին անգլիական թեյախմության: Թարգմանիչները նաև հետաքրքիր փաստեր ներկայացրին Շերլոք Հոլմսի մասին:
Հավելենք, որ Շերլոք Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքներում ու 4 վեպերում: Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ և ընկերակից բժիշկ Ուոթսոնի անունից: