Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1914 թվականի ամռան վերջին արդեն հռչակավոր գրողը, Բրիտանական կայսրության ասպետը (ստացել էր «Անգլո-բուրական պատերազմ» աշխատության համար), հաջողակ իրավաբանը և իրավապաշտպանը ռազմական նախարարությանը նամակ է գրում, որում համեստորեն նշում է. «Կարծում եմ՝ կարելի է ասել, որ իմ անունը հայտնի է այս երկրի շատ երիտասարդների, և եթե ես իմ տարիքում զորակոչի հանձնաժողովով անցնեմ, դա լավ օրինակ կլինի: Ես 55 տարեկան եմ, բայց` շատ ուժեղ ու դիմացկուն, բացի դրանից՝ բարձր ձայն ունեմ, դա կարող է օգտակար լինել շարային պատրաստության ժամանակ»:
Բրիտանիան նոր էր մտել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, և Կոնան Դոյլը չէր ցանկանում կորցնել որպես իրական հայրենասեր հանդես գալու հնարավորությունը:
Մինչ նախարարությունը քննարկում էր նրա խնդրանքը, գրողը որոշում է իր բարձր ձայնն այլ կերպ օգտագործել: Քրոուբորո քաղաքում, որտեղ բնակվում էր նրա ընտանիքը, նա հայտարարություն է տարածում, որ պատրաստվում է տեղական կամավորական ջոկատ հավաքել այն մարդկանցից, որոնց այս կամ այն պատճառաբանությամբ գործող բանակ չեն տարել: Առաջին իսկ օրը Քրուբորոյի կամավորական պահեստային գունդը հավաքագրում է 173 մարդ, որոնք անմիջապես սկսում են ամենօրյա վարժանքները: Իսկ երբ գրողին հրաժարվում են բանակ տանել, նա The Times-ում հոդված է գրում ու նկարագրում իր կամավորական գնդի հաջողությունները՝ կոչ անելով անգլիացիներին` նման ջոկատներ ստեղծել բոլոր բնակավայրերում: Կոնան Դոյլը Անգլիայի 1200 գյուղերից ու քաղաքներից նամակներ է ստանում, որոնցում նրան խնդրում են կամավորական պահեստազոր ստեղծելու հանձնարարականներ ու մեթոդական ցուցումներ տալ:
Իշխանությունները նախաձեռնությանը զգուշավորությամբ են մոտենում՝ զինված ջոկատներ, որոնք կազմավորվում են ամբողջ երկրում՝ առանց կառավարության թույլտվության ու վերահսկողության: Ռազմական նախարարությունն անմիջապես հրամայում է լուծարել ապօրինի միավորումները, սակայն արգելքը երկար չի տևում, կառավարությունը ստեղծում է Կամավոր ուսումնական կորպուսների ասոցիացիան, որի խնդիրն էր վերահսկել ու կազմակերպել օրինական կամավորական բանակը: Ասոցիացիայի փոխնախագահ է դառնում Կոնան Դոյլը:
Գլխավորել իր կազմակերպած՝ Քրոուբորոյի կամավորական ջոկատը, որն արդեն կոչվում էր Սուսեքսի 4-րդ թագավորական կամավորական գումարտակ, նա հրաժարվում է՝ համարելով, որ դա պրոֆեսիոնալ զինվորականի գործ է, սակայն ինքը, որպես շարքային, ծառայում է այդ գումարտակում մինչև պատերազմի ավարտը:
Ի դեպ, սպայական համազգեստ նա, այնուամենայնիվ, հագնում է. 1916-ին համաձայնում է ճակատ գնալ՝ Գերմանիայի կողմից մի քանի դաժան պարտություններ կրած դաշնակից Իտալիայի վարկանիշի բարձրացման և իտալացիների քաջության մասին անարկներ գրելու համար: Ռազմական նախարարությունը ռազմաճակատ կարող էր ուղարկել միայն սպայի, և Կոնան Դոյլն օգտվում է լորդ-լեյտենանտ կոչումից, որը նրան տրվել էր 1902-ին ասպետի տիտղոս ստանալիս: Իսկ քանի որ հատուկ համազգեստ նա չուներ, դերձակը ստիպված ստեղծագործում է և ուսադիրների աստղերը փոխարինում արծաթե վարդերով: Նման համազգեստներ ստանում են նաև գրողի կրտսեր որդիները:
Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի
Թարգմանությունը` yerkir.am-ի