Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ, մինչ համաշխարհային հռչակ ունեցող գրող դառնալը, Արթուր Կոնան Դոյլը բժիշկ էր: 1881-ին ավարտել էր Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոցը, սակայն այնքան էլ լավ կարծիք չուներ իր բժշկական հմտությունները մասին և բժշկության բակալավրի ու վիրաբուժության մագիստրոսի դիպլոմներ ստանալիս ինքն իր ծաղրանկարն էր արել՝ երջանիկ նորաթուխ բժիշկը թափահարում է դիպլոմը, իսկ ներքևում գրառում է՝ «Սպանելու արտոնագիր»:
Բժշկական կարիերայի սկզբնական շրջանում նա Պլիմուտում համակուրսեցիների հետ համատեղ գործունեություն է ծավալում, սակայն հետագայում որոշում է, որ սեփական գործն է հարկավոր սկսել, և 1882-ին բնակություն է հաստատում Պորտսմուտում, տուն է վարձում, ընդունարան կահավորում ու սպասում պացիենտների: Սակայն նրանք չեն գալիս: Անգլիայում օրենք էր գործում, որը բժիշկներին արգելում էր իրենց ծառայություններն առաջարկել թերթերում ու այլ հայտարարություններով. հաճախորդների հարցում օգնության էին գալիս ծանոթները: Հասկանալով, որ հարկավոր է ընդլայնել կապերը, Կոնան Դոյլը որոշում է կիրառել փորձարկված մեթոդը՝ սպորտը: Սպորտը նախկինում էլ էր նրան օգնության եկել. կրիկետը, ֆուտբոլը, հոկեյը 8 տարի շարունակ փրկում էին նրան ճիզվիտական դպրոցի և Սթունիհերսթի քոլեջի տաղտուկից, իսկ բռնցքամարտի մենամարտում նոկաուտի ուղարկելով կետորս նավի նավաստիներից մեկին, երբ որպես վիրաբույժ ծառայում էր նավի վրա, շոտլանդացի նավաստիների հարգանքին էր արժանացել:
Սթոունիհերսթ քոլեջի կրիկետի թիմը, աջից կանգնածը Արթուր Կոնան Դոյլն է
Եվ այսպես՝ Կոնան Դոյլը դառնում է Պորտսմուտի բոլոր սպորտային ակումբների անդամ, իսկ 1883-ին օգնում է կազմակերպել քաղաքի առաջին ֆուտբոլային ակումբը: Խաղացողների մեծ մասը նավահանգստի բանվորներ էին, դարպասապահը՝ ինքը՝ Կոնան Դոյլը: Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի Անգլիայում ֆուտբոլը ջենտլմենների խաղ չէր համարվում, և բարձրաշխարհիկ հաճախորդներին չվանելու համար Կոնան Դոյլը համենյան դեպս հանդես է գալիս Էյ Սի Սմիթ ծածկանունով:
Շուտով նրա բժշկական գործունեությունը հաջողությամբ է պսակվում, նրան հարգում են, և Կոնան Դոյլը որոշում է, որ ժամանակն է իր հեղինակությամբ ավելի մեծ խնդիրներ լուծել: 1887-ին երկու բաց նամակ է գրում, որոնք տպագրվում են The Evening Mail և The Hampshire County Times թերթերում, բանավեճի մեջ մտնելով գնդապետ Ուինթլիի հետ, որը Պատվաստումների դեմ լիգայի ակտիվիստներից էր:
Ուինթլին անգլիական օրենքները, որոնք ծնողներին պարտադրում էին երեխաներին պատվաստել ծաղիկ հիվանդության դեմ, տեղական մամուլում «անբարոյական» էր որակում, իսկ պատվաստանյութը՝ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր երեխաների համար: Ի պատասխան՝ Կոնան Դոյլը գնդապետին մեղադրում է վիճակագրության խեղաթյուրման, ոչ մասնագիտական կարծիք հայտնելու և կրոնական ֆանատիզմի մեջ և կոչ է անում ծնողներին՝ ուշադրություն չդարձնել կեղծ գիտական փաստարկներին: Թեև Կոնան Դոյլի դիրքորոշմանը աջակցում են մյուս բժիշկները, նրա առաջին հրապարակային բանավեճն անհաջողությամբ է պսակվում՝ մեկ տարի անց կառավարությունը նոր օրենք է ընդունում, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հրաժարվելու պատվաստումներից:
Սակայն անհաջողությունը Կոնան Դոյլին չի կոտրում: Հաջորդ տարիների ընթացքում նա շարունակում է պաշտպանել իր տեսակետը պատվաստումների վերաբերյալ, ընդ որում՝ ոչ միայն ծաղկի դեմ: Նրա վճռականությունն ավելի է մեծացնում անգլո-բուրական պատերազմին մասնակցությունը. աշխատելով ճակատային հոսպիտալում ՝ որպես վիրաբույժ, նա հոդված է գրում The British Medical Journal-ում՝ կոչ անելով պարտադիր պատվաստում սահմանել գոնե զորակոչիկների համար: Որպես փաստարկ՝ նա բերում է պատերազմական վիճակագրությունը՝ եթե Հարավային Աֆրիկայում մարտերում ու վերքերից մահացել էր 7,5 հազար զինվոր, ապա բանակում սկսված տիֆի համաճարակից՝ ավելի քան 8 հազար:
Կոնան Դոյլը Հարավային Աֆրիկայում` հոսպիտալում
Հետագայում նա 2 անգամ էլ հանդես է գալիս թագավորական հանձնաժողովի առջև, սակայն՝ ապարդյուն. Առաջին աշխարհամարտին Մեծ Բրիտանիան մասնակցում է` այդպես էլ չընդունելով պարտադիր պատվաստման մասին օրենք:
Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի
Թարգմանությունը` yerkir.am-ի