կարևոր
3685 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 14:26
Քաղաքական

Ինչո՞ւ են Օտյանի «Շերլոք»-ի հայերեն բնագիրը և այդ ստեղծագործության թուրքերեն թարգմանությունը միմյանցից տարբերվում

Ինչո՞ւ են Օտյանի «Շերլոք»-ի հայերեն բնագիրը և այդ ստեղծագործության թուրքերեն թարգմանությունը միմյանցից տարբերվում

Լա՛վ, բայց այս տարբերությունների պատճառը ո՞րն է: Արդյո՞ք թարգմանիչը սեփական նախաձեռնությամբ փոխել է գրքի իրադարձությունները, կերպարները եւ ավարտը։ Կամ էլ Օտյանի իմացությամբ երկը օսմաներեն թարգմանվելիս փոխվե՞լ է։ Թե՞ օսմաներենն ի սկզբանե այլ կերպ է գրված եղել։ Թե

Երվանդ Օտյանը, ում անվանի հայ գրող Շիրվանզադեն բնութագրում է որպես «երգիծանքի համար ծնված մեծագույն հայ երգիծաբան», հայտնի է նաև որպես արձակագիր, քննադատ, սյունակագիր և թարգմանիչ։ Նրա գրական կյանքը սկսելու ժամանակը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Օսմանյան կայսրության բոլոր հպատակները պայքարում էին սահմանադրական միապետության շուրջ համախմբվելու համար, բայց միաժամանակ միասին ապրում էին պառակտման ցավերը։ Այս պատճառով նրա ստեղծագործությունները, ավելի շուտ, բաղկացած էին այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ազատությունը, սոցիալական պայքարը, ժողովուրդների եղբայրությունը, հեղափոխականությունը և հայ համայնքի ճակատագիրը: Այսօրվա մեր հոդվածի թեման Երվանդ Օտյանի երկու պատմավեպ-դետեկտիվ վեպերն են, որոնք հայտնի են «Աբդուլ Համիդ և Շերլոք Հոլմս», «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնավորին դեմ» անուններով, և մեկը մյուսի շարունակությունն է։ «Աբդուլ Համիդ և Շերլոք Հոլմս» վերնագրով առաջին վեպը հայերեն լույս է տեսել 1911 թ. «Ռետեոս Սաքայան» տպարանում։ Այն շարունակող երկրորդ գիրքը՝ «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնավորին դեմ», առաջին անգամ տպագրվել է հայկական «Բուզանդիոն» թերթում 1912 թ., ապա որպես գիրք հրատարակվել է նույն թվականին «Ռետեոս Սաքայան» տպարանում։ Ստեղծագործությունը հետագայում թարգմանվել է օսմաներեն Սուլեյման Թևֆիքի կողմից և հրատարակվել 1328 թ. (1912-մարտ-դեկտեմբեր/1913 հունվար-մարտ):

Պատմավեպ-դետեկտիվ ոճով այս երկհատոր աշխատության մեջ Օտյանը փորձել է արտացոլել սուլթան Աբդուլ Համիդի գահակալության 1904-1908 թ. շրջանը, այսինքն, երբ երիտթուրքերը փորձեցին տապալել հին ռեժիմը և հաստատել սահմանադրական միապետություն: Ուշագրավ է նաև, որ երկրորդ գրքում գլխավոր հերոսը կին է։ Տիկին Սալիհայի անհատականության մեջ օրինակելի կնոջ և մոր մոդելի արտացոլումից բացի, նաև ներկայացվում է նրա հեղափոխական ինքնությունը ստանձնելու պատմությունը: Հաշվի առնելով վեպի գրվելու ժամանակահատվածը՝ հետաքրքիր է, որ հեղինակը երկրորդ հատորում ընտրել է կին գլխավոր հերոսի։ Այն, որ նա իր հերոսուհուն ներկայացնում է ոչ թե իր գեղեցկությամբ, այլ բարոյական բարձր արժեքներով, առաջադեմ մտքերով, ուժեղ բնավորությամբ, ֆեոդալիզմի ու բռնակալության հանդեպ ատելությամբ և իր առաջամարտիկ բնավորությամբ, կարևոր է նաև մեր երկրում, որտեղ այսօր էլ քննարկվում է հասարակության մեջ կնոջ տեղը, կնոջ նկատմամբ հեղինակի տեսակետը բացահայտելու տեսանկյունից։

Երկու գրքերի միջեւ տարբերությունները

Մինչև այստեղ պատմվածքի մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Պատմության հետաքրքիր կողմը իմ փորձառությանն է վերաբերում, երբ ես այս երկու հատորները պատրաստում էի տպագրության: Գրականության սիրահարները կհիշեն, որ Օտյանի «Աբդուլ Համիդ և Շերլոք Հոլմս» վեպը հրատարակվել է «Everest Publishing»-ի կողմից՝ 2014 թվին։ Ինձանից առաջ հրատարակվածները նկարագրել էի որպես «անհաջող»: Հայերեն բնագրից իմ թարգմանած 1000 էջանոց պատմության և հրատարակված գրքի պատմության միջև տարբերությունները բավականին մեծ էին։ Երկու գրքերը, լինի լեզվի, հյուսվածքի, հերոսների ինքնության և պատմվածքի ավարտի առումով, շատ կարևոր տարբերություններ ունեին: Առաջին տարբերությունը նկատվում է լեզվի հարցում: Հայերենը բնագրում ընթերցողին չպարտադրող, սահուն լեզու է՝ հարմար դետեկտիվ գրելու համար, իսկ օսմաներենը՝ ճոռոմ, գրականության համար ավելի բարձր անհարմարություն ներկայացնող լեզու։ Արդյունքում «Everest» հրատարակչությունը հասկանալի լինելու համար անհրաժեշտություն զգաց վեպի վերջում ավելացնել օսմաներեն-թուրքերեն բառարան: Ընթերցողները, ովքեր ծանոթ են «Արասի» հրատարակած Օտյանի «Ընկեր Փանջունի» և «Անիծյալ տարիներ» ստեղծագործություններին, արդեն գիտեն, որ հեղինակը շատ պարզ և սահուն լեզու ունի։ Այդ ժամանակ, թարգմանելով Օտյանի նույն ոճով գրված մեկ այլ ստեղծագործություն, ականատես եղա նույն սահուն լեզվին, և կարիք զգացի ընթերցողների հետ կիսվելու նրա «Աբդուլ Համիդ և Շերլոք Հոլմս/Սալիհա Հանըմ» ստեղծագործություններով և նրանց մասին այս հետաքրքիր տեղեկությամբ։ Բացի լեզվից, տարբերություններ կային նաև վեպի գլուխների վերնագրերի և անձնանունների մասով։ Գլուխների համարներն ու վերնագրերը տարբեր էին: Երբեմն նույն կերպարները հանդես էին գալիս տարբեր անուններով և տարբեր տեղերում։ Կամ էլ այնպիսի կերպարներով, որ հայերեն բնագրում գոյություն չունեին, սակայն առկա էին օսմաներեն թարգմանության մեջ և այլն, և այլն։

Բաժիններ, որոնք հայերեն տեքստում չկան

Ամենակարևոր տարբերությունն այն էր, որ օսմաներեն տեքստում կային տարբեր թեմաներով հավելումներ, որոնք հայերեն տեքստում չկային: Ընդ որում, այս կցված գլուխները այնքան էլ կապված չէին վեպի հետ, և թեմայից բոլորովին անջատված թեմաների մասին էին, որոնք խախտում էին վեպի ամբողջականությունը։ Օրինակ՝ Ֆեհիմ փաշայի եւ Մարգրիտ անունով խաբեբա աղջկա սիրավեպը, որի մասին այն ժամանակ շատ էր խոսվում, ստեղծագործության հայերեն բնագրում ներառված չէր։ Ընդ որում, վեպի հետ կապ չունեցող այս հատվածը էջեր շարունակ ձգվեց։ Ամենամեծ տարբերությունը վեպի ավարտի հատվածում էր։ Գրքի հայերեն ու օսմաներեն տարբերակները բոլորովին տարբեր վերջաբաններով էին ավարտվում։ Լա՛վ, իսկ ո՞րն էր այս տարբերությունների պատճառը։ Արդյո՞ք թարգմանիչը սեփական նախաձեռնությամբ է փոխել գրքի իրադարձությունները, կերպարները և ավարտը։ Կամ էլ Օտյանի իմացությա՞մբ է գործը փոխվել օսմաներեն թարգմանվելիս։ Կամ էլ օսմաներենն ի սկզբանե այլ կերպ էր գրված։ Կամ էլ… Դետեկտիվ գրքերի փորձառու հետազոտող, գրող Էրոլ Ույեփազարջըի հետ զրույցում նա հայտնեց, որ ստեղծագործության հունարեն թարգմանության մեջ ավելացված հատվածներ չկան։ Ույեփազարջըի կարծիքը թեմայի վերաբերյալ. ենթադրվում է, որ երեք հարյուր փոխված էջերով բաժինը, որը հայերեն տեքստում չկա, կարող են հետագայում հեղինակի կողմից ավելացված լինել թուրքերեն տեքստին։ Ույեփազարջըն նշում է, որ չենք կարող պատասխանը իմանալ, թե որն է պատճառը, և ավելացնում, թե Օտյանը կարող էր հետևել այդ ժամանակ աքսորված, Սալոնիկում  ապրող սուլթանին հայհոյելու նորաձևությանը։ Միգուցե Օտյանը այս հատվածներն ավելացրել է թուրքերեն տեքստին՝ ժամանակաշրջանի մթնոլորտում թուրք ընթերցողներին հաճոյանալու համար, ո՞վ գիտե։ Այս դեպքում հարց է առաջանում. «Գիրքը օսմաներենից  թարգմանվելու և տպագրվելու դեպքում, արդյոք դրա թարգմանությունը նաև հայերեն բնագրից պետք է տպագրվի»: Սիրտը, իհարկե, ցանկանում է, որ թարգմանությունը տպագրվի բնօրինակի հիման վրա։ Այս հարցում պարոն Ույեփազարջըի հետ նույն տեսակետն ենք կիսում։ Հայերեն բնագրից թարգմանության մեջ ընթերցողը այս բոլոր տարբերությունները կկարողանա տեսնել։ Նա հնարավորություն կունենա կարդալու բնագիր տեքստը՝ առանց լրացուցիչ ու անկապ մասերի։ Քանի որ այն գրված է այսօրվա թուրքերենով և դետեկտիվ գրականության համար հարմար լեզվով, նա կկարողանա արագ և հաճելի ընթերցանություն կատարել: Ույեփազարջըի անձնական կարծիքն այն է, որ ստեղծագործությունն իր ներկայիս վիճակում կդրսևորվի որպես շատ ավելի պարկեշտ դետեկտիվ վեպ: Այսպիսով, նա նշում է, որ Օտյանի ստեղծագործությունն իր արժանի տեղը կզբաղեցնի որպես թուրքական դետեկտիվ գրականության առաջին ստեղծագործություններից մեկը։ Ցավոք, հրատարակչությունների ֆինանսական մտահոգությունների պատճառով այս պահին հնարավոր չէ հրատարակել հայերեն բնագրից երկհատորյակի թուրքերեն թարգմանությունը։ Պետք չէ հույսը կորցնել… Գուցե մի օր այն հրապարակվի… Ինչո՞ւ ոչ: Եկեք ընթերցողներին լուսավորելու համար բավարարվենք այսքանը գրելով։

https://www.agos.com.tr/tr/yazi/27616/odyan-in-ermenice-serlok-unun-orjinali-ve-turkce-cevirisi-neden-farkli

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net/am