Փոխարժեքներ
23 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.88 |
EUR | ⚊ | € 415.23 |
RUB | ⚊ | ₽ 4.034 |
GBP | ⚊ | £ 491.42 |
GEL | ⚊ | ₾ 139.56 |
1893-ի վերջին, Շերլոկ Հոլմսին «հուղարկավորելով» Ռեյխենբախի ջրվեժում, Կոնան Դոյլն ինքն էլ է մեկնում Շվեյցարիա, որտեղ՝ Դավոսում, արդեն մի քանի ամիս տուբերկուլոզի դեմ բուժում էր ստանում նրա կինը: Դավոսում Կոնան Դոյլն իր համար նոր սպորտաձև է բացահայտում՝ լեռնադահուկը: Այնպես չէ, որ այդ ժամանակ դահուկների մասին ընդհանրապես չգիտեին. Նորվեգիայում, օրինակ, դրանցից օգտվում էին և՛ սպորտում, և՛ որպես փոխադրամիջոց: Սակայն Ալպերում դահուկները նորույթ էին, ամբողջ Դավոսում դրանցով զբաղվում էին միայն Բրանգեր եղբայրները, նրանք ինքնուրույն էին յուրացրել դահուկները՝ սխալների ու փորձարկումների մեթոդով, և ձյան մեջ շարունակ թավալվող եղբայրների վրա ծիծաղելը դարձել էր տեղաբնակների ու տուբերկուլոզային առողջարանի պացիենտների սիրելի զբաղմունքը: Կոնան Դոյլը որոշում է նրանց մոտ դասընթացների գնալ, և Դավոսի բնակիչներն արդեն գնում են հայտնի գրողի վրա ծիծաղելու:
Որոշ հմտություններ ձեռք բերելով՝ Կոնան Դոյլն առաջարկում է եղբայրներին՝ նվաճել ալպիական բարձունքները: 1894-ի մարտին նույնիսկ մեր ժամանակների համար ռիսկային ճամփորդություն են ձեռնարկում՝ ծովի մակերևույթից 3 հազար մետր բարձր լեռնանցքով Դավոսից դահուկներով գնում են Արոզա քաղաքը, ընդ որում՝ բացի դահուկներից, այլ հանդերձանք չեն վերցնում: Վերջին զառիթափը չափազանց կտրուկ է լինում՝ դահուկներով իջնելը հավասարազոր էր ինքնասպանության: Հնարամիտ Բրանգեր եղբայրները, դահուկները գոտիներով միացնելով, սահնակի նման ինչ-որ բան են սարքում, սակայն Կոնան Դոյլի «սահնակը» ճանապարհին մասերի է բաժանվում, և դահուկներն անհետանում են ձյան մեջ: Գրողն էլ, համարելով, որ Ալպերը դահուկներով կտրած-անցած անգլիացուն հարիր չէ ոտքով քաղաքակիրթ աշխարհ վերադառնալ, պարզապես գլորվում է բարձունքից, ու քիչ է մնում՝ կորցնի վարտիքը:
Չնայած այդ ամենին՝ The Strand Magazine-ում նա մանրամասն նկարագրում է դահուկային սպորտի առավելություններն ու իր նվաճումներն այդ բնագավառում՝ ընթերցողին վստահեցնելով, որ ավելի գրավիչ ձմեռային զբաղմունք գոյություն չունի:
Նա կանխատեսում է, որ Շվեյցարիան դառնալու է լեռնադահուկային սպորտի կենտրոն, և շատ բան է անում դրա հանրայնացման համար՝ ընկերների ու երկրպագուների՝ դեպի Ալպեր ճամփորդություններ կազմակերպելով: 1895-ին դահուկների պահանջարկն այնքան է մեծանում, որ դրանց արտադրություն է հիմնվում, իսկ 1905-ին Շվեյցարիայում անցկացվում է լեռնադահուկային առաջին մրցարշավը, որը դիտելու է գնում 10 հազար մարդ:
Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի
Թարգմանությունը` yerkir.am-ի