Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
1912-ին «Տիտանիկ»-ի խորտակումից հետո բրիտանական մամուլը հեղեղված էր աղետի ժամանակ անգլիացիների ցուցաբերած հերոսական պահվածքի մասին հոդվածներով: Պատմություններն այն մասին, թե ինչպես են տղամարդիկ իրենց կյանքի գնով փրկել կանանց ու երեխաներին, թե ինչպես են անձնակազմի անդամները վճռականորեն կրակել վախկոտ օտարերկրացիների վրա, որոնք փորձել են առաջ ընկնել, թե ինչպես նավապետը չի լքել նավը, իսկ նվագախումբը մինչև վերջին պահը շարունակել է նվագել, հրապարակում էին երկրի բոլոր թերթերը:
Միակ մարդը, որը փորձում էր մեղմել հերոսական պաթոսի թափը, Բեռնարդ Շոուն էր: The Daily News-ում հրապարակված «Մի քանի չհիշատակված բարոյական նկատառումներ» հոդվածում նա հետևողականորեն մերկացնում էր «Տիտանիկ»-ի մասին մամուլի ստեղծած միֆը և պատմում խառնաշփոթի, խուճապի, վատ կազմակերպված տարհանման, անձնակազմի դասակարգային նախապաշարմունքների մասին՝ փրկարարական նավակներով տարհանվողներին ընտրելիս:
Նրան պատասխանում է Կոնան Դոյլը, որի համար «Տիտանիկ»-ի կործանումը ազգային ու անձնական ողբերգություն էր: Համոզված, որ ուղևորների փրկության համար արվել է ամեն հնարավորը, նա Շոուին մեղադրում է փաստերի մանիպուլյացիայի մեջ: Շոուն, ի պատասխան, մեղադրում է Կոնան Դոյլին ավելորդ ռոմանտիզմի մեջ: Գրողների միջև բաց բանավեճ է սկսվում, որը դադարում է նավի կործանման հետաքննության առաջին արդյունքների հրապարակումից հետո. պարզվում է՝ սխալներն ավելի շատ են եղել, քան հերոսությունը:
Այդ պահից սկսած՝ ջրային տարածքներում անվտանգության և փրկարար միջոցառումների կազմակերպման հարցը դառնում է Կոնան Դոյլի թիվ մեկ մտահոգությունը: Վիճակագրությունը հաստատում էր, որ խնդիրն արդիական է. 1914-ին գերմանական սուզանավերի հետ բախման հետևանքով զոհվել էր պարեկային հածանավերի մոտ 1500 բրիտանացի նավաստի, ընդ որում՝ մեծ մասը մահացել էր ոչ թե վերքերից, այլ պարզպես խեղդվել էր: Ռազմանավերում արգելվում էր փրկարար նավակների գոյությունը, դրանք համարվում էին հրդեհավտանգ, իսկ փրկվելու այլ միջոցներ չէին նախատեսվում:
Կոնան Դոյլն առաջարկում է յուրաքանչյուր նավաստու տրամադրել ռետինե փրկօղակի փաթեթ, որը վտանգի դեպքում կարելի է գցել վիզն ու փչել 10 վայրկյանում:
Գրողի գաղափարին աջակցում են թերթերը, որոնք մի քանի օր շարունակ նկարագրում են նրա հնարամիտ գյուտը: Եվ դրանից հետո ռազմական նախարարության հրամանով 250 հազար այդպիսի փրկօղակ է պատրաստվում: Ժամանակի ընթացքում Կոնան Դոյլի գյուտն արդիականացվում է՝ վերածվում փրկարար բաճկոնի:
Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի
Թարգմանությունը` yerkir.am-ի