կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-02 17:44
Մշակույթ

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 3՝ թե ինչպես Կոնան Դոյլը Շերլոք դարձավ, և Անգլիան ունեցավ վերաքննիչ դատարան

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 3՝ թե ինչպես Կոնան Դոյլը Շերլոք դարձավ, և Անգլիան ունեցավ  վերաքննիչ դատարան

Տարօրինակ ու չարագույժ իրադարձություններ էին տեղի ունենում անգլիական Գրեյթ-Վիրլի գյուղում 1903 թվականին: Գիշերային արածեցումից հետո դաշտերում ձիերի, կովերի ու ոչխարների դիակներ էին հայտնաբերվում. ինչ-որ մեկը սուր գործիքով ծակում էր կենդանիները որովայնը ու թողնում, որ արյունահոսեն: Շուտով ոստիկանությունն անանուն նամակներ է սկսում ստանալ իբր ինչ-որ բանդայի անդամից: Դրանցում ասվում էր, թե աշնանը կենդանիներին հանգիստ կթողնեն և կզբաղվեն արդեն փոքրիկ աղջիկներով: Նամակներից կարելի էր ենթադրել, որ բանդայի անդամ է տեղի փոխերեցի որդին՝ Ջորջ Էդալջին, և նա էլ, բնականաբար, դառնում է գլխավոր կասկածյալը:

Էդալջին քրիստոնեություն ընդունած պարսիկի որդի էր: Հարևաններն Էդալջիներին այնքան էլ չէին վստահում ու թշնամաբար էին տրամադրված. ընտանիքը սպառնալիքներով նամակներ էր ստանում, նրանց բակը կեղտոտում էին աղբով ու արտաթորանքով, կոտրում էին պատուհանների ապակիները, պատերին վիրավորական գրառումներ անում, նրանց անունից անպարկեշտ ուղերձներ ու բացիկներ տարածում:

Չնայած հալածանքներին՝ Ջորջ Էդալջին հաջողությամբ ավարտել էր դպրոցը, համալսարանը և հաջողակ իրավաբան դարձել, և հենց նրան տեղաբնակներն ու ոստիկանությունը մեղադրում են զրադաշտական ծեսով կենդանիներ սպանելու մեջ:

Օգոստոսի 18-ին Ջորջ Էդալջիին ձերբակալում են, և 2 ամիս անց նա դատապարտվում է 7 տարվա տաժանակիր աշխատանքների: Մեղադրական ապացույցների հիմքում այն էր, որ նրա կոշիկները կեղտոտված էին հողով, դաշտում հայտնաբերված ոտնահետքը  համապատասխանում էր նրա ոտքի չափին, իսկ նրա բաճկոնին սպանված պոնիի մորթու բրդից  աղվամազեր էին հայտնաբերվել: Դատական գործը բավական մեծ արձագանք է գտնում, ի պաշտպանություն Էդալջիի` խնդրագիր է կազմվում, որը ստորագրում է 10 հազար մարդ, և 1906 թվականին նրան վաղաժամկետ ազատ են արձակում, թեև մեղադրանքը չի հանվում: Էդալջին ստիպված վերադառնում է իր գյուղն ու ապրում ոստիկանների հսկողության տակ՝ չունենալով իրավաբական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Նա հուսահատ նամակ է գրում Կոնան Դոյլին, որը, գործը նմանեցնելով Դրեյֆուսի գործին, սեփական հետաքննությունն է սկսում:

Նախ՝ պարզում է, որ կոշիկներին կպած հողը սև է, մինչդեռ գյուղի հողերը կավային են՝ շեկ: Երկրորդ՝ որ Էդալջիի բաճկոնը փորձաքննության է տարվել սպանված պոնիի մորթու հետ նույն տոպրակում, այդտեղից էլ՝ բաճկոնի վրայի աղվամազը: Երրորդ՝ որ ոչ ոք դաշտի ոտնահետքի ծեփապատճենը չէր արել, դատարանը պարզապես հավատացել էր ոստիկանի խոսքին: Բացի դրանցից` քանի որ Կոնան Դոյլը պրոֆեսիոնալ բժիշկ էր, Էդալջիիի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ հասկացել էր, որ նա ուժեղ աստիգմատիզմ ունի և կարճատես է. այդպիսի տեսողությամբ ոչ միայն հնարավոր չէ գիշերը դաշտում կենդանի գտնել, նույնիսկ՝ այդ դաշտը հասնել:

Իր հետաքննության տվյալները Կոնան Դոյլը հրապարակում է The Daily Telegraph-ում՝ պահանջելով գործի վերանայում: Նրան օժանդակում են իրավաբաններ, սակայն վերաքննիչ քրեական դատարան Անգլիայում չկար. Էդալջիին արդարացնելու միակ տարբերակն իրական հանցագործին գտնելն էր, և գրողն այդ խնդիրն էլփայլուն կերպով է լուծում: Բանն այն է, որ հետաքննության ընթացքում նրան հեղեղել էին անանուն նամակներով՝  որովայնը կտրելու սպառնալիքով, եթե չթողնի Էդալջիիի գործը: Համեմատելով 1903-ի և իր հասցեին ուղարկված անանուն նամակները` Կոնան Դոյլը հասկանում է, որ դրանք նույն մարդն է գրել, իսկ որոշ մանրամասներ ցույց էին տալիս, որ գրողը Գրեյթ-Վիրլիի բնակիչներից է, որին խուլիգանության համար հեռացրել էին դպրոցից, և նա մսագործի մոտ աշխատանքի էր անցել` որպես ենթավարպետ, հետո անասուններ տեղափոխող նավի նավազ էր: Իր փաստարկները Կոնան Դոյլն ուղարկում է հանձնաժողովին, որը կազմվել էր գործի վերանայման համար: Ջորջ Էդալջիին արդարացնում են և վերականգնում նրա իրավաբանական հավաստագիրը: Իսկ այդ և Ադոլֆ Բեկի գործի (անփույթ անցկացված  առերեսման պատճառով 7 տարի ազատազրկվել էր) ազդեցության տակ Անգլիայում 1907 թվականից սկսում է գործել վերաքննիչ քրեական դատարանը:

Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի

Թարգմանությունը` yerkir.am-ի