կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-03 17:35
Մշակույթ

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 4` թե ինչպես Կոնան Դոյլն ընդհանուր լեզու չգտավ սուֆրաժիստուհիների հետ, սակայն պաշտպանեց կանանց՝ ամուսնալուծվելու իրավունքը

Շերլոք Հոլմսից ազատ ժամանակ. մաս 4` թե ինչպես Կոնան Դոյլն ընդհանուր լեզու չգտավ սուֆրաժիստուհիների հետ, սակայն պաշտպանեց կանանց՝ ամուսնալուծվելու իրավունքը

1892-ին Կոնան Դոյլը գրում է «Քաղաքի արվարձանում» վիպակն այն մասին, թե ինչպես անգլիական արվարձանի խաղաղ կյանքը խախտվում է ֆեմինիստուհու գալով, որը տեղի բնակչությանը քարոզում է պայքարել կանանց՝ ձայնի իրավունքի համար, իսկ հետո մեկնում է ԱՄՆ՝ պայքարը շարունակելու: Վիպակի հերոսներից մեկը դժգոհում է, թե կանանց շարժումը միասնական չէ, եթե կանայք միավորվեն, նրանց համատեղ ձայնը կխլացնի ամբողջ աշխարհի ձայնը: Համարվում է, որ դա հենց գրողի կարծիքն է:

Սակայն երբ կանայք վերջապես միավորվում են, նա նոր շարժումը ոգևորությամբ չի ընդունում: Գրողը քննադատում է նրանց պայքարի մեթոդները՝ ընդօրինակված իռլանդական ազատագրական շարժումից՝ ջարդեր, հրդեհումներ, տարերային ցույցեր, որոնք, նրա կարծիքով, քաոս էին ստեղծում: Սուֆրաժիստուհիներն էլ քիմիական թթու են լցնում նրա փոստարկղը, տապալում ելույթները: Կոնան Դոյլը չի ընդունում նաև նրանց հիմնական պահանջը՝ ընտրություններում ձայնի իրավունք ստանալը: Գրողի կարծիքով՝ դրա ժամանակը չէր եկել. եթե կինը չի կարող վերջ տալ անհաջող ամուսնությանը, նաև` ընտանեկան բռնության՝ գոյություն ունեցող մասշտաբների պայմաններում, ամուսնու և կնոջ միջև ծագած հավանական քաղաքական վեճերը կարող են ողբերգության հանգեցնել:

Անգլիական օրենքներով՝ ամուսնալուծության իրավունք ուներ միայն տղամարդը, բավական էր կնոջ անհավատարմության մասին հայտարարություն անել, իսկ կինը նույն պարագայում պետք է անցներ ստորացուցիչ ընթացակարգով և ապացուցեր, որ ամուսինը ոչ միայն դավաճանում է, այլ նաև՝ դաժանորեն վերաբերվում իրեն: Կնոջ՝ ընտանեկան կարգավիճակը լուծելու իրավունքը Կոնան Դոյլը կենսականորեն ավելի կարևոր էր համարում, քան նրա՝ ձայնի իրավունքը:

1909-ին նա գլխավորում է Ամուսնալուծության գործընթացների բարեփոխման միությունը, որի օրակարգում այդ գործընթացում սեռերի հավասարության ապահովման հարցն էր: Բացի դավաճանությունից, Կոնան Դոյլն առաջարկում է ևս 3 համոզիչ պատճառ՝ ամուսնու հարբեցողությունն ու հոգեկան անհավասարակշռությունը, նրա երկարատև բացակայությունը և ընտանեկան բռնությունը: Ի դեպ, նրա՝ ամուսնալուծությանը վերաբերող հայացքներն ավելի ազատական էին՝ ամուսնալուծվելկարելի է, եթե ամուսիններն արդեն միմյանց չեն սիրում, սակայն քաղաքական նպատակներով հարում է ավելի պահպանողական օրակարգին:

Ամուսնալուծության օրենքի բարեփոխման համար պայքարը Կոնան Դոյլը սկսում է բրոշյուրով, որում ներկայացվնում է հիմնական պահանջները, և մի քանի ելույթներով, և սկսվում է կատաղի բանավեճը. պահպանողականներն ու հոգևորականությունը նրան մեղադրում են բարոյական նորմերի խախտման ու հակակլերիկալիզմի մեջ, իսկ սուֆրաժիստուհիները՝ կանանց հանդեպ ատելության, նրանց իրավունքները արհամարհելու:

Այս դիմակայությունը տևում է մինչև 1923 թվականը, երբ Անգլիայում ամուսնալուծությունների ժամանակ սեռերի իրավունքները վերջապես հավասարվում են: 5 տարի անց էլ կանայք ընտրություններում ձայնի իրավունք են ստանում: Գրողի առաջարկած՝ ամուսնալուծության համար լրացուցիչ պատճառներն անգլիական օրենսդրության մեջ ընդգրկվում են արդեն նրա մահից հետո՝ 1937-ին:

Ըստ «Կոմերսանտ Ուիկենդ»-ի

Թարգմանությունը` yerkir.am-ի