Հայ ընթերցողների սեղանին կդրվի «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն: Դեկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկու Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործություններն ամփոփող վեցհատորյակի շնորհանդեսը: «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուն հայ ընթերցողին են ներկայացնում «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:
Նշենք, որ Հոլմսի մասին բոլոր գործերն առաջին անգամ բնագրից հայերեն են թարգմանել վեց թարգմանիչներ՝ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:
Շերլոք Հոլմսն ի հայտ է գալիս Արթուր Քոնան Դոյլի 56 պատմվածքում ու 4 վեպում: Հիմնականում պատմությունը պատմվում է Հոլմսի լավագույն ընկերոջ` բժիշկ Ուոթսոնի անունից:
Քոնան Դոյլը ժամանակին համարում էր Հոլմսի մասին պատմվածքները «թեթև գործեր» և չէր կիսում ընթերցողների հիացմունքը։ Ավելին՝ նրան դուր չէր գալիս այն, որ ընթերցողները գերադասում են Հոլմսի մասին ստեղծագործությունները գրողի մյուս բոլոր գործերին, այն ժամանակ, երբ Քոնան Դոյլն իրեն համարում էր ի սկզբանե պատմական վեպի հեղինակ։ Վերջ ի վերջո, սըր Արթուր Քոնան Դոյլը որոշում է ավարտել խուզարկուի պատմությունը՝ վերացնելով աշխարհահռչակ գրական կերպարին պրոֆեսոր Մորիարտիի հետ պաքարում` Ռեյխենբախի ջրվեժի մոտ: Սակայն հետո վրդովված ընթերցողների նամակների շարանը, որոնց թվում էին արքայայկան ընտանիքի անդամները (ըստ լեգենդի՝ ինքը՝ Վիկտորյա թագուհին), ստիպեցին գրողին «վերակենդանացնել» հայտնի խուզարկուին և շարունակել նրա արկածների պատմությունը։
Խորհրդային շրջանում միջնորդ լեզվի՝ ռուսերենի օգնությամբ, թարգմանվել և հայ ընթերցողին են ներկայացվել Հոլմսի մասին պատմող մի քանի պատմվածքներ: Նոր հավաքածուն աննախադեպ է նախ այն առումով, որ վեց գրքերը թարգմանվել են միանգամից բնագրից: Մյուս կողմից՝ այն ներառում է Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը՝ առանց բացառությունների: