կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 17:46
Առանց Կատեգորիա

Դիտորդները եկել են, որ ի՞նչ անեն...

Դիտորդները եկել են, որ ի՞նչ անեն...

2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ` փետրվարի 18-ին սպասվող նախագահական ընտրություններին ավելի քիչ թվով միջազգային դիտորդներ են հետևելու: Եթե ԱԺ ընտրություններին հավատարմագրվել էր, ընդհանուր առմամբ, 647 դիտորդ, ապա այս ընտրություններին` թվով 632:

 

Մի կողմից` այս տարբերությունը թվում է բանական, եթե նկատի ունենանք, որ ԱԺ-ի պարագայում գործ ունենք 41 մեծամասական ընտրատարածքների միաժամանակյա հսկման անհրաժեշտության հետ, մինչդեռ նախագահական ընտրություններում նման խնդիր, կարծես, չկա: Սակայն, մյուս կողմից, այս փաստը բացարձակապես չի համապատասխանում փետրվարյան ընտրություններից սպասվող այն ակնկալիքներին, դրանք ժողովրդավարության չափանիշներով անցկացնելու մասին այն հայտարարություններին, որոնք հնչում էին ԵՄ-ից, ԵԽ-ից և ԵԱՀԿ-ից:

 

Առավել հետաքրքրականը, սակայն, դիտորդական առաքելությունների ընդհանուր պատկերում առկա կառուցվածքային ակնհայտ շեղումներն են, որոնք շատ ավելի խոսուն են: Այն դեպքում, երբ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և դիտորդական առաքելության խմբերում ընդգրկված դիտորդների թիվը, խորհրդարանական ընտրությունների համեմատ, աճել է ուղիղ 20-ով` 173-ի փոխարեն` 193,  ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ դիտորդների թիվը, նախորդ` ԱԺ ընտրությունների համեմատ,  պակաս է 34-ով: Այսինքն` տեղի է ունենում մի շատ հետաքրքիր երևույթ` ԱՊՀ-ի շրջանակներում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, մինչդեռ եվրոպական կառույցների պարագայում` ընդհակառակը, նվազում է: Եվ դա այն դեպքում, երբ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու առավել կոշտ պահանջները ներկայացնում էրոչ թե ԱՊՀ-ն, այլ հենց արևմտյան հետաքրքրությունները ներկայացնող կառույցները և երկրները:

 

Չի բացառվում, որ այս «տարօրինակությունների» հիմնական պատճառը հենց ընտրությունների կանխորոշվածությունն է և դրանում եվրոպական կառույցների ոչ միայն համոզվածությունը, այլև առավել քան շահագրգռությունը: Պարզ է, որ եթե առկա իրավիճակը նրանց չբավարարեր, ապա, Հայաստանում դիտորդների հսկայական դեսանտ իջեցնելով, կփորձեին գոնե հնարավորինս վերահսկելի դարձնել ընտրությունների ընթացքը և կաշկանդել իշխանություններին` ընտրությունների ցանկալի արդյունքները նկարելու հարցում:

 

Արևմուտքը, փաստացի այսպիսի հանգստություն դրսևորելով, մի կողմից ցույց է տալիս, որ առկա իրավիճակը բավարարում է իրեն, իսկ մյուս կողմից` նաև հուշում, որ նրանք արդեն մոտավորապես գիտեն, թե ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցներում կամ եզրակացություններում ինչի մասին են գրելու: Թեև գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ինքնին ընտրությունների` անմրցակցային լինելու իրողությանն այնտեղ անպայման անդրադարձ կլինի, քանի որ իմիտացիոն ժողովրդավարական ընտրությունների, համատարած «ադաբրյամսի» պարագայում դա, Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ միասին, լինելու է այն հիմնական կռվանը, որոնցից փորձելու են կառչել դիտորդները` հետագայում իշխանությունների վրա ազդելու գոնե որոշակի տեղ ունենալու համար:

 

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի կողմից ցուցաբերվող հետաքրքրության աճին, ապա այստեղ կարող է դեր խաղալ բոլորովին այլ գործոն: Խոսքը վերաբերում է նրանց համար այն հանելուկի լուծմանը, թե ինչպես է խորամանկ հայերին, ավելի ճիշտ գրեթե բոլոր ուղղություններով ձախողված ու հանրային վստահությունից զրկված իշխանություններին հաջողվում արտաքուստ գրեթե իդեալական մակարդակի անցնող ընտրարշավի և քվեարկության միջոցով մաթեմատիկական ճշգրտությամբ ստանալ քվեների ցանկալի արդյունք և միաժամանակ զերծ մնալ լուրջ քննադատություններից: Այս իմաստով նրանք Հայաստանից «սովորելու» շատ բան ունեն, որովհետև այս անտեսանելի տեխնոլոգիաներով ընտրությունների կանխորոշված ելքի ապահովման ենթակառուցվածքային մեխանիզմները Հայաստանում արդեն ինստիտուցիոնալ համակարգվածության մակարդակի է հասնում:

 

Ըստ էության` Հայաստանում ոչ մի համակարգ այնքան անշեղորեն ու մեծ թափով չի զարգանում ու կայանում, որքան, այսպես կոչված, «լեգալ» ընտրախախտումների այս ողջ ենթակառուցվածքային բազան: Ընտրությունների նկատմամբ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետաքրքրությունների միջև այս շեղումները, սակայն, երկու հանգամանք են ի հայտ բերում: Նախ` միջազգային դիտորդների գնահատականներին, ինչպիսիք էլ դրանք լինեն, չի կարելի լուրջ վերաբերվել, դրանց վրա պլանավորել կամ իրականացնել քաղաքական, հասարակական ինչ-ինչ պրոցեսներ: Դրանք ավելի շատ մանիպուլյացիոն խնդիրներ են լուծում, քան տալիս են իրավիճակի օբյեկտիվ պատկեր: Հակառակ դեպքում` այս ընտրությունների լեգիտիմությունն արդեն իսկ նրանք պետք է առնվազն կասկածելի համարեին միայն այն պատճառով, որ վերացված չեն նախորդ ընտրությունների վերաբերյալ դիտորդական խմբերի զեկույցներում նշված թերությունների մեծ և ամենակարևոր մասերը:

 

Երկրորդ հանգամանքն այն է, որ դիտարկումների, մոնիտորինգի համար կիրառվող գործիքները, որոնք բնական այլ միջավայրերում լրիվ արդարացնում են իրենց, հայաստանյան իրականության, քաղաքական ու ընտրական մշակույթի մեջ բացարձակապես անպետք բաներ են: Դրանցով հնարավոր չէ որոշել` որքանով են ընտրություններն անցել ժողովրդավարական ընթացակարգերով իշխանություն ձևավորելու` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, երկրի Սահմանադրությանը և պարզապես առողջ բանականությանը համապատասխան: Դրա համար նրանք պետք է ոչ թե կողքից բուն ընտրարշավը դիտարկեն, հետո էլ ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին ակնդետ հետևեն, այլ կցվեն,  օրինակ, ընտրությունների ժամանակ գործադիր իշխանության վերածվող` իշխանության թեկնածուի նախընտրական բոլոր շտաբներին, հանրապետության բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, պետական կազմակերպություններին, համատիրություններին, խոշոր խանութներին ու սուպերմարկետներին, բանակային զորամասերին, հատկապես` ոստիկանության անձնագրային վարչությանը, որպեսզի գոնե մոտավոր պատկերացում կազմեն, թե որտեղ ու ինչ մեխանիզմներով են կազմակերպվում իրական «ժողովրդավարական» ընտրությունները Հայաստանում: Մի բան, որ գոնե այս պահին թվում է անհնարին:

 

Այս իրողության առայժմ անհաղթահարելիությունն արդեն ըմբռնել են ընտրություններն այս կամ այն կերպ բոյկոտած քաղաքական ուժերը, դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող տեղական հասարակական կազմակերպությունները, վերջին հաշվով` սովորական ընտրողը: Մնում է դա յուրացնեն կամ խոստովանեն, որ յուրացրել են նաև միջազգային կազմակերպությունները:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ