Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում սահմանամերձ համայնքներում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը կասեցնելու վերաբերյալ։ Այս տարվա կեսից արդեն ծրագրում նոր շահառուներ չեն ընդգրկվում, քանի որ բյուջեով նախատեսված միջոցները սպառվել են։
Մասնավորապես, սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական հող կամ կիսակառույց շինություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն կառուցելու տուն՝ մինչև 16 միլիոն դրամի չափով հիփոթեքային վարկավորմամբ։ Ընդ որում՝ պետությունը ամբողջությամբ փոխհատուցում է ծրագրի մասնակիցների վարկի մայր գումարի և տոկոսների ամսական վճարումները։
Քաղաքացիների բարձրացրած խնդիրների ուսումնասիրության և պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում հանգել եմ առարկայական հետևյալ եզրահանգումներին։
Նախ՝ ծրագրի իրականացման կարգում իրացված չի շահառուների հասցեականության ապահովման մեխանիզմը։ Մինչև այս պահը նախատեսված չեն աջակցության հիմնական նպատակից բխող՝ շահառուների ներգրավման օբյեկտիվ առաջնահերթությունները։ Հիմնականում այս պատճառներով է, որ ծրագրի առաջնային բազմաթիվ շահառուներ չեն կարողանում ստանալ պետական աջակցությունը՝ այս տարի ծրագրին հատկացված պետական միջոցները սպառված լինելու պատճառով։ Ընդ որում՝ դեռևս այս տարվա սկզբին կառավարությունը երկարացրեց ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 2025 թվականի ավարտը։
Կառավարության ղեկավարն արձանագրում էր, որ այս որոշման իմաստը ծրագիրը ևս մեկ տարով շարունակելն է՝ համոզված լինելով շահառուների թիվը բազմապատկել և հասցնել հազարների։
Իրար հերթ չտալով ոլորտի պատասխանատուներն էլ մի կողմից գովում էին ստացված արդյունքները, իսկ մյուս կողմից՝ ներկայացնում էին առկա խնդիրները։
Սակայն իրականում սա էլ է դառնում հերթական, չիրականացված բարձրագոչ խոստումը։ Տարվա սկզբին էր արդեն պարզ՝ նախատեսվածից անհամեմատ մեծ է ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրած շահառուների թիվը։ Տարին ավարտվում է, ծրագրի փողն ամիսներ առաջ է սպառվել, ծրագիրը փաստացի անորոշ ժամկետով կասեցված է, հասցեականության խնդիրները լուծված չեն, առաջնային շահառուները չեն կարողանում ստանալ իրականում անհրաժեշտ պետական աջակցությունը, իսկ ծախսված պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ։
Բերեմ կոնկրետ օրինակներից մեկը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Խոտ գյուղի բնակչին ամիսներ առաջ այս հիմնավորմամբ մերժել են աջակցության տրամադրումը։ Քաղաքացին իր ծննդավայր գյուղում ունի տնամերձ հողատարածք, նախկին զինծառայող է, ներկայումս չի աշխատում՝ առողջական խնդիրներից ելնելով, ունի անչափահաս երկու երեխաներ, իսկ ընտանիքը սոցիալապես անապահով է և բնակվում են վարձով»։