կարևոր
829 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 19:50
Քաղաքական

Հայաստան-Թուրքիա այդ ապուշ սիրաբանությունը վերջում վտանգ է բերելու Հայաստանին և հայ ժողովրդին. Հրաչ Վարժապետյան

Հայաստան-Թուրքիա այդ ապուշ սիրաբանությունը վերջում վտանգ է բերելու Հայաստանին և հայ ժողովրդին. Հրաչ Վարժապետյան

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։

«Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ, շրջանային առաջնության շրջանակներում հայ համայնքի ներկայացուցիչներից բաղկացած «Homenetmen Valence» -ն հերթական հանդիպումն է անցկացրել տեղի թուրքական համայնքը ներկայացնող «FC Turquoise»-ի հետ:

Առաջին խաղակեսից հետո, երբ «Homenetmen Valence»-ն հաղթում էր 2:0 հաշվով, թուրք երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա, նաև՝ հայ երկրպագուների:

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան Քրիստոֆեր Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում միջադեպը որակել է հարձակում` ռասայական հողի վրա:

168.am-ը ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ զրուցել է այս միջադեպի, դրա հիմքում ընկած հայատյացության և այլ կարևոր հարցերի մասին:

– Հայկական կողմից 2-3 վիրավոր կար, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հասել է, միջամտել, ձերբակալություններ են եղել թուրքական շրջանակներից: Այդ պահին գետնի վրա միջադեպը «հանդարտվեց»: Ինչո՞ւ եմ ասում՝ չակերտավոր հանդարտվեց, որովհետև հայերի և թուրքերի միջև խնդիրը, խժդժությունը, հատկապես՝ Ֆրանսիայի հարավային և կենտրոնական հատվածներում, պատմություն և անցյալ ունի բավականին: Մասնավորապես, կհիշեք, որ 2020 թվականին Լիոնի արվարձանում՝ Դեսինում, թուրքերը հարձակվել էին հայ անհատների, Ցեղասպանության հուշարձանի վրա, ճանապարհ էին փակել, բահերով, բրիչներով հարձակվել էին, և այլն: Եվ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը դիմեց դատական իշխանություններին, որպեսզի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելվի Ֆրանսիայի տարածքում, որովհետև այս ամենի ետևում իրենք են կանգնած բացահայտորեն. թե՛ մարզիկները, թե՛ թուրք քաղաքական և հասարակական գործիչները միշտ էլ «Գորշ գայլեր»-ի հանրածանոթ նշանն են ցույց տալիս ամեն անգամ, երբ հայերի կամ ոչ հայերի հետ խնդիր են ունենում որևէ տեղ:

Ֆրանսիական իշխանություններն արգելեցին «Գորշ գայլերի» գործունեությունը, ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հաջողեց, և դատը շահեցինք, բայց տեսնում ենք, որ հիմա դարձյալ նույն «Գորշ գայլերն» են, նրանց նշանն են ցույց տալիս, այսինքն՝ նրանց գործողությունները շարունակվում են: Անմիջապես Վալանսի «Հոմենընդմեն»-ը և հայ համայնքը դատ է բացել օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով, փաստաբանների միջոցով հետևելու ենք այս պրոցեսին: Սա, այսպես ասած, մարզական բաժինն է, բայց որի խորքը քաղաքական է, ինչպես նշեցի, ունի իր պատմությունն ու անցյալը:

Եվ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ Վալանսի տեղի մարմինը, կոմիտեն և ամբողջ համայնքը պիտի աշխատեն, որ այս հարցը մնա քաղաքական օրակարգում, այն հասցնեն բարձրագույն մակարդակի և փորձենք մեկընդմիշտ վերջ դնել Ֆրանսիայի տարածքում հայերի նկատմամբ թուրքական ասպատակությանը:

Վերջին միջադեպին, իհարկե, ֆրանսիական մամուլը բավական արձագանքեց, ֆրանսիական քաղաքական և հասարակական շրջանակներից զորակցություն կա հայ համայնքին, դատապարտում կա թուրքական այս ակտերի, բայց մեզ համար խոսքերը բավարար չեն, մենք գործնական քայլեր ենք ցանկանում տեսնել թուրքական «Գորշ գայլեր»-ի դեմ և Ֆրանսիայի տարածքում ծայրահեղական համայնքային պատասխանատուների նկատմամբ:

Այս հարցը շարունակելու ենք դատական ճանապարհներով, իսկ գետնի վրա մեր տղաներն արթուն են, աչալուրջ, մենք վստահում ենք Ֆրանսիայի իշխանություններին և ոստիկանությանը, բայցև մենք մեզ ենք վստահում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայի տարածքում ունենք ինքնապաշտպանվելու բոլոր կարողությունները թուրքական այս խժդժություններից:

– Ֆրանսիայի նոր կառավարություն ձևավորվեց, և միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի իմփիչմենթի հետ կապված հարցեր եղան: Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ կարող են լինել:

– Ձևավորվեց, ըստ էության, աջակողմյան կառավարություն, թեև ձախակողմյան միավորված ուժերը հաղթել էին խորհրդարանական ընտրություններում: Քանի որ բացարձակ մեծամասնություն չունեին, նախագահ Մակրոնը կարողացավ իր «քաղաքական խաղերը խաղալ» և փորձեց ու հաջողեց՝ միավորված ձախերին չտալ կառավարության կազմությունը, ինչը, անշուշտ, զայրացրեց այդ շրջանակին, ավելին, մեդիայի և քաղաքական շրջանակների համար տեղի ունեցածը ժողովրդավարության խախտում էր Մակրոնի կողմից:

Այո, այսօր կա Մակրոնի իմփիչմենթի պահանջ ձախակողմյան միավորման կողմից, բայց, կարծում եմ, որ այն չի հաջողվի՝ ո՛չ խորհրդարանում, ո՛չ փողոցում, որովհետև նախագահի իմփիչմենթը շատ դժվար գործընթաց է Ֆրանսիայում, սահմանադրական դժվար գործընթաց է: Եվ մանավանդ, որ կազմվեց նոր կառավարություն, դա իրատեսական չէ, եթե անգամ շարունակի ձախակողմյան միավորումը պահանջել այդ իմփիչմենթը: Կարծում եմ, դա տեղի չի ունենա, այսպես կշարունակվի, այլ հարց է, որ կառավարությունը դժվարություն կունենա խորհրդարանում, և առաջիկա օրերը ցույց կտան՝ ինչպես կարող է նա առաջ շարժվել այս ծանր պայմաններում: Իրավիճակը բավականին ծանր է, պետք է սպասել կառավարության քայլերին, որովհետև խոսակցություններ կան, որ դժգոհությունները կարող են փողոց տեղափոխվել, ցույցեր, ցուցարարներ:

Առաջիկա օրերը ցույց կտան: Մի բան հստակ է՝ Ֆրանսիայի ներքին միասնական վիճակը փոխվել է, միասնականությունը խախտված է, կան տարբեր խմբավորումներ և շերտավորումներ:

Ուստի այս նոր կառավարության հիմնական խնդիրը պիտի լինի երկիրը կայուն վիճակում պահելը:

Ներքին գործերի նախարարը բավականին պահպանողական է, հիմա տեսնենք, թե քաղաքական իր այդ կարծր կեցվածքը, ինչը տեսանելի է ելեույթներից, գործնականում կամ գետնի վրա կկարողանա՞ կիրառել, քանի որ դատական իշխանության հետ համակարգման և արդարադատության նախարարության հետ համագործակցության խնդիր, հատկապես, երբ Ներքին գործերի նախարարն աջակողմյան է, արդարադատության նախարարը՝ ձախակողմյան, և նրանց թեզերի միջև չկա հաշտություն, այսպես ասած, ինչը կարող է պատճառ դառնա, որ Ներքին գործերի նախարարը միակողմանի, իր ուզած ձևով այդ կարծր քաղաքականությունը չկարողանա գործադրել: Այս բոլորը ենթադրություններ են, տեսություններ՝ քաղված նաև ֆրանսիական մեդիայից: Բայց, կրկնում եմ, առաջիկա օրերը պարզություն կմտցնեն այս իրավիճակում, մի բան հստակ է՝ ներքին լուրջ մարտահրավերներ կան:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այն կմնա նույնը, եթե նույնիսկ այս ներքին վիճակը կարողանա Մակրոնին «թուլացնել, տկարացնել» իր դաշնակիցների մոտ, արտաքին աշխարհում: Ներքին այս անկայուն, ոչ միասնական Ֆրանսիայի պատկերը կարող է որոշակի բիծ առաջացնել Մակրոնի արտաքին քաղաքականության մեջ, նրա արտաքին հարաբերություններում իր դաշնակիցների հետ, բայց արտաքին քաղաքականությունը չի փոխվի: Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ կա Միջին Արևելքի հարցը, որում Ֆրանսիան բավական ներգրավված է Լիբանանի և Իսրայելի միջև առկա խնդիրներով, Ուկրաինայի խնդրի մեջ է բավական ներքաշված, Աֆրիկայի մեջ, Նոր Կալեդոնիայի խնդիրները: Այսինքն, նաև արտաքին քաղաքականության մեջ Ֆրանսիան բավական բարդ և դժվար օրեր է ապրում, և այս ամենը ղեկավարելը, սրանից դուրս գալը նախագահ Մակրոնի համար շատ դժվար է լինելու:

– Ի՞նչ սպասել հայ-ֆրանսիական հարաբերություններում, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության համատեքստում:

– Պետք է ասեմ, որ կառավարության փոփոխությամբ, կամ ներքին այս վայրիվերումների ֆոնին Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի նաև այս առումով, և հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակվեն լավ ընթացքով: Մի առիթով ասել եմ, որ բոլոր իշխանությունների ժամանակ 30 տարի Ֆրանսիան լավ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, որն այսօր շարունակվում է, ավելին, հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն դարավոր պատմական նշանակություն: Այս ծիրի մեջ ռազմական համագործակցությունը ևս կշարունակվի, կարծում եմ, ավելի կսերտանան պաշտպանական հարաբերությունները, իհարկե, այստեղ Ֆրանսիա-Ռուսաստան, տարածաշրջանային հարցերը, Ֆրանսիա-Ադրբեջան վատ հարաբերությունները հաշվի առնելով, երբ Նոր Կալեդոնիայի իրադարձությունների համատեքստում և այլուր Ադրբեջանը փորձում է սեպ խրել ֆրանսիական անիվի մեջ: Բայց միշտ պետք է նկատի ունենալ, որ ռազմական այդ հարաբերությունները միջազգային հասկացողությամբ հսկայական տարողություն չունեն, թեպետ Հայաստանի թուլացված վիճակում դրանք նշանակություն ունեն, ընդ որում, գիտակցված թուլացված վիճակում, գիտեք՝ ինչ նկատի ունեմ: Եվ այդ ռազմական օժանդակությունը կօգնի Հայաստանի մեջքը փոքր-ինչ շտկելու, բայց բավական ճանապարհ կա այս առումով անցնելու:

– Հայաստան-Թուրքիա մերձեցումը կամ դրա փորձերն ամեն դեպքում Ֆրանսիայի պլաններում ինչ-որ բան կարո՞ղ են փոխել:

– Չեմ կարծում: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մեզ համար շատ անհասկանալի, միակողմանի զիջման, պարտվողական քաղաքականությունից բխող հարաբերություններ են, և այդ ապուշ սիրաբանությունը վերջում վտանգ է բերելու Հայաստանին և հայ ժողովրդին: Այն ոչ մի շահ չի տալու, դա ՔՊ-ի և փաշինյանական տխմար քաղաքականության հասկացողությունն է, թե խաղաղության պայմանագիրը… Բայց հայ-թուրքական, այսպես ասած, բարեկամական հարաբերությունների այս մագլցումը, չեմ կարծում, որ ազդի Ֆրանսիայի վրա, քանի որ Արևմուտքը նման բաները ողջունում է, որ պետք է երկխոսեն, սա արևմտյան քաղաքականություն է: Այլ հարց է, որ իրենց վրայից պատասխանատվությունը մի կողմ են դնելու՝ ասելով, որ երկու երկրներն արդեն խոսում են, հարաբերությունների մեջ են, թող դրանք շարունակվեն: Սա արևմտյան թեզ է, որ իրենց պատասխանատվությունից փախնեն:

– Իսկ ինչո՞ւ Մակրոնը չեկավ Հայաստան, տեղեկություններ կային, որ սեպտեմբերի 21-ին պիտի գար, գուցե տեղեկությունը ճիշտ չէր…

– Այո, մամուլում կային նման տեղեկություններ, բայց հատկապես հայաստանյան շրջանակների և հայկական մամուլի կողմից էր դա արվում, ֆրանսիական շրջանակներում այդ մասին չէր խոսվում, Նախագահի պաշտոնական կայքում, որտեղ նախապես տեղեկացվում է այցելությունների մասին, չկար այդ մասին հայտարարություն: Ըստ այդմ՝ կարծում եմ, որ պաշտոնական և լուրջ հրավերի խնդիր չի եղել: Եվ Մակրոնի՝ Հայաստան այցի հարցն առավելաբար հայաստանյան մեդիա դաշտի և ՔՊ-ական շրջանակների պրոպագանդան էր, որն ի դերև եղավ, որովհետև հիմք չուներ: Եթե նման բան լիներ, վստահ եղեք, նախապես նաև հայ համայնքը տեղեկացված կլիներ և պատվիրակությանն ընկերակցելու հրավեր ստացած կլիներ, ինչը չկար: Նման բաները վերջին պահին չեն որոշվում, հետևաբար՝ այցելության մասին այդ «լոլոն» աբսուրդ էր, որը կարդացին ՔՊ-ական շրջանակները՝ իրենց մեդիաներով և մունետիկներով:

Աղբյուրը՝ 168.am