կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 16:40
Աշխարհ

Բեյրութը սեւ ծխի ամպերի մեջ Իսրայելի երրորդ փորձը՝ ջախջախել «Հըզբոլլահին»

Բեյրութը սեւ ծխի ամպերի մեջ Իսրայելի երրորդ փորձը՝ ջախջախել «Հըզբոլլահին»

Մերձավոր Արեւելքը շատ սարսափելի իրադարձություններ է հիշում, բայց նման մղձավանջ, կարծես, դեռ չի զգացել։ Իսրայելի բանակի եւ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջեւ վաղուց սպասված պատերազմը, որն արդեն կոչվում է երրորդ լիբանանյան, այնպիսի կատաղի ուժով բռնկվեց, որ ամբողջ տարածաշրջանը ցնցվեց: Երկու կողմերն էլ կատաղի հրետակոծում են միմյանց տարածքները, սակայն ՑԱԽԱԼ-ի հարվծներն ավելի հզոր են եւ մահացու։ Հերթական սպանդի նախերգանքը դարձավ Իսրայելի աննախադեպ «փեյջերային» հարձակումը, որը մեծ զոհեր տվեց եւ նկատելիորեն սասանեց «Հըզբոլլահի» մարտունակությունը։ Այնուհետեւ Մոսադը սովորկան նենգությամբ եւ դաժանությամբ շարունակեց վերացնել արմատականների ղեկավարներին։ «Հըզբոլլահի» համար ամենամեծ հարվածը կազմակերպության երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլայի մահն էր, որը թաղվել էր իր նստավայրի փլատակների տակ՝ իր սկզբնական թշնամու ավիացիայի մի շարք ծանր հարվածներից հետո: Այս կապակցությամբ բրիտանական The Observer-ը ենթադրել է՝ «այժմ պարզ է՝ Իսրայելն ի վիճակի է ժամանակին հավքել կարեւորագույն հետախուզական տվյալներ «Հըզբոլլահի» սրտից եւ արդյունավետ գործել դրանց հիման վրա»: Թերթը մռայլ կանխատեսում է արել. «շիա խմբավորման նոր գլխավոր քարտուղարի կյանքի տեւողությունը, հավանաբար, կարճ կլինի»:Ի դեպ, Նասրալլան կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է այն բանից հետո, երբ 1992 թ-ի փետրվարին իսրայելական ուղղաթիռները սպասրկել են այն ավտոմեքենան, որում գտնվում էր նրա նախորդը՝ Աբաս Ալ Մուսավին, եւ հրթիռ են արձակել նրա ուղղությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել «Իսրայելի կատարած հերթական քաղաքական սպանությունը» եւ ենթադրել, որ այն անխուսափելիորեն բռնության նոր ալիք կառաջացնի: ԱՄՆ-ն, ընդհակառակը, ողջունել է իսրայելական հարվածը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է՝ «Հըզբոլլահը», որը ղեկավարում է Նասրալլան, պատասխանտու է հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների եւ լիբանանցիների մահվան համար»: Արդյո՞ք Վաշինգտոնը գիտեր Նասրալլայի վերացման գործողության նախապատրաստման մասին։ Այս մասին կարելի է միայն կռահել։ Ասում են՝ Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ, արդեն այն ժամանակ, երբ իսրայելական կործանիչները մահացու բեռով մտել են Լիբանանի օդային տարածք: Այսպիսով, հերթական վարկածն առաջ է քաշվում, որ հրեաներն այնքան են կատաղել, որ հարկ չեն համարում խորհրդակցել իրենց հավատարիմ դաշնակցի հետ։ Բայդենը տեղյակ էր այն բոլոր գաղտնիքներին, որոնք շուտով բացահայտվեցին: Բայց լռեց։ Կամ համաձայնություն է տվել «Հըզբոլլահի «առաջնորդին վերացնելու համար… Գրեթե կասկած չկա, որ այժմ Իսրայելի ղեկավարությունը, որոշելով, որ թշնամին բարոյալքված է, չի դիմանա սպասվող ցամաքային գործողությունը սկսելու գայթակղությանը: Սակայն հապաղում է՝ վախենալով, որ Լիբանանում իրեն սարսափելի «անակնկալներ» են սպասվում։  Իսկ առայժմ շարունակվում են օդային հարվածները Լիբանանի մայրաքաղաքի ուղղությամբ։ Դրանք իրականացվում են աճող ուժով, եւ մի քանի հազար տարի առաջ փյունիկեցիների կողմից հիմնադրված գեղեցիկ, հնագույն Բեյրութը շրջապատված է ավերված շենքերից սեւ ծխի ամպերով: Շիկացած օդը մերթ ընդ մերթ պատռում է շտպօգնության ազդանշանները, վիրավորների ու սգավորների զրնգուն ճիչերը։ Զոհերի եւ խեղումների թիվն աճում է աղետալի արագությամբ։ Բեյրութի վրայով մռնչյունով անցնում են Դավթի աստղով ինքնաթիռները, եւ քաղաքի բնակիչները վախով հետեւում են նրանց պիրուետներին…Թել Ավիվը ծրագրում է «Հըզբոլլահից» մաքրել ողջ Հարավային Լիբանանը՝ Իսրայելի սահմանից մինչեւ Լիտանի գետ։ Սա արմատականների հետ հաշվեհարդար տեսնելու նրա արդեն երրորդ փորձն է։ 1985 թ-ի եւ այնուհետեւ 2006 թ-ի դաժան մարտերը ոչ միայն չհանգեցրին Իսրայելին հաղթանակի, այլեւ ստիպեցին անփառունակ հեռանալ Լիբանանից։ Այս անգամ ՑԱԽԱԼ-ը կփորձի ամեն կերպ հաջողության հասնել։ «Հեզբոլլահի» ջաջախումը կամ շարժմանը լուրջ պարտություն հասցնելը թույլ կտա ստեղծել անվտանգության գոտի եւ իրենց տներ վերադարձնել Լիբանանի հետ սահմանակից շրջանների բնակիչներին, որոնք ստիպված են տարհանվել արմատականների մշտական հրթիռային հարձակումների պատճառով, եւ կբարձրացնի Նեթանյահուի աղետալի ցածր վարկանիշը: Նա, անշուշտ, շտապելու է Լիբանանում գործողությունն ավարտելու հարցում։ Իսրայելը չափազանց վարկաբեկված է Գազայի հատվածում տեղի ունեցած պատերազմով, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում անթիվ զոհերի։ Այժմ իսրայելցիների հարվածներից հետո արյուն է հոսում Լիբանանում։ Սակայն դա չի կանգնեցնում Թել Ավիվին, որը խոստանում է ամեն գնով վերջ տալ «Հըզբոլլահին»։

Բացի այդ, ՑԱԽԱԼ-ին սպասում են բազմաթիվ այլ անավարտ գործեր։ Շարունակվում է հյուծիչ եւ արյունալի պատերազմը Գազայի հատվածում թուլացած, բայց համառ ՀԱՄԱՍ-ի հետ։ Թել Ավիվի համար եւս մեկ ցավոտ խնդիր է Եմենի հուսիտները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հարձակվում հրեական պետության տարածքի վրա եւ սպառնում են ուժեղացնել գրոհը: Իսրայելի ռազմական հզորությունը մեծ է, նրա հետեւում կանգնած է ամերիկյան դաշնակցի ահեղ ստվերը, բայց արդյո՞ք Իսրայելի բանակն ու բնակչությունը բարոյական ուժ կունենան մի քանի ճակատներում կռվելու համար։ Այո, երկիրը սովոր է պատերազմներին, նրա կենսագրությունը հագեցած է դրանցով, բայց հրեական պետությունը դեռ այդքան վտանգավոր թշնամիներ չի ունեցել: Դրանցից ամենամեծը Իրանն է…

Նասրալլայի սպանությունից հետո Իսլամական Հանրապետության առաջնորդները զայրացած ելույթներ ունեցան։ Նա Թեհրանի դրածո էր, նրա հետ համակարգում էր կազմակերպության գործողությունները, եւ նրա մահը վրեժ է պահանջում։ Մասնավորապես, վրդովված խոսքեր է ասել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի դեպ, «Հեզբոլլահի» առաջնորդի հետ տեղի ունեցածից հետո ռահբարն ամեն դեպքում տեղափխվել է անվտանգ վայր։ Բացի այդ, գուցե մտածել է Նեթանյահուի այն խոսքերի շուրջ, թե Մերձավոր Արեւելքում «չկան վայրեր, որտեղ Իսրայելի ձեռքը չի հասնի»։ Արդյո՞ք Իրանը ուժ կկիրառի Իսրայելի նկատմամբ։ Այս առումով որոշակի կասկածներ կան։ Տեղին է հիշել, որ վերջերս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո էլ Թել Ավիվը պատժելու սպառնալիքների պակաս չկար։ Բայց ամեն ինչ դրանցով էլ սահմանափակվեց։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկել Մերձավոր Արեւելք։ Այս մասին հայտնել իսրայելական «Կան-11» հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ Իրանի հարձակումների դեպքում ամերիկացիները կկանխեն նրա հրթիռներն ու անօդաչուները, ինչպես եղել է այս տարվա ապրիլին։

Ի դեպ, այդ զանգվածային արշավանքը չարդարացրեց Իրանի սպասելիքները եւ իրարանցման մեջ չմտցրեց իսրայելցի զինվորականներին եւ նրանց դաշնակիցներին, որոնք հետ մղեցին սպառնալիքը։ Միայն փոքր ավերածություններ են գրանցվել։ Առանց զոհվածների, միայն մի քանի մարդ է վիրավորվել։ Wall Street Journal թերթը նշել է՝ «հաջողությունը Իսրայելի հակաօդային պաշտպանության բարդ համակարգի եւ ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան ու արաբական գործընկերների կողմից ցուցաբերված կարեւոր օգնության համադրման արդյունք է»: Իրանը կասկածում է եւ իզուր չի հապաղում։ Նրա ղեկավարությունը չի ցանկանում բարդ տնտեսական իրավիճակում գտնվող երկիրը ներքաշել մեծ հակամարտության մեջ՝ անկանխատեսելի հետեւանքներով։ Պատերազմի դեպքում Իսրայելին անխուսափելիորեն օգնության կհասնի Ամերիկան։ Իսկ ու՞մ վրա հույս դնի Իսլամական Հանրապետությունը։ Բացի այդ, Իրանում աճում է բարեփոխիչների ազդեցությունը, որոնք Արեւմուտքի հետ փոխգործակցության ուղիներ են փնտրում։ Նրանք, ըստ ադրբեջանական Happin.azի սյունակագիր  Ջավադ Շաբիրի՝ դեմ է բոլոր տեսակի վստահված անձանց վրա հսկայական միջոցների կիրառմանը՝ լինեն դրանք «Հըզբոլլահ», հուսիտներ, թե Իրաքյան շիա զինված խմբավորումներ: Նախ, այդ գումարները կարող էին ավելի մեծ օգուտով ծախսվել Իրանի կարիքների համար։ Երկրորդ՝ իրանական վստահված անձանց ակտիվությունը վնասում է երկրի իմիջին, ինչը բացառում է Արեւմուտքի եւ տարածաշրջանի հարեւանների հետ կապերի հաստատումը։

Սակայն բարեփոխիչների ճանապարհին կանգնած են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խիստ մարդիկ, որոնք չեն թողնի «Հըզբոլլահի» ռազմաքաղաքական ներուժը վերականգնելու փորձերը։ Փորձագետի կանխատեսմամբ՝ «մոտ ժամանակներս Իրանում գորգի տակ բուլդոգների նման մենամարտի ականատեսն ենք լիենլու»։

 

Վալերի Բրուտ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի