կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-01 17:54
Աշխարհ

Թեհրանը հայտնվել է լիբանանյան «ծուղակում»

Թեհրանը հայտնվել է լիբանանյան «ծուղակում»

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է՝ ԱՄՆ-ն «չափազանց ուշադիր հետեւում է, որպեսզի հասկանա, թե ինչպես եւ երբ կարձագանքեն «Հըզբոլլահը», Իրանը եւ խմբավորումները Իրաքում եւ Սիրիայում»՝ ի պատասխան Իսրայելի կողմից "Հըզբոլլահի" գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանության: Ընդ որում, նա փաստել է՝ ամերիկացիներն «ուժերի անհրաժեշտ ներուժ ունեն հնարավոր պատասխան գործողություններին արձագանքելու համար», թեեւ հստակեցրել է՝ «դեռ վաղ է ասել, թե ինչպես Իրանը կարձագանքի»: Այստեղից հարց է ծագում. Ինչպե՞ս կարձագանքի Իրանը լիբանանյան իրադարձություններին, եւ արդյո՞ք նա ընդհանրապես կարձագանքի դրանց։ Այս հարցին պատասխանել Ստանիսլավ Տարասովը։

«Իսկապես, Իրանը հայտնվում է բարդ իրավիճակում։ Մի կողմից, պաշտոնական մակարդակով նրա կողմից հետեւում են Իսրայելի հասցեին ահեղ դատապարտող հայտարարություններ։ Այսպես, Իրանի նախագահը հայտարարել է․ «Իսրայելի իշխանությունների կողմից կատարվող հանցագործություններն անպատասխան չեն մնա», եւ որ «Իսրայելին չի կարելի թույլ տալ մեկը մյուսի հետեւից հարձակվել իրանամետ «դիմադրության առանցքի» երկրների վրա»: Առավել եւս, որ Նասրալլայի հետ Բեյրութում սպանվել է նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Աբբաս Նիլֆորոշանը։ Մյուս կողմից, նա ասում է՝ Իրանը «պետք է խուսափի տարածշրջանային պատերազմի մեջ ներքաշվելու իսրայելական ծուղակից»։ Կան Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի համապատասխան հայտարարությունները, թեեւ Թեհրանում հասկանում են՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակում տեղի է ունեցել իրադարձությունների զարգացման լուրջ շրջադարձ», - նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ բանն այն է, որ Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի ռազմական գործողությունները խափանում են Իրանի նոր կառավարության մտադրությունները՝ միջուկային դոսյեի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ: Այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բացահյտ խոսել է Իրանի նախագահը՝ նշելով երկրի արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունները: Միեւնույն ժամանակ, նա նաեւ նախազգուշացրել է «Իրանում ներքին ճգնաժամերի հետեւանքների մասին»: Նրա խոսքով՝ «եթե լարվածությունը պահպանվի, տարբեր ժողովուրդներ, ինչպիսիք են թուրքերը, քրդերը, բելուջները եւ արաբները, կարող են փորձել ստեղծել անկախ պետություններ, ինչը կհանգեցնի Իրան անվանմամբ պետության չգոյությանը»:

«Միևնույն ժամանակ, մերձավորարեւելյան մի շարք փորձագետների կարծիքով՝ «Իրանի պասիվ դիրքորոշումը Լիբանանի նկատմամբ կարող է պարզապես նման ներքաղաքական ճգնաժամ առաջացնել «պաշտոնական հռետորաբանության եւ գործնական իրականության խաչմերուկում»: ԻՀՊԿ ներկայացուցիչներն արդեն խոսում են այն մասին, որ «Իրանն իր հռետորբանության համեմատ ավելի թույլ դիրք է գրավել», ինչն արդեն «հիասթափություն է առաջացրել «դիմադրության առանցքի» ներսում»: Այստեղից բխում է նաեւ «դիմադրության առանցքի» մեջ մտնող զինված խմբավորումների՝ ինքնուրույն քաղաքականություն վարելու պատրաստակամության կամ ունակության հարցը», - ընդգծել է Տարասովը։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել, որ թուրք լրագրող եւ հետազոտող Ռամադան Բուրսան, որը մասնագիտանում է իրանական գործերում, այս կապակցությամբ պնդում է՝ «Թեհրանը գնալով դժվարանում է համոզել իր ժողովրդին որդեգրած «ռազմավարական համբերության» քաղաքականության ճշմարտության մեջ, որը նա պահպանում է Քասեմ Սոլեյմանիի մահից հետո Իրաքում ամերիկյան հարձակման, Թեհրանում Մոհսեն Ֆահրիզադեի սպանության, Սիրիայում շատ իրանցի զինվորների մահվան եւ գրեթե ամենշաբաթյա հարձկումների վրա՝ Իրանի կենտրոնակայաններ և այն խմբեր, որոնք նա աջակցում է Սիրիայում»: «Նման իրավիճակը ստեղծում է անորոշության մթնոլորտ, դժվարացնում որոշումների կայացումը։ Անհետանում է նաեւ այս տարբերակը՝ Գազայում կրակի դադարեցման դիմաց վրեժխնդրության հարվածից հրաժարվելը։ Թեհրանին անհրաժեշտ է այդ գործընթացից դուրս գալ առանց կորուստների կամ նվազագույն կորուստներով։ Նրա ղեկավարությունը պետք է կարեւոր որոշում կայացնի ապագա ռեժիմի համար կրիտիկական փուլում։ Առջեւում մեծ ու կարեւոր իրադարձություններ են», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի