Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հերթական անգամ բարձրաձայնում եմ սահմանամերձ համայնքների շարունակաբար չլուծվող և ավելացող խնդիրները։
Այս անգամ էլ պատճառը պատասխանատու գերատեսչությունների անհետևողական և փնթի գործելաոճն է կամ էլ՝ սահմանապահ մեր հայրենակիցների հաշվին ամեն գնով փող խնայելու մոլուցքը։
Մասնավորապես, սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով դեռևս ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշմամբ այս պահին պետական որոշակի աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչները։
Մշտապես կապի մեջ ենք սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցների հետ։ Եվ ըստ այդմ՝ բազմիցս և հնարավոր բոլոր տարբերակներով ներկայացրել և հիմնավորել ենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտ այդ աջակցությունից զրկված են մնում 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիաների հետևանքով սահմանամերձ դարձաց մի շարք համայնքներ և բնակավայրեր։
Ներկայացնեմ այդ բնակավայրերից մի քանիսը․ Գեղարքունիքի մարզում՝ Գեղարքունիք, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեզամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական, Տրետուկ, Ախպրաձոր, Սյունիքի մարզում սահմանապահ դարձաց Կապան քաղաքը։ Նման բնակավայրեր առկա են նաև Վայոց Ձորի և Տավուշի մարզերում։
Ավելին՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագրում, որը պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը, ևս ներառված չեն վերը նշված սահմանամերձ համայնքներն ու բնակավայրերը։ Այսինքն՝ հաջորդ տարի ևս այս բնակավայրերի բնակիչները չեն ստանալու պետական նշված աջակցությունը։
Փաստորեն, օրվա իշխանությունները այդպես էլ անհաղորդ են մնում բազմահազար մեր սահմանապահ հայրենակիցների սոցիալ-տնտեսական խորացող խնդիրներին, դրանց լուծման համար իրականում խիստ անհրաժեշտ պետական աջակցության տրամադրմանը, որոնց հայրենի բնակավայրերը հենց այդ նույն իշխանության օրոք են դարձել սահմանամերձ»։