կարևոր
4744 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 23:23
Արցախ

Արցախի կառավարությունը, համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան

Արցախի կառավարությունը, համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-6-ը Ստեփանակերտում, ներկայացվել և քննարկվել են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից իրականացված հետազոտության և դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք ենթադրում են Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարևոր կետ՝  ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում և տնտեսական խթանների ստեղծում։

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում  ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա  է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:

«Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախում հասարակական, մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության մոդելն է, որովհետև շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, և այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա: Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, Արցախի անվտանգությունը, Արցախի հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ընդգծել է պետնախարարը:

Նա կարևոր է համարել ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում կձևավորվեն ավելի իրատեսական և Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր:

ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ  նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի ժողովրդին  հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել և բարեկեցիկ կյանք ստեղծել այստեղ։  Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում ծրագրերը կարող են  նաև փոփոխությունների ենթարկվել։ «Այս պրոդուկտը նախևառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը։ Որպես ազգ, մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով պետք է օգտագործենք։ Պետք է քննարկենք  և հասկանանք, թե արդյոք ներկայացված  ծրագրերը համապատասխանում են կառավարության այսօրվա առաջնահերթություններին, ինչ է պետք փոխել՝ դրանք ավելի համապատասխան դարձնելու համար»,-ասել է Վազգեն Յակուբյանը:

«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է  հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև համընդգրկուն հարցումների հիման վրա: Արցախի տարբեր գերատեսչությունների և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկու օրերի ընթացքում հանգամանալից  քննարկումներ են ծավալվել ներկայացված  ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները կամփոփվեն  ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից: