Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ես կխոսեմ օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին առողջապահության ոլորտում, ավելի կոնկրետ՝ բուժ աշխատողներին լիազոր մարմնից կախվածության մեջ պահելուն միտված օրենսդրական փոփոխությունների մասին:
Սիրելի բուժաշխատողներ:
Մասնագիտական գործունեություն ծավալելու համար դուք պետք է հնգամյա շրջափուլով ապահովեք ՇՄԶ կրեդիտներ:
2024թ. ապրիլի 11-ին կառավարության նախաձեռնությամբ օրենքում կատարվեց փոփոխություն, որն, իհարկե, ընդունվեց մեծամասնության միաձայնությամբ և արդյունքում 2026թ-ից դուք մասնագիտական գործունեություն կարող եք իրականացնել, եթե ունեք անցումային անհատական լիցենզիա կամ անհատական լիցենզիա: Ընդ որում, այդ լիցենզիան դուք կարոք եք ստանալ միայն կենտրոնացված քննության արդյունքում՝ մասնագիտական հանձնաժողովների կազմած տեսական գիտելիքների և գործնական հմտությունների վերաբերյալ առաջադրանքների հիման վրա:
Չմոռանամ նշել, որ լիցենզավորող հանձնաժողովը ձևավորվում է լիազոր մարմնի կողմից:
Ստացվում է, որ լիազոր մարմնի ձևավորած հանձնաժողովը պետք է որոշի, արդյո՞ք իրավունք ունեն հանրապետության ճանաչված բուժմասնագետները իրականացնելու մասնագիտական գործունեություն, թե՞ ոչ:
Սա դեռ բոլորը չէ: Առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է այդ ուղղությամբ կառավարության հաջորդ նախաձեռնությունը, համաձայն որի ՇՄԶ կրեդիտների քանակը պետք է լրացվի նաև կառավարության կողմից հաստատված պարտադիր թեմաների ցանկից: Ընդ որում՝ առանց կամավորի և պարտադիրի ծավալների որևէ համամասնության պահանջի, ինչը թույլ կտա պարտադիրի բաժնեմասի անընդհատ աճ:
Սակայն սա էլ դեռ բոլորը չէ: Նախարարությունը դիմել էր կառավարությանը, որպեսզի ստանա ֆինանսավորում հենց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում անհատական լիցենզավորման գործընթացը կազմակերպելու համար այն դեպքում, երբ Հայաստանում բուժաշխատողների կրթությամբ և որակավորմամբ զբաղվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը»:
Եթե փորձենք այս ամենը դիտարկել մեկ ընդհանուրի մեջ, ապա ստացվում է, որ կառավարությունը որոշել է ամեն կերպ բժիշկներին պահել իրենց ցանկությունից կախվածության մեջ առ այն, որ իրենք պետք է որոշեն, թե ով կարող է բժիշկ աշխատել:
Մնում է, որ լիազոր մարմինը հաջորդիվ բերի նախաձեռնություն, որով իրավունք կստանա ձևավորել Հայաստանում աշխատող բժիշկների ցանկը:
Այս ամենը եթե նախապես ծրագրավորված, իրենց մասնագիտությամբ անկախ կոնկրետ խմբին ճնշելու քայլեր չեն, ապա ինչ են:
Հիշեցնեմ, որ նույնատիպ կանոններով այսօր ճնշում են գործադրում նաև դասախոսների վրա:
Արդյունքում այդ ոլորտների լավագույն մասնագետները կամ կորոշեն հեռանալ ոլորտից, անգամ երկրից, կամ կառավարությունը կշարունակի, նրանց վրա ճնշում գործադրելով, պարտադրել քաղաքացիական պասիվություն:
Սիրելի բուժաշխատողներ, թույլ մի՛ տվեք, որ իշխանական այս խումբը իրենց իշխանությունը օր ավել երկարացնելու համար օրենսդրական ճնշումներով Ձեզ կախվածության մեջ պահի»: