կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 17:20
Առանց Կատեգորիա

Վրդովված թեկնածու

Վրդովված թեկնածու

Նախագահի թեկնածուներից գործող նախագահի քարոզչական նախապատրաստությունը թերևս ամենատպավորիչն ու նպատակասլացն է, բնականաբար` նաև ամենաապահովվածը բոլոր առումներով, այդ թվում նաև ընտրական տեխնոլոգիաների բարձրակարգ մասնագետների ընդգրկվածության: Հենց միայն ընտրական տեխնոլոգիաների տեղական «պրոֆեսիոնալ» Հովիկ Աբրահամյանի ընդգրկումը քարոզարշավում որպես ընտրական շտաբի պետ բավական է համոզվելու համար, որ նախագահի այս թեկնածուի թիմում լուրջ ուշադրություն է դարձվում քարոզարշավը բարձր մակարդակով կազմակերպելու վրա:

 

Սակայն կա մի «ոլորտ», որտեղ նախագահի թեկնածուի քարոզչությունը ոչ միայն անթերի չէ, այլև այնտեղ վրիպում վրիպումի հետևից է թույլ տրվում, ընդ որում` վրիպումների հերթագայությունը վկայում է դրանց ոչ թե պատահականության, այլ օրինաչափության մասին: Խոսքը նախագահի թեկնածուի այնպիսի իմիջ ձևավորելու մասին է, որը նրան ընկալելի կդարձներ հանրության բոլոր շերտերի համար:

 

Իսկ մի՞թե հանրության հատկապես հասարակ շերտերի համար Ս. Սարգսյանն ընկալելի կերպար է: Հազիվ թե:

 

Բազմաթիվ անբռնազբոս, չբեմականացված իրավիճակներում, որտեղ նախագահի թեկնածուն դեմ առ դեմ է դուրս գալիս հասարակ մարդու հետ, նրա պահվածքն ամենևին համարժեք չէ: Թեկնածուն վրիպում է Բանակի տոնին իրեն անսպասելիորեն մոտեցած` օգնության կարիք ունեցող կնոջ հետ սառը վերաբերմունքով, վրիպում է Մովսես գյուղում «թարս աճող խիարների» պատմությամբ, վրիպում է Արաբկիրի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, երբ դառնացած, չասենք` չարացած  մարդու վրդովվածությամբ խոսում է իր նախորդներից մեկի, ապա և նախագահի այն թեկնածուների մասին, ովքեր քաղաքական մրցասպարեզում հայտնվել են «անհայտությունից» և իրենց այդ կարգավիճակով ակամա ստվեր են ձգում նախագահի ընտրությունները մրցակցային ներկայացնելու իշխանական նկրտումների վրա:

 

Հասարակ մարդու համար ավելի գերադասելի կլիներ թեկուզ անտեղի ժպտացող նախագահի թեկնածուն, քան նա, ով իր համար անհաճո իրադրությունում ներկայանում է այնպիսի վանող պահվածքով, որ գերադասում ես չլսել կամ չտեսնել նրան այդպիսին: Արաբկիրի ընտրողների հետ հանդիպման մասին պատմող հեռուստառեպորտաժներում հեռուստաէկրանից երևացող վրդովված մարդը հազիվ թե հասարակ մարդու թեկնածուն էր, և նախագահի թեկնածուի կերպարի այդ անսպասելի բացահայտումից ակնհայտորեն անհարմարության ու զարմանքի զգացում էր ապրում նաև դահլիճում հայտնված հասարակ քաղաքացին:

 

Ահա հենց այստեղ է, որ նախագահի թեկնածուի քաղտեխնոլոգներից մասնավորապես իմիջմեյքերները նույնպես վրիպել են` չկարողանալով նրանից «ստանալ» մի կերպար, որը գոնե նախընտրական փուլում կարեկից ու հանդուրժող, պատրաստակամ ու հավասարակշռված մարդու տպավորություն է թողնում, հատկապես այնպիսի իրավիճակներում, որոնք իր համար անցանկալի են:

 

Թե չէ, անփողկապ գնալ մարդկանց հետ բեմականացված հանդիպումների, գոհունակությամբ նայել շարֆածուփ դահլիճներին` դեռ չի նշանակում հավասարվել-հասկացվել, առավել ևս ընդունվել մարդկանց կողմից: 

 

Լևոն Սարգսյան

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները  կարող են չհամապատասխանել  yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: