Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 18-ին Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է իր գործընկերոջ` Ալիռեզա Զաքանիի հետ: Հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Տարածաշրջանի հնագույն քաղաքակրթությունների հինավուրց մայրաքաղաքների` քույր քաղաքներ ճանաչվելը մեծ իրարանցում է առաջացրել երկու երկրների երկու հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի մոտ:
Թուրքական էրդողանամետ Haber Global հեռուստաընկերության եթերում «Իրանն ու Հայաստանը եղբայրներ դարձան. թ(յ)ուրքական թշնամությունները ջրի երես դուրս եկան» վերնագրով ռեպորտաժ է թողարկվել: Դրանում նշվում է, որ Իրանը, ով ձայն չէր հանել «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի և ադրբեջանցիների հալածանքների» նկատմամբ, գրկաբաց ընդունում է Հայաստանին:
«Ղարաբաղի հարցում իրեն անկողմնակալ հայտարարող Իրանը, ով ամեն պատեհ առիթով իր պաշտպանում է Հայաստանի շահերը, այս անգամ բացահայտ հայտարարել է, թե որ կողմին, անգամ ում է որպես եղբայր ընտրել: Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ են դարձել…Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Իրանի իրական դեմքը», - նշում է ալիքը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ի` Իրանը վերջին շրջանում Ադրբեջանին նյարդայնացնող քայլեր է արել, որոնցից մեկը «Զանգեզուրի միջանցի» տարածքում իրանական հյուպատոսության բացումն է (Կապանում): Դրանով Թեհրանը ազդանշան տվեց, թե ինչպես է վերաբերվում թյուրքական աշխարհը միավորող «Զանգեզուրի միջանցքին». նշում է Haber Global-ը` մեջբերելով Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքերը` «Մեզ համար Հայաստանի անվտանգությունը, տարածաշրջանի անվտանգությունն է»:
Թեհրանի և Երևանի` քույր քաղաք ճանաչվելուն արձագանքել է նաև Ադրբեջանը. Իսլամական աշխարհում հեղինակություն չունեցող «Կովկասի մահմեդական վարչություն» կոչվող գրասենյակի ղեկավար, Ալիևի գրպանային գործիչ, շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Իրանին Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքային հարաբերություններ հաստատելու համար:
«Իմ վերաբերմունքը այն հարցին, որ Թեհրանն ու Երևանը քույր քաղաքներ են դարձել, բացասական է։ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, և դա աններելի է։ Մենք նրանց եղբայրներ էինք անվանում։ Սակայն մենք համոզվեվինք, որ նրանք այլ եղբայրներ էլ ունեն, իսկ մենք օտար ենք»,- նախանձով ասել է Փաշազադեն` հավանաբար մոռանալով, որ սեփական երկրում հետապնդման են ենթարկվում շիադավանները, որը մեծ քննադատության է ենթարկվում շիա մուսուլմանական աշխարհի կենտրոնի` Իրանի կողմից: