կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 12:43
Առանց Կատեգորիա

Մի ապրված մահվան ծանոթագրություններ

Մի ապրված մահվան ծանոթագրություններ

«Մահն, ի վերջո, սիրո տարբերակ է»,-հավանաբար 2011-ին գրել է Վաչիկ Եփրեմյանը: «Մահը եւս մոդա է» որպես առաջին անգամ տեղի ունեցող «իրադարձ»: Թեպետ Վաչե Եփրեմյանն առավել գլամուր իմաստ է պարտակում «մոդա» բառի մեջ: Վաչիկը մահացավ: Հավանաբար այս գիշեր կամ լուսադեմին:

 

Մարդիկ կան, որոնք մահանում են` մահվան վրայից մաքրելով անսպասելիության փոշին: Այսինքն` կյանքի միջավայրն ընդլայնելով: Այսինքն` մահը հագեցնելով իրենցով: Այսինքն` մարդկային դեմք են հաղորդում մահին, որը սարսափելի է սկզբից որպես լուր, հետո որպես փաստ: Այսինքն` մահանում են որպես մահվան քրիստոնյաներ: Այսինքն` ապրում են այնպես, որ իրենց իմանալիքը, իրենց լինելիքը լինելիք լինի նաեւ մահվան համար: Երբ Վաչե Եփրեմյանն ասում է, որ «մահը եւս մոդա է», նկատի ունի մահվան հանդիսավորությունը մուրացողներին: Նկատի ունի այս կամ այն կերպ ինքնասպանության մեջ իրենց հռչակումը պարտակողներին: Վաչիկը հավանաբար ուզում էր մահը սրբել իր ավանդական հեղինակությունից: Նա մահն ուզում էր իջեցնել պոդիումից, որովհետեւ պոդիումը կարճ է, շարունակություն չունի: Իսկ առանց շարունակության մահը նույնիսկ պատմելու բան չէ:

 

Վաչիկը գրի ներկայացուցիչ էր, իսկ Գիրն, ըստ նրա, չի կարող մոդայիկ լինել: Մահը կարող է փակել Գիրը, բայց նա, սկզբից որպես լուր, հետո որպես փաստ, չի կարող իր հանդիսավորության հրեշը լինել: Այն, ինչը մեզ հարազատեցնում է վերջում, ամենավերջում, չի կարող այս աշխարհի ձեռագրերի բանտը լինել: Մենք որտեղի՞ց գիտենք, ասենք, Պաստեռնակին:  Այն բանից, որ Պաստեռնակը Գիրը ճեղքեց մահը: Բլոկի գիրը ճեղքում էր մահը: Ու՞մ ինչ, որ Երկինքն ամենքինս դարձնելու այլ տարբերակ չկա, քան այն իմաստավորելն այս կյանքում: Մենք Պատմություն սիրող մարդիկ ենք, մենք իրերին անուններով երես տվողներն ենք: Մերը շփացածության պոեզիան է: Ահա եւս մի բանալի «մահը եւս մոդա է» միտք-կողպեքի համար:

 

Ընդհանրապես վտանգավոր է, երբ Բառը լռվում է «մարդ» կոչվող բանտի մեջ: Այդ բանտում նույնիսկ լույսի ծիկրակը մոդա է: Մոդան չիմաստավորվելիքն է, սպառելիքը: Պատմությունը գրվում է մոդայի բառապաշարով, ոչ՝ Ճշմարտության: Գրականությունը, մասնավորապես հայ գրականությունը՝ Թումանյանի, Չարենցի, եղել է Պատմության ստնտուն: «Չգրված գրքի ծանոթագրություններում» Վաչե Եփրեմյանը Պատմության կեղտոտ շորով խնամում է ճշմարտությունը: «Պատմությունը հորինված է»,-ասում է նա: Ամենաքիչ մահը պատմության մեջ է: Որովհետեւ պատմությունը «աշխարհի ու մեր միջեւ չափվող տարածություն չէ»: Պատմությունը մահ ապրեցնող փաստ չէ: «Բլեֆ է»,-ասում է Վաչե Եփրեմյանը: Պատմությունը չի սովորեցնում սիրել հարազատության վերջին շտրիխները կորցրած դեմքերը: Գրականությունը սովորեցնում է: Բայց սպանում է Գիրը, եւ ոչ թե Պատմությունը: Եթե անգամ չի սպանում, հիպնոսողի խանդավառությամբ ուղղորդում է դեպի մահ, որովհետեւ ինքնասպանության վիրուսը գրի մեջ ի սկզբանէ է: Մահը չի շրջանցվում Խոսքի մարդու  ապրեցնող աշխարհում, մահը չի սիրում այլ խոսք: Ինքն է կերտում իր հարազատությունը խոսքի մեջ, եթե հանկարծ ասացողը ասես օդից որսում է համլետյան «մարդը չէ հիացնում ինձ» համակենտրոն իմացությունը: Վաչե Եփրեմյանը վաղուց էր հեռացել մարդուց, դերերը լռեցնելն արդեն մի այնպիսի արարք չէր, որքան «մեռնել, քնանալ, ոչինչ ավելի. եւ մտածել, թե մի պարզ քնով մենք վերջ ենք տալիս այն սրտացավին եւ բյուր բնական անձկություններին, որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը»...

 

Սեյրան Հանոյան