Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսի պաշտպանության համար նահատակվեց դաշնակցական, ազատամարտիկ, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ ընկեր Գեղամը՝ Գեղամ Մուշեղյանը։
Պատերազմի մեկնարկից հետո Գեղամ Մուշեղյանն առաջիններից էր, որ իր կուսակից ընկերների հետ անմիջապես մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու իր և իր ընկերների կողմից դեռ 26-29 տարի առաջ ազատագրված Արցախը։ Պատերազմի առաջին օրը նա անձամբ էր զինվորագրում իր կուսակից ընկերներին, իսկ դրանից հետո նրանց հետ միասին մեկնեց ռազմաճակատ։
Հոկտեմբերի 2-ին դիպուկահարի դավադիր կրակոցից Մատաղիսի մոտակայքում զոհվեց ընկեր Գեղամը։ Ցավոք, նա առաջին զոհն էր 5 տասնյակից ավելի այն դաշնակցականներից, որոնք նահատակվեցին ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա դավադիր պատերազմում։
Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Մուշեղյանի հարազատները, կուսակիցներն ու մարտական ընկերները։ Նրա շիրիմին այսօր երդման արարողություն է տեղի ունեցել և իր կուսակցության՝ ՀՅԴ-ի շարքերին են անդամագրվել մի շարք նորագիրներ՝ շարունակելու ընկեր Մուշեղի և անմահացած այլ զինակիցների գործը։
Ծնվել է 1969թ. Երևանում: Դեռ երիտասարդ տարիներից անդամագրվելով անկախացող Հայաստանում վերահաստատված ՀՅ Դաշնակցությանը՝ Գեղամ Մուշեղյանն իր մարտական ուղին սկսեց Շուշիի դաշնակցական առանձնակի հրաձգային գումարտակի կազմում` մասնակցելով Արցախի տարածքային ամբողջականության համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Նա 1993թ. մայիսի 1-ից մինչև 1993թ. օգոստոսի 31-ը մասնակցել է Կարաչինարի, Գյուլաթաղի, Կուսապատի, Հակոբ Կամարիի, Մաղավուզի, Մարտակերտի հեռուստաաշտարակի, Կիզիլ-Կենգերլի, Սոֆիլուի, Բոյախմեդլիի ազատագրական և պաշտպանական գործողություններին, իսկ հրադադարից հետո՝ 1994թ. մայիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը, Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ, կայան֊Մարտակերտ տեղամասի պահպանությանը։
1994թ-ի զինադադարից հետո, թվում էր, այլևս զենք վերցնելու կարիք չի լինի, սակայն 2016թ-ին Ադրբեջանը խախտելով հրադադարի համաձայնագիրը պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ Դաշնակցության կամավորները նորից մեկնեցին առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու, նրանց շարքերում էր նաև Գեղամ Մուշեղյանը, ով 2016 թ. ապրիլի 4-ից մինչև 22-ը, ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշ գյուղի մատույցներում։
Հայրենիքի նվիրյալ զինվորի համար, սակայն խաղաղ կյանքը բավականին կարճ է տևում, և 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Գեղամ Մուշեղյանը Դաշնակցության «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար մեկնեց առաջնագիծ և հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: Ցավոք, նշված մարտը վերջինը եղավ հերոս հայորդու համար. թշնամուն հասցնելով կենդանի ուժի կորուստներ՝ հերոսաբար զոհվել է:
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։
Դաշնակցությունն իր առավել մեծ թվով զոհերը տվեց հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Վարանկաթաղի բարձունքում, երբ դաշնակցական մարտիկները ձեռնամուխ էին եղել թշնամուն անցած այդ ռազմավարական կարևորության բարձունքի ազատագրմանը, առանց, որի հնարավոր չէր լինի փրկել «Եղնիկներ»-ում գտնվող հայոց մարտիկներին: Մեկ գիշերվա ընթացքում՝ Վարնկաթաղի ազատագրական մարտերում հերոսաբար ընկան 20-ից ավելի դաշնակցական մարտիկներ։