Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` այսօր Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը և արած հայտարարությունները հույս են ներշնչում, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են նոր հարթություն տեղափոխվել: Դա առայժմ տեղի է ունենում բացառապես Վրաստանի ներկայիս իշխանությունների որդեգրած տարածաշրջանային նոր քաղաքականության շնորհիվ:
Նախ` ակնհայտ է, որ Թբիլիսին փորձում է նկատելի չեզոքություն պահպանել հայ-ադրբեջանական հարաբերություններում: Չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, սակայն սա դառնում է ընդհանուր բնույթի մոտեցում` շրջանցելով ԼՂ կարգավիճակի հարցը: Մի կողմից նման լղոզված վերաբերմունքը համահունչ է միազգային հարության դիրքորոշմանը, իսկ մյուս կողմից` Վրաստանը չի կարող վերջնականապես հրաժարվել այս կոնցեպցիայից` հաշվի առնելով աբխազական և հարավօսական հիմնախնդիրների առկայությունը: Սակայն ամենաէականն այն է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները, կարծես, հակված չեն այս սկզբունքը վերածել արտաքին քաղաքական դոկտրինի, որը անուղղակիորեն հարվածում է Հայաստանի շահերին: Պատահական չէր, որ պաշտոնական Թբիլիսին շատ արագ արձագանքեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեի` Լիտվայում արած հայտարարություններն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից աղավաղելու իրողությանը` ցույց տալով, որ հարցի հետագա շահարկման մեջ շահագրգռված չէ: Ավելին` Պանջակիձեի արած հայտարարությունը, թե յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է , սկզբունքորեն հակասում է նախորդ իշխանությունների վարած դիվանագիտությանը:
Մինչև Իվանիշվիլիի իշխանության գալը Վրաստանը ՄԱԿ-ում, ԵԽ-ում և ԵԱՀԿ-ում ինքն էր հանդես գալիս հարավկովկասյան երեք հակամարտությունների վերաբերյալ տարածքային ամբողջականության սկզբունքին առաջնայնություն տալու վրա խարսխված բանաձևերի առաջքաշմամբ` փաստացի միասնական ճակատ կազմելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Նոր իշխանությունների դիրքորոշումներում նկատվող այս փոփոխությունը թույլ է տալիս ենթադրելու, որ հակահայկական և հակառուսական այս ճակատը կարող է փլուզվել:
Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից հետո Իվանիշվիլին, անդրադառնալով վրաց-աբխազական երկաթգծի գործարկմանը, հայտարարեց. «Տարածքների հետ կապված եւ այլ հարցեր շուտ չեն լուծվի, բայց երկաթուղային հաղորդակցության հետ կապված հարցերը, կարծում եմ, կլուծվեն ավելի արագ: Վրացական կողմն այս հարցի առնչությամբ երաշխավորում է, որ խնդիրներ չկան, ինչ մնում է ռուսական կողմի դիրքորոշմանը, մենք հույս ունենք, որ նրանք էլ շատ արագ կարձագանքեն այս հարցին»: Սա հայ-վրացական օրակարգի ամենակարևոր հարցն էր, որի շուրջ պարզաբանում էր ակնկալում Երևանը:
Անցած դեկտեմբերին Իվանիշվիլին Ադրբեջան այցելեց` պնդելով, որ Վրաստանի համար տնտեսապես շահավետ չէ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու առաջիկա գործարկումը: Սակայն Ալիևի հետ հանդիպումից հետո նա վերանայեց այդ դիրքրոշումը: Առաջին հայացքից թվում էր, թե կա'մ վարչապետը չափից դուրս անլուրջ է վերաբերվում այդ հարցին, կա'մ Բաքուն կարողացել էր նրան նորից իր աքցանների մեջ առնել: Երևանյան այս հայտարարությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Վրաստանը հրաժարվում է երկու երկաթուղային հանգույցները միմյանց հակադրելու կուրսից և դրանք սկսում է դիտարկել որպես փոխլրացնող նախագծեր:
Ավելին` Վրաստանը փաստացի հրաժարվում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման` աբխազական և հարավօսական կարգավորման նախապայմաններից, ինչն անուղղակիորեն նշանակում է, որ Թբիլիսին դեմ չէ լեգիտիմացնել կոնկրետ Աբխազիայի ինքնուրույնությունը և հաշտվել է դրա կորստի հետ: Դժվար է ասել` ինչպիսի արձագանք կստանա այս ռևերանսը Արևմուտքում, բայց փաստ է, որ Իվանիշվիլին հասկացնում է, թե չի շարունակելու տուրք տալ այս հակամարտությունները և Վրաստանը հակառուսական քաղաքականության մանրադրամ դարձնելու` Արևմուտքի ձգտումներին: Սա այլ կերպ, քան քաղաքական գործոն դառնալու հայտ, դժվար է որակել: Մի կողմից` նա չի ուզում կորցնել Արևելք-Արևմուտք կոմունիկացիոն առանցքում իրեն վերապահված դերը, մյուս կողմից, հիմքեր ստեղծելով վրաց-աբխազական երկաթգիծը վերաշահագործելու համար, փորձում է զսպել, հավասարակշռել Վրաստանում և տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցությունը:
Եվ այս տեսանկյունից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Իվանիշվիլիի համար դառնում է կարևորագույն գործիք` հաշվի առնելով Անկարայի և Բաքվի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և Հայաստանի հետ Ռուսաստանի ունեցած «ստրատեգիական» գործակցությունը:
Ռուսաստանը, կարծես, կատարյալ անտարբեր է ձևանում Իվանիշվիլիի ձեռնարկած գործնական այս քայլերի նկատմամբ: Սա, իհարկե, պայմանավորված է Միխեիլ Սահակաշվիլիի գործոնով, որին Մոսկվան ճանաչել չի ցանկանում: Սակայն ենթադրելի է, որ Ռուսաստանն առավել քան շահագրգռված պետք է լինի երկաթգծի շահագործման հարցում` ոչ միայն տնտեսական, այլև ռազմաստրատեգիական առումով` հաշվի առնելով, որ դա հնարավորություն է ստեղծելու ուղղակի և օպերատիվ կապ ապահովել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ, որը թե' ցամաքային և թե' օդային ուղղություններով արգելափակվել էր Սահակաշվիլիի վարչակարգի կողմից: Իր այս կեցվածքով Մոսկվան պարզապես ցույց է տալիս, որ Վրաստանից եկող ազդակներին պատրաստ է ընդառաջել միայն Սահակաշվիլիի վերջնական հեռացումից հետո:
Սա կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել Հայաստանի համար օրախնդիր դարձող` վրաց-աբխազական երկաթգիծը շահագործելու հարցում և պետք է դրդի, որպեսզի Երևանը, հաշվի առնելով թե' Վրաստանի և թե' Ռուսաստանի հետ իր բնականոն հարաբերությունները, փորձի նախաձեռնող լինել վրաց-ռուսական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու ուղղությամբ: Չի բացառվում, որ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսելով` Իվանիշվիլին ինքն է Հայաստանին նման առաքելություն ստանձնելու առաջարկ անում: Երևանը պետք է առնվազն փորձի, առավել ևս, որ, կարծես, նաև Արևմուտքում դրան առանձնապես դեմ չեն:
Ըստ «Ռեգնում» գործակալության` Երևանում ամերիկյան կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է Վրաստանի և Հարավային Օսիայի հասարակական կառույցների ներկայացուցիչների քննարկում` հասարակական, հումանիտար մակարդակում երկու կողմերի միջև երկխոսության ծավալման մեխանիզմներ գտնելու նպատակով: Չնայած առաջին անգամ չէ, երբ ամերիկյան կողմը նման ֆորում է նախաձեռնում, սակայն առաջին անգամ է, որ դա տեղի է ունենում Երևանում: Այնպես որ թախտին նստելու և բախտին սպասելու ժամանակներն անցել են: Սա ճիշտ այն հնարավորությունն է, երբ Հայաստանի իշխանությունները գործնականում կարող են ապացուցել, թե իրականում ինչ արժեք ունի իրենց նախաձեռնողականությունը:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ