կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 12:35
Քաղաքական

Եթե «Ոչ»-ի հիմնավորումները քաղաքականապես չեն կարծրանում, դրանք դառնում են կապրիզ. Արտակ Զաքարյան

Եթե «Ոչ»-ի հիմնավորումները քաղաքականապես չեն կարծրանում, դրանք դառնում են կապրիզ. Արտակ Զաքարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն անդրադարձավ երեկ Վենետիկի հանձնաժողովի անդամների և Հայաստանի քաղաքական դաշտի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը:

Պատգամավորը կարևորեց, որ Վենետիկի հանձնաժողովը մի քանի անգամ շեշտեց, որ իրենք միմիայն մասնագիտական հանձնաժողով են, և որ իրենց գործառույթն է՝ համապատասխանեցնել սահմանադրական փոփոխությունները ժողովրդավարությանը, եվրոպական սահմանադրությունների ստանդարտներին ու փորձին:

«Բնականաբար, քաղաքական հայտարարութուններ ևս եղան: Հուսով ենք, որ ավելի ակտիվ ու ընդլայնված ձևաչափով կլինեն քննարկումներ, առաջիկայում ԱԺ-ում կսկսվեն քննարկումները»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Կարևորելով գործընթացը` նա նշեց, որ, 1995թ. համեմատ, այս անգամ գործընթացն ավելի մեծ ուշադրություն ու կարևորություն է իր վրա կրում, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական դաշտերն անցնում են կայացման փուլ: Պատգամավորի խոսքով՝ ժողովրդավարությունն անընդհատ խնամք է պահանջում, ուստի իրավական համակարգի և հանրության միջև երկխոսությունը պետական ու հանրային կյանքում շատ կարևոր է:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «ՈՉ»-ի նախաձեռնությանը, և արդյոք՞ դա ուղղված չէ իշխանությունների դեմ, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ շատերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, որովհետև չեն ծանոթացել նախագծին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացը այն գործընթացն է, որն ամեն տարի չէ, որ կարող ես իրականացնել, և առավելագույնս համաձայնություն է պետք: Եվ «ոչ»-ի և «այո»-ի տանիքի տակ պետք է լինեն լուրջ հիմնավորումներ: Ես նկատում եմ, որ «Ոչ»-ի հիմնավորումները հետզհետե դառնում են անիրական: Մեր հասարակության մեջ անհրաժեշտություն կա սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: «Ոչ»-ի առողջ հիմնավորումների նկատմամբ շատ ուշադիր ենք, դրանցից ոմանք հաշվի են առնված: Սակայն եթե «Ոչ»-ի հիմնավորումները քաղաքականապես չեն հիմնավորվում, ապա դրանք դառնում են կապրիզ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներին ու առաջարկներին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են, թեև, որպես մանսագիտական տեսակետ, ցանկալի է իմանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, սակայն կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են Հայաստանի հասարակության արժեհամակարգին: «Անձամբ ես առաջարկներ եմ ներկայացրել, որոնցից մեկն արմատապես հակասում է Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկին»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի նախագահը սահմանադրական փոփոխությունների գործընթացը չնախաձեռնեց ավելի վաղ, պատգամավորը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնեցին հիմա, որովհետև դա բխում է հանրային ու քաղաքական պահանջարկի դաշտից: Ըստ Արտակ Զաքարյանի` նախորդ տարիներին շարունակաբար քննարկումներ են եղել պետական կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու մասին: