Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտվում էր Վրաստանում: Այցի հիմնական նպատակն էր տապալել Վրաստանի էներգետիկ շուկայում ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության մոնոպոլ կարգավիճակից զրկելու՝ վրացական իշխանության նախաձեռնությունը: Այդ վտանգն առաջացել էր Ռուսաստանից ներկրվող ներքին սպառման՝ դեպի Հայաստան տարանցվող գազի ծավալները մեծացնելու նպատակով ռուսական «Գազպրոմ» ընկերության և Հայաստանի հետ վրացական իշխանությունների կողմից վարվող բանակցությունների, նաև իրանական գազը Վրաստան հասցնելու մասին Թբիլիսիից արվող հայտարարությունների պատճառով:
Խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական: «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ նշել էր, թե, «Գազպրոմ»-ին մուտք տալով վարցական գազաէներգետիկ շուկա, իրենք փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները: Սա փաստացի նշանակում է, որ այդ նախաձեռնության իրական նպատակը Վրաստանում Ադրբեջանի էներգետիկ ազդեցությունը թուլացնելն է, Վրաստանը էներգատարների տարանցման տարածաշրջանային առանցք դարձնելը: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն օրեր առաջ հայտարարել էր, որ նոյեմբերի կեսերին նախատեսում է մեկնել Իրան` իրանական գազը Վրաստան հասցնելու և միջազգային սանկցիաների վերացումից հետո Վրաստանի տարածքով եվրոպական շուկաներ տեղափոխելու հարցը քննարկելու համար: Այլ կերպ ասած` Թբիլիսին նպատակ ունի ամբողջությամբ շրջել տարածաշրջանում ուժերի ազդեցության իրական հարաբերակցությունը` Ադրբեջանի էներգետիկ դերակատարության զգալի թուլացման հաշվին: Ահա այս ֆոնին տեղի ունեցավ Ալիևի այցը Վրաստան:
Դրա մասին Թբիլիսիի և Բաքվի պաշտոնական տեղեկատվական հոսքերից պարզ է դառնում, որ թեման լրջագույն բանակցությունների առարկա է դարձել: Սակայն դեռ պարզ չէ` որքանո՞վ է Ալիևը հասել իր նպատակին: Այս հարցի պատասխանն ավելի շատ հասկանալի կլինի նրանից, թե ինչ ընթացք կունենան վրացական կառավարության բանակցությունները ռուսական, հայկական և իրանական կողմերի հետ:
Սակայն երկու հանգամանք թույլ է տալիս ենթադրելու, որ Ալիևին չի հաջողվել Թբիլիսիում մեծ հաջողությունների հասնել: Նախ` կողմերը համատեղ նոր ծրագրերի, վրացական շուկայում SOCAR-ի դերի մասին ավելի առարկայական ուղերձներ չեն հղել, իսկ հայտարարությունները մինչև վերջ եղել են փոխադարձաբար զուսպ և զգուշավոր: Երկրորդը, որը թերևս, ամենախոսունն է` Ալիևի այցին հաջորդել է SOCAR-ի նախագահ Ռովնաղ Աբդուլաևի հարցազրույցը, որը գրեթե ամբողջությամբ հիմնված է Վրաստանին ուղղված սպառնալիքների վրա: Աբդուլաևը, մասնավորապես, նշել է, որ հենց ադրբեջանական ընկերությունն է Վրաստանի ամենամեծ հարկատուներից մեկը, և Թբիլիսիի համար «շահավետ չի լինի նման գործընկերոջը կորցնելը»: Նա հայտարարել է, թե Ադրբեջանը կիսով չափ ավելի էժան գազ է մատակարարում Վրաստանին, ինչն ակնարկ է, որ եթե SOCAR-ի գործունեության համար ավելի վատ պայմաններ ստեղծվեն, գազի գնի վերանայումը չի բացառվում: Աբդուլաևը նաև զգուշացրել է, թե առանց Ադրբեջանի տարածաշրջանում հնարավոր չէ որևէ էներգետիկ նախագիծ իրականացնել, և փաստարկելու համար իր այդ պնդումը, հայտարարել է, որ անգամ Վրաստանով Հայաստան ներկրվող գազի տրանզիտային եկամուտները ևս պատկանում են SOCAR-ին: Նա փաստացի հղում է կատարել տարիներ առաջ Հայաստան մտնող գազամուղի վրացական հատվածի կառավարումը SOCAR-ին հանձնելու մասին վրացական կողմի հետ կնքված պայմանագրին:
Եթե Ալիևը Թբիլիսիում հասած լիներ շոշափելի հաջողությունների, SOCAR-ի նախագահը հազիվ թե հանդես գար նման սպառնալիքներով, որոնք ավելի շատ մատնում են Բաքվի խուճապայնությունը: Որ խոսքը հենց խուճապի մասին է, վկայում է այն իրողությունը, որ Հայաստանին մատակարարվող գազի տրանզիտից շահույթ ստանալու հանգամանքը Բաքվին, ըստ տնտեսագիտության ամենատարրական կանոնների, պետք է ավելի շահագրգռեր տարանցվող գազի ծավալների մեծացման հարցում, առավել ևս՝ եթե SOCAR-ը համարում է, որ ռուսական գազը չի կարող իրեն մրցակից լինել: Մինչդեռ՝ Բաքուն ոչ միայն դիմադրում է, այլև Վրաստանին փորձում թելադրել իր խաղի կանոնները` թերևս հենց Թբիլիսիին համոզելով, թե ինչպիսի սխալ է գործել իրեն ամբողջությամբ ադրբեջանական գազից կախվածության մեջ դնելով:
Իրականում Բաքվում հասկանում են, որ որքան էլ դիմեն իրենց բնորոշ շանտաժային բառապաշարին, Վրաստանի վրա ազդելու լծակներ չունեն: Որքան Վրաստանի համար կարող է անշահավետ լինել ամենախոշոր հարկատուին կորցնելը, նույնքան ու գուցե շատ ավելի Ադրբեջանի համար է անշահավետ կորցնել իր նավթն ու գազը արևմտյան շուկաներ տեղափոխելու միակ հաղորդուղին հանդիսացող Վրաստանը: Եվ սա թե\' վրացական և թե\' հայկական կողմին ավելի ազատ գործելու հնարավորություն է տալիս:
Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ արդյունք տվեց Ալիևից առաջ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վրաստան, հատկապես՝ իրանական գազի տարանցման հեռանկարի առումով: Իհարկե, սխալ է հուսալ, թե նման նուրբ հարցերի կապակցությամբ կողմերը հենց սկզբից կբացեն բոլոր խաղաքարտերը: Սակայն հատկապես նրանից, թե Իրանի հետ համաձայնությունների հասնելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկելու Թբիլիսին և արդեն հաստատապես Հայաստանը, պարզ կլինի, թե որքանով Բաքուն կարող է վստահ լինել Վրաստանին «դարձի բերելու» հարցում:
Հայաստանի պարագան այստեղ ամենավճռորոշն է` հաշվի առնելով, որ այն համոզելու խնդիր ունի ոչ թե Իրանին, այլ առաջին հերթին Ռուսաստանին: Այսօր Հայաստան է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ծրագրվում է, որ մինչև դեկտեմբերի վերջը Հայաստան կայցելի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բայց եթե անգամ նրանք Երևան չեն գալիս առաջնահերթորեն նաև այս հարցը քննարկելու, ապա սա Երևանի համար Ռուսաստանին Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով նոր էներգետիկ խողովակի ստեղծման նպատակահարմարության մեջ համոզելու հիանալի հնարավորություն է, որի համար շանսեր, իսկապես, կան:
Գևորգ Դարբինյան