կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 16:15
Քաղաքական

Ուորլիքը փորձեց ռևերանս անել Ադրբեջանի առաջ

Ուորլիքը փորձեց ռևերանս անել Ադրբեջանի առաջ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե ՄԽ համանախագահները  հորդորում են Հայաստանին` ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ:

«Ուորլիքը պետք է փակագծերը բացի` ազնիվ լինելու իմաստով: Բոլորս գիտենք, որ հայկական կողմն ասել է` եկեք` սկզբունքների մասով պայմանավորվենք, որից հետո կանցնենք բանակցային տեքստի մշակմանը: Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը ավելի մեծ է, քան այն, ինչ հրապարակվել է: Ուրեմն` ամբողջ փաստաթուղթը պետք է հրապարակվի, որ հասկանանք, թե այդ ո՞ր սկզբունքներն են, որոնք Ադրբեջանը չի ընդունում: Ադրբեջանի հրապարակային կոչերը վերաբերում էին խաղաղության մեծ պայմանագրին: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ մեծ խաղաղության պայմանագիր պետք է մշակել` առանց մադրիդյան սկզբունքների հիման վրա համաձայնության գալու»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Ուորլիքի այն հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները լիարժեք պաշտպանում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում, Թևան Պողոսյանը նշեց. «Այստեղ էլ պետք է ազնիվ լինել, որովհետև հայկական կողմը 3 տարի անընդմեջ դրա մասին ասում է,  իսկ Ադրբեջանը մերժում է: Հիմա թող գնան մերժող կողմի` Ադրբեջանի հետ պայմանավորվեն»:

Ուորլիքի նշած «անկեղծ բանակցային գործընթաց»-ի մասին խոսելիս էլ Թևան Պողոսյանն ասաց. «Անկեղծ»-ը կարող եմ ընկալել, եթե լսեմ, որ Ադրբեջանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ընդունել են մադրիդյան բոլոր սկզբունքները: Իսկ ես, ցավոք, նման հայտարարություն նրանցից չեմ լսել: Վերջին անգամ այդ սկզբունքների շուրջ բանակցություններ պետք է տեղի ունենային Կազանում, ինչը ադրբեջանցիները տապալեցին: Եվ մինչև Ուորլիքը այս ամենը չի մանրամասնում, ինձ թվում է` այդքան էլ անկեղծ չէ, ուղղակի նա փորձեց ինչ-որ ռևերանս անել Ադրբեջանի առաջ»: