կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-06-07 18:13
Հասարակություն

Հավատա՞նք, թե՞ չէ

Հավատա՞նք, թե՞ չէ

Օրեր առաջ կենդանաբանները խոսեցին մի քարտեզի մասին, որը կազմվել է Կրիտիկական էկոհամակարգերի հիմնադրամի կազմակերպած տարածաշրջանային հանդիպումների արդյունքում:

 

Ավելի քան 150 փորձագետներ հիշյալ քարտեզի վրա տեղանշվել են բնապահպանական եւ կենսաբազմազանության ամենակարեւոր տարածքները: Վերլուծելով այդ ուսումնասիրությունները` պարզվում է, որ Ջերմուկի այդ հատվածը կարեւորագույն կենսաբազմազանության տարածք է: WWF-Հայաստան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, հիշյալ քարտեզին հղում անելով, մատնանշում է, որ Ամուլսարի տարածքը ամենակարեւոր միգրացիոն միջանցք է գիշատիչ կենդանիների եւ թռչունների համար. «Այդ տարածքում ապրում են բեզոարյան այծեր»:

 

Հիշեցնենք, որ դեռեւս 2008թ., երբ հարց էինք հղել Կ. Մանվելյանին, թե Հայաստանի որ հատվածներում են հանդիպում բեզոարյան այծեր, նա պատասխանել էր. «Հայաստանում ընդամենը 3 նման տեղ կա` Եղեգիսի կիրճը, Խոսրովի արգելոցի Կաքավաբերդի տեղամասը եւ Մեղրու տարածաշրջանը, իսկ մնացած տեղերում դրանք հատուկենտ են»:

 

Նախօրեին կենդանաբանները դժգոհում էին, որ կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների համար նախատեսված մոնիտորինգը ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի է պետք անցկացնել Ամուլսարում:

 

Սակայն դրան զուգահեռ նույն մեղադրողներից մեկը հայտարարում է, որ WWF-Հայաստանը շատ կարճ ժամանակահատվածում կատարել է ուսումնասիրություն` պարզելու, թե արդյոք կարելի է Ջերմուկի տարածքում ստեղծել ազգային պարկ` հիմնվելով եղած երեք արգելավայրերի վրա:

 

«Ուսումնասիրություններն իրականացրել ենք 40 հազար հա հեկտարի վրա: Նախատեսվող՝ «Ջերմուկ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են 5 տեսակի անողնաշարավորներ եւ 34 ողնաշարավորներ, որոնք գրանցված են ՀՀ կարմիր գրքում: Դրանց թվում են կովկասյան ընձառյուծը, չղջիկների տեսակներ, մուֆլոնը, բեզոարյան այծը եւ այլն»,- ասել է Կ. Մանվելյանը:

 

«Երկիր»-ի հետ զրույցում Մանվելյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ իր ցույց տված քարտեզը եւ այնտեղ նշված արյալները կրկին փաստում են, որ այդ տարածքը համարվում է բեզոարյան այծերի բնադրավայր, իսկ մուֆլոնի եւ ընձառյուծի համար Ամուլսարը կարեւորագույն միգրացիոն միջանցք է:

 

«Դա մենք չենք ասում, այդ մասին միջազգային մասնագետներն են ասել»,- ասում է Մանվելյանը` չմանրամասնելով, թե ովքեր են միջազգային մասնագետները:

 

«Այդ տարածքը չի կարող հիմնական տեղ լինել բեզոարյան այծի եւ մուֆլոնի համար, սակայն Հայաստանում երկու միջանցք կա, որից մեկը Ամուլսարն է, որը կապում է Հայաստանը Ղարաբաղի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց WWF-Հայաստանի ծրագրերի նախկին համակարգող Իգոր Խորոզյանը:

 

Կենսաբանական գիտությունների թեկնածու Մամիկոն Ղասաբյանն էլ, ով «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացրել է Ամուլսարում կենդանական աշխարհի մոնիտորինգը, մեզ հետ զրույցում հայտնեց. «Ո՜չ մուֆլոնի, ո՜չ հովազի եւ ո՜չ էլ բեզոարյան այծի հետքեր չեմ հայտնաբերել, բացի արջից, որի մասին ես գրել եմ իմ հաշվետվությունում: Դա ընդամենը երեք ամսվա ուսումնասիրություն է եղել: Ինքս նաեւ գրականություն նայեցի, բայց այնտեղ չեմ հանդիպել, որ դրանք Ամուլսարում կան»:

 

Ղասաբյանը հիշեցրեց նաեւ, որ 25-30 տարի առաջ Ջերմուկի խաչմերուկից ներքեւ, Արփա գետի ձախ ափին, ինքը մի քանի անգամ տեսել է այծեր, որոնք այսօր չեն հանդիպում:

 

«Երկիր»-ի դիտարկմանը, թե կա՞ն, օրինակ, լուսանկարներ եւ տեսագրություններ, որոնք կփաստեն այդ կենդանատեսակի առկայությունը Ամուլսարի տարածքում, Կ. Մանվելյանը նշեց, որ լուսանկարներ անելու համար պետք է ֆոտոբռնիչներ տեղադրել. «Իհարկե, նախկինում միշտ գրանցել ենք: Քարայծ այնտեղ 100 տոկոսով կա: Ներկա պահին լուսանկարներ չունենք, բայց որ ամռանը գնանք, կտեսնենք»:

 

WWF-Հայաստան գրասենյակը պնդում է, որ այդ տարածքում կան բեզոարյան այծեր, սակայն մինչ օրս չի կարողանում փաստեր ներկայացնել. միակ փաստը քարտեզներն են, իսկ այդ կենդանատեսակի կճղակների հետքերի կամ արտաթորանքի լուսանկարներ չունի, որոնք էլ կապացուցեին դրանց առկայությունը:

 

Մանվելյանը պնդում է, որ նախկինում միշտ գրանցել են, իսկ թե որ թվականին, WWF-Հայաստան գրասենյակի ղեկավարը նշեց. «40 թվականի գրականություն կա, որն ապացուցում է»:

 

Այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս մոնիտորինգ չի կատարվել այդ տարածքներում, քանի որ նույն միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի առաջին երկու կարեւորագույն ծրագրերից մեկը վերաբերում էր բեզոարյան այծի պոպուլյացիային եւ կովկասյան ընձառյուծի պահպանմանը, Մանվելյանը նշեց. «Մենք կուղարկենք մեր աշխատակցին, եթե թույլ տան, կմտնեն կնայեն»:

 

«Գեոթիմ» ընկերությունից (որն առաջիկայում պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը) հայտնում են, որ իրենք ի սկզբանե դիմել են WWF-Հայաստան գրասենյակին, որպեսզի տվյալ տարածքում իրականացնեն կենսաբազմազանությանը վերաբերող մոնիտորինգ, այնինչ միջազգային կազմակերպությունը հրաժարվել է համագործակցությունից:

 

«Մեր կանոնադրությամբ չի թույլատրվում համագործակցություն հանքարդյունաբերող կազմակերպության հետ»,- ասում է Խորոզյանը:

 

Անդրադառնալով բեզոարյան այծերի եւ հայկական մուֆլոնների ապրելավայրերի եւ միգրացիոն երթուղիների քարտեզներին՝ նշենք, որ «Երկիր»-ին հաջողվել է գտնել մի հաշվետվություն, որից հասկացվում է, որ WWF-Հայաստան գրասենյակը Կրիտիկական էկոհամակարգերի հիմնադրամի դրամաշնորհի արդյունում 2008-2009 թթ. իրականացրել է «Հայկանան մուֆլոնի ներկան եւ ապագան» մոնիտորինգը:

 

Հաշվետվությունում, որը ստորագրված է 2010թ. մայիսի 23-ին Իգոր Խորոզյանի կողմից, տեղադրված են քարտեզներ, որոնցից մեկն ապացուցում է, որ մոնիտորինգի արդյունքում հայկական մուֆլոն նկատվել է Ուրծի լեռներում եւ Զանգեզուրի լեռնաշղթայում:

 

Այս կենդանատեսակը միգրացիան կատարում է միայն Նախիջեւան եւ հակառակը:

 

Նույն այդ քարտեզում նշված է, որ մուֆլոններ չեն գրանցվել Սյունյաց եւ Արցախի բարձրավանդակներում:

 

Իրենց կազմած քարտեզների մասին խոսելիս՝ Ի. Խորոզյանը նշեց, որ այդ ուսումնասիրությունն արվել է իրենց մոնիտորինգի արդյունքում. «Խոսրովից սկսած մինչեւ Մեղրի, իսկ Ամուլսարի տարածքը դրա մեջ չի մտել: Անպայման անհրաժեշտ է Ամուլսարի եւ Ջերմուկի տարածքում հետազոտություններ կատարել, բայց դրա համար ռեսուրսներ եւ մարդիկ են պետք»:

 

Արդեն նշեցինք, որ Կ. Մանվելյանը նախօրեին հայտարարել է, որ իրենք շատ կարճ ժամանակում Ջերմուկում եւ նրա հարակից տարածքներում ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում մի շարք բուսատեսակներ եւ կենդանատեսակներ են գրանցել:

 

2010-ին Խորոզյանի կողմից ստորագրված ուսումնասիրություններում մուֆլոնների մասին ասվում է հետեւյալը. «Հայաստանում մուֆլոնների արեւելյան շրջանը` Զանգեզուրը, եւ տեղի կենդանաշխարհը բավական լավ ուսումնասիրվել է սկզբնական ժամանակների հետազոտություններում, թեեւ կան բացթողումներ: Օրինակ, կան տեղեկություններ, որ Մեղրու շրջանում մուֆլոններն ավելի հաճախ են հանդիպել մինչեւ 1970-ականները: Պետք է նշել նաեւ, որ կան ոչ հստակ վկայություններ որոշ անհայտ կենդանիների մասին, որոնք նկատվել են Ջերմուկի մոտակայքում»:

 

Հիշեցնենք, որ մինչ օրս կենդանաբանները նշում էին, որ Հայաստանում այս կենդանատեսակի համար կա երկու միգրացիոն միջանցք, որից մեկը Խոսրով-Ուրծի լեռներ-Նախիջեւան, իսկ մյուսը՝ Բագուշատի լեռներ-Զանգեզուրի լեռներ-Նախիջեւանն է, որը նաեւ հաստատում է Բնության պահպանության միջազգային միության կողմից հաստատված քարտեզը, որտեղ շատ պարզ նշված են բեզոարյան այծերի եւ հայկական մուֆլոնների ապրելավայրերը եւ միգրացիոն միջանցքները, իսկ Ամուլսարը դրանցից դուս է:

 

«Ղարաբաղում բեզոարյան այծեր կան, Հայաստանում էլ կան, բայց դրանք ոնց են այդ կապը պահում. երկու տարբերակ կա: Մեկը գնում է բարձրավանդակի հյուսիսային մասով, որտեղից այդ բարձրավանդակն իջնում է, ավելի հարմար է կենդանուն՝ շարժվելու համար, իսկ մյուսը հարավով է գնում` Գորիսի կողմով՝ Որոտանի կիրճով»,- ասաց Ի. Խորոզյանը` հավելելով, որ ինքը ավելի լայն տարածք է պատկերացնում, քան Ամուլսարի տարածքն է. «Ամուլսարի տարածքը շատ փոքր է եւ մի քիչ կողք է ընկնում»:

 

Այս առումով Մ. Ղասաբյանը հայտնեց. «Իմ կարծիքով՝ այծի համար կարեւոր միգրացիոն գոտիները Ջերմուկի վերեւի մասով դուրս են գալիս դեպի Վարդենիսի լեռնաշղթա, այնտեղից էլ՝ Ղարաբաղյան լեռնազանգված: Հենց այդ վերեւի մասով է ճանապարհը: Իսկ ներքեւի մասով Վայոց ձորով միանում է Զանգեզուրի լեռնաշղթայով` Նախիջեւանին»,- ասաց Ղասաբյանը` հիշեցնելով, որ իր ասած վերին մասի միգրացիոն միջանցքը շատ թույլ է. «Բեզոարյան այծը եւ մուֆլոնը հիմնականում իր միգրացիան անում է Նախիջեւան»:

 

Հարցին, թե մինչ օրս ինչո՞ւ WWF-Հայաստանը իր ծրագրերի շրջանակներում ուսումնասիրություններ չի իրականացնել այդ կարեւոր միջանցքում` Ամուլսարում, Խորոզյանը պատասխանեց. «WWF-ի համար հետազոտությունները կարեւորագույն բան չեն, նա զբաղվում է բնապահպանությունով եւ այդ տեսակների մոնիտորինգով, իսկ մոնիտորինգը հետազոտություն չէ, մոնիտորինգը գնահատում է, թե տեսակը ոնց է արձագանքում մեր բնապահպանական միջոցառումներին»:

 

WWF-Հայաստանն արդեն մի քանի տարի խոսում է Ջերմուկն ազգային պարկ դարձնելու միջոցառման մասին, ինչը նաեւ հաստատեցին ՀՀ բնապահպանության նախարարությունում, սակայն դա հիմք չի հանդիսացել, որ միջազգային կազմակերպությունն ավելի վաղ իրականացնի իր համապարփակ մոնիտորինգը:

 

Ավելին նշենք, որ կազմակերպության կողմից տպագրված գրքույկներում, ինչը վերաբերվում է այծերին եւ ոչ մի տեղ չի հիշատակվում Ամուլսարը` որպես այդ կենդանու միգրացոն միջանցք:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ