կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 00:47
Առանց Կատեգորիա

Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա մեզ. Աքրամ Այլիսլի

Ղարաբաղի ժողովուրդը պետք է հավատա մեզ. Աքրամ Այլիսլի

Աքրամ Այլիսլիին, ով հեղինակել է Ադրբեջանի ԽՍՄ-ում ապրող հայերին նվիրված «Քարե երազներ» գիրքը եւ դրա պատճառով արժանացել ադրբեջանցիների հալածանքներին, բացառիկ հարցազրույց է տվել gazeta.ru լրատվական կայքին: Yerkir.am-ը հարցազրույցից մեջբերում է ուշագրավ հատվածներ:

 

«Դեռեւս Խորհրդային Միության եւ Ռուսական կայսրության տարիներին նման մեղադրանքներ (խեղաթյուրել է Ադրբեջանի պատմությունը, անմարդկային կերպով ներկայացրել է Ադրբեջանի ժողովրդին - Yerkir.am) են հնչել բազմաթիվ մեծ գրողների հասցեներին` սկսած Գոգոլից մինչեւ Սալտիկով-Շչեդրինը: Եվ դրանք, կարծում եմ, արդարացի չեն եղել:

 

Ես բազմիցս ասել եմ` կողմ եմ նրան, որ հայ եւ ադրբեջանցի պատերազմող ժողովուրդները մոտենան իրար: Սակայն այս քաղաքականությանը կառավարությունը դեմ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է հող նախապատրաստել, այնպես անել, որ Ղարաբաղի բնակչությունը հավատա մեզ` ադրբեջանցիներիս, որ մենք պատրաստ են ներողություն խնդրել նրանցից: Բայց այստեղ` Բաքվում, միայն գրում եւ ասում են, որ հայերը մեր պատմական թշնամիներն են:

 

Իմ վեպը քաղաքական չէ, բայց ես դեմ եմ արտահայտվում երկու ժողովուրդների միջեւ անառողջ հարաբերություններին: Ինձ մեղադրում են միակողմանի դիրքորոշման մեջ: Բայց իմ վեպում կան նաեւ շատ բարի ադրբեջանցի կերպարներ, օրինակ` բժիշկ Ֆարզանին: Եվ հենց այդպիսի մարդկանց արարքներն են վկայում այն մասին, որ մեր ժողովուրդը բարոյական է ու բարի:

 

Վեպն առաջին անգամ հրապարակվել է մի ամսագրում, որտեղ իմ գործերից շատ հաճախ են տպագրում: Մտածեցի` կգա ժամանակը, եւ լույս կտեսնի նաեւ գիրքը: Անցած աշնանը (Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ներում շնորհումից հետո - Yerkir.am) հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հարաբերությունների լարվածությունն անցավ բոլոր սահմանները, շուրջ բոլորը հայերի դեմ քարոզչություն էր: Այդ իսկ պատճառով ես որոշեցի ռիսկի դիմել: Այդ քարոզչությունը թե' հայերին եւ թե' ադրբեջանցիներին ոչ մի օգուտ չի տա:

 

Ես, ցավոք, երբեմն մոռանում եմ` որտեղ եմ ապրում: Մեր Սահմանադրությունը պաշտպանում է խոսքի ազատոթյունը, բայց հայտնվում են նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր խախտում են այն: Նրանք վերցրել են գեղարվեստական գիրքը եւ քննարկում են այն, ինչպես քաղաքական մանիֆեստը: Գեղարվեստականը կենդանի օրգանիզմ է, նրա հետ այդպես վարվել չի կարելի:

 

Ընդդիմությունը եւ գործող իշխանությունը իմ գրքի հարցում կարողացան վերջապես միավորվել մեկ տեսակետի շուրջ: Նրանք հայտարարել են, թե ես շոշափել եմ այնպիսի հարցեր, որոնք սպառնում են մեր անկախությանը եւ ազգային անվտանգությանը: Բայց չէ՞ որ գրողն էլ արտահայտվելու իրավունք ունի: Նրանք գեղարվետական երեւույթները քաղաքականացնում են եւ օգտագործում հօգուտ իրենց շահերի: Կամ էլ` հայրենասիրությունն այդպես տարօրինակ ձեւով են պատկերացնում: Դա ինձ տխրեցնում է: Այսօր Ադրբեջանը փորձում է աշխարհին զարգացած երկիր երեւալ, բայց նրանք այրում են իմ գրքերը, եւ ոչ միայն «Քարե երազները», այլեւ բոլորը, իսկ այդ ամենը` հեռարձակում հեռուստատեսությամբ:

 

Մարդուն անհրաժեշտ է օդ` շնչելու համար, եւ եթե ինձ զրկեն դրանից, հավանաբար, ստիպված կլինեմ հեռանալ երկրից: Սակայն չէի ցանկանա 75 տարեկան հասակում հեռանալ: Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, բայց ամեն ինչ հանգեցնում է նրան, որ քաղաքական ապաստան խնդրեմ: Եվ դա շատ տխուր է:

 

Ես անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ գրել եմ մի վեպը, որը վիրավորում է իմ ժողովրդին»: