կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-23 10:28
Հասարակություն

Դրախտիկցին պետք է հավատա, որ ինքը մենակ չէ, նրա կողքին են կառավարությունը, մարզպետարանը. Գեղարքունիքի մարզպետ

Դրախտիկցին պետք է հավատա, որ ինքը մենակ չէ, նրա կողքին են կառավարությունը, մարզպետարանը. Գեղարքունիքի մարզպետ

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում արտասովոր տոնական տրամադրություն էր տիրում: Գեղարքունիքի մարզպետարանը, Շողակաթի համայնքապետարանը և «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էին «Վարդավառը Դրախտում» միջոցառումը, որին մասնակցում էին Դրախտիկի, հարևան բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել տեղի բնակիչների կրթական և մշակութային մակարդակը, ինտեգրել նրանց մարզի մնացած բնակավայրերի հետ: Կազմակերպիչները միջոցառման միջոցով հնարավորություն տվեցին Դրախտիկի և հարևան բնակավայրերի բնակիչներին իրենց արտադրած գյուղմթերքը հանել տոնավաճառի:

«Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ստելա Սարուխանյանն իր խոսքում նշեց, որ այսօր որոշել են Դրախտիկում իրականացնել ագրոհեղափոխություն, մտածելակերպի փոխություն: Գյուղացին պետք է հասկանա, որ Դրախտիկն է աշխարհի կենտրոնը: Նրանք պետք է երջանիկ լինեն այնտեղ, որտեղ որ իրենք ապրում են:

Միջոցառումն ընթացավ մշակութային բովանդակալից ծրագրով, գյուղմթերքների, տեղի շնորհալիների ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ և վաճառքով: Գեղարքունիքի մարզպետ իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ ինքը հավատում է Դրախտիկի զարգացմանը և մոտ ապագայում այն տեսանելի կլինի:

«Սա կարևոր մի քայլ է, որտեղից և պետք է սկսենք: Սա մի քայլ է բնակավայրը և տեղի արտադրանքը հանրությանը ներկայացնելու և դրանք ճանաչելի դարձնելու համար: Սա մի կարևոր քայլ է գյուղական տուրիզմի և զբոսաշրջության զարգացման համար: Գյուղն ունի դպրոցի, մանկապարտեզի, ենթակառուցվածքների կառուցման ու վերանորոգման և բազմաթիվ այլ խնդիրներ: Այս ամենը մենք գույքագրում ենք և հերթով փորձելու ենք դրանց լուծում տալ: Շնորհակալություն եմ հայտնում «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպությանը՝ այս նախաձեռնության համար: Ես հավատում եմ Դրախտիկի զարգացմանը: Հավատացած եղեք, որ այս բնակավայրը դառնալու է տարածաշրջանի մնացած բնակավայրերի և համայնքների լոկոմոտիվը: Թող դրախտիկցին հավատա, որ ինքը մենակ չէ, նրա կողքին են կառավարությունը, մարզպետարանը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել և աջակցել», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Միջոցառման ընթացքում Իշխան Սաղաթելյանին առաջինը շնորհվեց Դրախտիկ բնակավայրի պաշտոնական անձնագիրը՝ «Դրախտի անձնագիրը», որը այսուհետ տրվելու է նաև այստեղ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի:

«Վարդավառը դրախտում» միոցառմանը նախորդել էին գիշերային խարույկը և գիշերակացը՝ տներում:

Այնուհետև Իշխան Սաղաթելյանը դիտարկեց Դրախտիկ բնակավայրի համայնքապետարանի նորակառույց շենքը, որտեղ նախատեսվում է տեղակայել նաև բուժկետ, անասնաբուժական դեղատուն և մոբիլ մանկապարտեզ:

Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ նաև այն նախագծին, որով բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքը կվերափոխվի հյուրատան: Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի աջակցությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

 

marz1

 

marz2