կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 12:14
Քաղաքական

Հավատա՞նք, որ ''Միացյալ խաչ''-ի տեղադրման որոշումը անցյալ տարի է կայացվել

Հավատա՞նք, որ ''Միացյալ խաչ''-ի տեղադրման որոշումը անցյալ տարի է կայացվել

Երեւանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց «Միացյալ խաչ» անունը կրող հուշարձանը` որպես հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ: Արձանի բացմանը  հատուկ նշանակություն է տրվում, քանի որ տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան պետական այցի շրջանակներում:

 

Շաբաթ օրը քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Yerkir.am-ին տեղեկացրել էր, թե արձանի տեղադրման որոշումը կայացվել է  դեռեւս 2012թ. ապրիլի 27-ին'  քաղաքապետի կողմից: Սակայն քաղաքապետարանի կայքում մեզ չէր հաջողվել գտնել այդ որոշումը: Այս կապակցությամբ Արթուր Սարուխանյանն այսօր Yerkir.am-ին հայտնեց, թե որոշումը կայքում դեռեւս չի տեղադրվել, քանի որ կայքի վերազինման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, եւ հին տվյալներից շատերը դեռ չեն  հասցրել վերբեռնել նոր կայք: «Խնդիրը զուտ տեխնիկական է»,- նշեց Արթուր Սարուխանյանը' հավելելով, որ ցանկացած պահի կարող է ցույց տալ այդ որոշումը հավաստող փաստաթուղթը: Իսկ Yerkir.am-ի պնդմանը, թե ինչո՞ւ մինչ օրս չենք տեսել այդ որոշումը, նա պատասխանեց, թե ով ուզեցել է տեսնել, տեսել է:

 

Ի դեպ, «Միացյալ խաչ» հուշարձանը, ըստ նախնական տվյալների, այսօր պետք է բացեր Վլադիմիր Պուտինը: Սակայն արձանի բացումն իրականացրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը` Սերժ Սարգսյանի ներկայությամբ, առանց Պուտինի: Իսկ թե ինչո՞ւ էր հենց այդ ժամը որոշվել արձանի բացման համար, քաղաքապետարանից նշեցին, թե իրենք չեն այս միջոցառման կազմակերպիչը, այլ կառավարությունը, իսկ կառավարությունից ոչ ոք այս հարցին պատասխան չտվեց: