կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 10:30
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը Եվրոպա չէ

Ադրբեջանը Եվրոպա չէ

Ազատատենչ ղարաբաղցիների նկատմամբ հսկողություն միջոցների փնտրտուքներում Ադրբեջանում հասել են աբսուրդի: Դժվար է ուրիշ կերպ գնահատել ադրբեջանական առաջնորդ Ի. Ալիեւի վերջին հայտարարությունները. «Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, որտեղ խաղաղ ու հանգիստ գոյակցում են տարբեր ազգությունների եւ դավանանքների ներկայացուցիչներ», եւ «Լեռնային Ղարաբաղում կարող են կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները»:

 

Ակնհայտ է, որ այս կարգի հայտարարությունների համար ազդանշան հանդիսացան Եվրամիության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, թե ԵՄը մտադիր է մեծացնել իր դերը տարածաշրջանային այնպիսի հակամարտությունների լուծման գործում, ինչպիսիք են ԼՂն կամ Մերձդնեստրը: «Մենք սկսում ենք այդ տարածաշրջաններում վստահության մթնոլորտի վերականգնման ծրագրի գործընթացը եւ ստանձնելու ենք ավելի լուրջ դերակատարություն այդ խնդիրների լուծման մեջ: Բայց, իհարկե, մեկ օրում բացարձակորեն չենք փոխելու այդ խնդիրների լուծման շրջանակները»,- հայտարարել էր ԵՄ-ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Եվ համառ ադրբեջանցիները որոշել են, թե ժամն է արդեն, ու ձեռնամուխ են եղել եվրագիտակցության մշակմանը: Ադրբեջանցիները հույս ունեն, որ ռուսական գազային մատակարարումներից շնչահեղձ լինող Եվրոպան փափագում է «երկնագույն վառելիք» ստանալ Ադրբեջանից եւ հանուն դրա Ղարաբաղը «կնվիրի» իրեն: Սակայն Բաքվում նկատի չեն ունեցել համաշխարհային գործընթացները… Խոսքը աշխարհում շարունակվող աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի մասին է, որոնք արդեն հանգեցրել են միջազգային հարաբերությունների հին համակարգի բեկմանը եւ շարունակում են բուռն թափով ընթանալ Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջաններում, Մերձավոր Արեւելքում, Բալկաններում եւ հենց բուն Եվրոպայում: Օրինակ, մինչեւ վերջերս եվրոպացիները ամերիկացիների նման հերքում էին այն ակնարկներն անգամ, թե Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է նախադեպ լինել հակամարտող մյուս տարածաշրջանների համար:

 

Այսօր, սակայն, թեկուզ ոչ ԵՄ ներկայացուցիչների շուրթերով, հաճախ մտքեր են ասվում, մասնավորապես, հօգուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման… Եվ սա՝ եվրոպացիների շրջանում ազգայնական տրամադրությունների աճի խորապատկերին, որոնք անասելի հոգնել են մահմեդական «ներխուժումից» եւ միգրանտների՝ իրենց թվաքանակով Եվրոպային օտար արժեքներ ու խաղի կանոններ պարտադրելու փորձերից: Առանց կրակ ծուխ չի լինում. իզուր չէ, որ եվրոպական եւ, ընդհանրապես, արեւմտյան մամուլում ավելի հաճախ են հրապարակումներ լինում Արցախի մասին: Այսպես, իտալական «Եվրասիա» աշխարհաքաղաքական հետազոտությունների ամսագրում տպրագրված «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը. պատմական վերականգնում եւ հեռանկարներ» հոդվածում Ջուլիանո Լուոնգան նշում է, որ «այն ամբողջ ժամանակահատվածում, քանի դեռ ԼՂն գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, Ղարաբաղի հայերը, որոնք բնակչության 90 տոկոսն էին կազմում, ենթարկվել են զանազան ճնշումների եւ «գետտոացման»:

 

Հեղինակը հիշեցնում է 1988թ. էթնիկ զտումների մասին, որոնք համատեղ կերպով իրականացրին Մոսկվան եւ Բաքուն, ինչպես նաեւ «Օղակ» գործողության մասին, որի հետեւանքով Հյուսիսային Ղարաբաղի երկու շրջան հայաթափվեց, եւ ընդգծում է, որ ԼՂ բնակչությունը «ձեռնարկեց իրավական տեսանկյունից իդեալական քայլեր (հանրաքվե), որի արդյունքներով, ըստ ԽՍՀՄ օրենքների, հռչակեց իր անկախությունը»: Ջ. Լուոնգան հրադադարի վերջին խախտումների ամբողջ պատասխանատվությունը դնում է միլիտարիզացվող Բաքվի վրա:

 

Շատ ավելի կարեւոր է The New York Timesում լույս տեսած հոդվածը, որում ասվում է Արցախը ճանաչելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե տեղի իշխանությունները պահպանեն որոշակի պայմաններ. «Թափանցիկ պետական կառավարումը, ազատ ընտրությունները եւ խաղաղ արտաքին քաղաքականությունը նույնպիսի կենսական կարեւոր նշանակություն ունեն «ֆանտոմ պետությունների» համար, ինչպես իրականների պարագայում է: Եթե «ֆանտոմ կառավարություններն» իրենց լավ են դրսեւորում, նրանց պետք է լեգիտիմության ուղիներ առաջարկեն աշխարհի խոշոր տերությունները: Տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները կարող են զուգահեռ ընթանալ եւ նպաստել անգամ ինքնիշխանության մասին քննարկումներին»:

 

Այսինքն՝ եթե Արցախում իրավիճակը եւ քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը համապատասխանեն ժողովրդավարական այն արժեքներին, որոնք առաջին պլանում են Արեւմուտքում, ճանաչումը կարող է հետեւել… Այս առումով մտածելու բան ունեն ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, եւ պետք է սկսեն գործել: Բաքվում ավելի լավ է՝ մտածեն Ադրբեջանում բնակվող տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ժողովուրդներին ու ազգություններին ինքնավարություն տալու մասին, որոնց տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները փորձում են կերպափոխել «ադրբեջանցիների»:

 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ