Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ Հայաստանում խախտվում են մարդկանց իրավունքները, ըստ վիճակագրական տվյալների` աճում են բոլոր տեսակի հանցագործությունների թվերը, այդ հարցերով զբաղվող երկու պաշտոնյա` մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եվրոպական շրջագայությունների են մեկնել մի շարք երկրներ: Նրանք այնտեղ հանդիպումներ են ունենում տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ, ուրախ-զվարթ լուսանկարվում նրանց հետո, հաղորդագրություններ տարածում, թե` խոսեցինք սրանից-նրանից` ամեն ինչից, քննարկեցինք, հաղորդակցվեցինք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրինակ, հեռավոր Նիդերլանդների Թագավորություն է այցելել․ նշում են, որ դա աշխատանքային այցելություն է: 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական Միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Իսկ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում է` դարձյալ աշխատանքային այցի շրջանակներում, մարտի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ: «Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները», եւ այս համատեքստում Մանասյանն ընդգծել է, որ «բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ ձեւավորված երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը»։
Մանասյանը նաեւ մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր եւ աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման եւ վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Տպավորություն է, թե այս իշխանությունները եռանդով զբաղված են արցախցիների խնդիրներով, սակայն իրականում սրանք բոլորը փիառի մաս են կազմում եւ արվում են «գալոչկա» դնելու համար` ոչ մի կոնկրետ արցախցու խնդիր ՀՀ ՄԻՊ-ը չի լուծել: Իսկ արցախցիների խնդիրների առկայությունն օգտագործում են աշխարհից մի քիչ գումար մուրալու համար` նրանց օգնություն ցուցաբերելու անվան տակ:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշում է, որ, իր կարծիքով, այդ երկու կանայք միաժամանակ այցելել են եվրոպական երկրներ, որովհետեւ մտերիմ ընկերուհիներ են: Նրա խոսքով` այս պահին արցախահայերն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց մասին գեթ մեկ խոսք չի ասվում։ «Թե ինչու են այցելում Եվրոպա, ինչ հանդիպումներ են ունենում, դա միայն իրենց է հայտնի: Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված արցախցիների ոչ թե տասնյակ, ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր մարդիկ այսօր ունեն չլուծված բազում խնդիրներ: Ընդ որում` բոլոր այդ խնդիրները կապված են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հետ: Այդ առումով ես խնդրում եմ ՄԻՊ-ին՝ հստակեցնել, թե ինչու հատուկ օպերատիվ խումբ չի ստեղծվում՝ ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների համար: ՀՀ-ն է ընդունել նրանց: Իսկ ընդունել նրանց՝ նշանակում է պարտավորություններ ստանձնել, մեր բոլոր հայրենակիցներին ապահովել նվազագույն պայմաններով, որոնց մասին խոսվում է փախստականների մասին կոնվենցիայում, ինչպես նաեւ 2008 թվականին ընդունված այն օրենքում, որը հենց փախստականների մասին է: Այդ երկու փաստաթղթերով ու սահմանադրական նորմերով՝ իշխանությունները պարտավոր են աջակցել ամբողջությամբ: Ես չեմ ընկալում, թե նման այցերն ինչ են տալիս արցախցիներին, եթե նրանց բազում խնդիրները մնում են չլուծված»,- ասում է իրավապաշտպանը:
Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այս պահին։ «Առաջին հերթին՝ պետական աշխատակիցները պատրաստված չեն ո՛չ էթիկապես, ո՛չ էլ ճշգրիտ աշխատանքների առումով: Տալիս են խիստ անորոշ պատասխաններ: Մարդկանց անգամ տարրական բաներ չեն կարողանում բացատրել, ոչինչ չեն անում, հստակեցումներ չեն մտցնում: Անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում արցախցիների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է այս հարցերի մասին մտածի` եվրոպաներ այցելելու փոխարեն»,- նկատում է տիկին Ալավերդյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում