կարևոր
2398 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-10 11:47
Հասարակություն

Ո՞վ է մաշտոցյան գրերը կասկածի տակ դնող ինքնահռչակը, և ինչո՞ւ է այս օրերին քննարկվում դա․ մասնագիտական պարզաբանում

Ո՞վ է մաշտոցյան գրերը կասկածի տակ դնող ինքնահռչակը, և ինչո՞ւ է այս օրերին քննարկվում դա․ մասնագիտական պարզաբանում

Հնագետ, ուրարտագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը գրում է․

«Այսօր, համացանցից տեղեկացա, որ ԵՊՀ կայքում տեղադրվել է մի նյութ, որտեղ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը պատմում է Նախամաշտոցյան Հայաստանի գրերի վարկածի վերաբերյալ իր ուսումնասիրությունների մասին:

Անկեղծ ասած, զարմացա, քանի որ պարոն Ներսիսյանը, որքան որ հիշում էի բոլորովին այլ շրջանի մասնագիտացում ունի: Ինքս պարոն Ներսիսյանի հետ շփվել եմ մի քանի անգամ, միշտ պահպանել խորին հարգանքը և նրան ընկալել որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբների Հայոց պատմության տարբեր կարևոր հարցերով զբաղվող գիտնականի:

Այսօր մտածեցի՝ գուցե սխալվել եմ: Բացեցի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի էջը և պարոն Աշոտ Ներսիսյանի գիտական հետաքրությունների համար նշված է հետևյալը. https://www.ysu.am/user/835

• Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմություն

• Հայաստանի Առաջին հանրապետության պատմություն

• Հայկական հարցի պատմություն

• Հայ քաղաքական կուսակցությունների պատմություն

Ինչպես տեսնում ենք և ոչ մի տող Նախամաշտոցյան գրային համակարգի և կամ հայոց գրերի ստեղծման մասին: Ինչևէ, ԵՊՀ կայքում տեղադրված նյութում, օրինակ արված են նմանատիպ մեկնաբանություններ.

«Վերլուծության արդյունքում պրոֆեսորը փորձել է հիմնավորել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է նախամաշտոցյան գրերի հիմքով, որ, ըստ պրոֆեսորի, ի պահ էր հանձնված Հունաստանի Սամոսատ քաղաքում»:

«Այդ մասին կան վկայություններ նաև հռոմեական աղբյուրներում»,-նշում է Աշոտ Ներսիսյանը՝ հավելելով, որ հեթանոսության վերացմամբ փորձ է արվել վերացնել նաև հեթանոսական ժամանակաշրջանի հայերեն գրերը՝ նոր մշակույթ ձևավորելու նպատակով»:

«Ըստ պրոֆեսորի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում, երբ հեթանոսական մշակույթն ավերվում էր, Յոքաստոս (Աքաստոս) անունով հայտնի հայ քուրմերից մեկը Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ»:

Հիմա, անդրադառնամ պարոն Ներսիսյանի ուսումնասիրության վերը նշված դիտարկումներին: Սակայն, նախ և առաջ, հարկ է նշել, որ նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերով զբաղվել են օրինակ այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Աշոտ Աբրահամյանը և Արտակ Մովսիսյանը: Քանի որ պարոն Աշոտ Ներսիսյանը հանդիսանում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ապա, դժվար թե ծանոթ չլինի Արտակ Մովսիսյանի՝ իր ուսումնասիրության վերաբերյալ արված բավական կարևոր հետազտություններին: Հիշեցնենք, որ լուսահոգի Արտակ Մովսիսյանը մինչ իր մահը եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչը:

Պետք է նշել, որ Սամոսատը Հունաստանի քաղաք չէ և, եթե հայ պատմիչները այն կարող էին անվանել Հունաստանի Սամոսատ, ապա դա չի նշանակում, որ պարոն Ներսիսյանը ևս պետք է այդպես կարծեր: Հունաստանը բոլորովին այլ վայրում է, Սամոսատը՝ լրիվ այլ տեղ և գտնվել է Կոմմագենեում: Կա արդյո՞ք որևէ սկզբնաղբյուր, որ Հայոց գրերն ի պահ էին տրված Սամոսատում: Ինձ օրինակ նման աղբյուր հայտնի չէ: Պրոֆեսորը նշում է, որ այդ մասին վկայում են հռոմեական աղբյուրները: Իսկ կոնկրետ ո՞ր հռոմեական աղբյուրները: Գուցե կիսվի, մենք էլ իմանանք, եթե նման աղբյուրներ իհարկե կան:

Որտեղ է պրոֆեսորը վկայություններ գտնել Յոքաստոս (Աքաստոս) անունով հայտնի հայ քուրմերից մեկի մասին, ով իբր Հայաստանից հեռացրել է նախամաշտոցյան գրերի մի օրինակ: Ո՞ր սկզբաղբյուրում է նման տեղեկություն վկայված:

Այդ համատեքստի վերաբերյալ ԵՊՀ կայքում նշված է հետևյալը.

«Պրոֆեսորի խոսքով՝ Յոքաստոսը (Աքաստոսը), որ Հայաստանից փախցրել էր հայոց գրերը, արդեն մահացած էր, հետևաբար Պլատոնը հուշում է Մեսրոպ Մաշտոցին, որ հայերեն գրերը Եպիփանոսի մոտ են. «Մաշտոցը պարզում է, որ Եպիփանոսն էլ է մահացել, և ի վերջո Սամոսատում հանդիպում է հույն գրող Հռոփանոսին: Պատմիչների տեղեկությունները թույլ են տալիս կատարել այն համարձակ եզրահանգումը, որ հենց այստեղ է Մաշտոցը գտնում հայերեն գրերը՝ չնայած նրան, որ Կորյունն ու Խորենացին այս պահից հետո գրում են, որ Մաշտոցը, չգտնելով փնտրածը, ինքն է հորինում հայերեն գրերը»:

Այո, պարոն Ներսիսյանի եզրահանգումը խիստ համարձակ է, բայց ոչ փաստարկված: Այն, ըստ ինձ արված է ինչ-որ անձնական ենթադրության, դրանից բխող մեկ այլ ենթադրության վրա, որից բխող եզրահանգումը փորձ է արվում ներկայացնել որպես փաստ; Մինչդեռ, այդ մասին որևէ ուղղակի սկզբանղբյուր կամ վկայություն որքան տեղյակ եմ չկա:

Ըստ Աշոտ Ներսիսյանի մեկնաբանության ՝ Մաշտոցը հորինել է պակասող տառերը՝ ամբողջացնելով գտնված հայոց այբուբենը. «Խորենացին ու Կորյունը վկայում են նաև, որ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը մեկը մյուսից հաստ ու երկար էին: Սա տարակուսանք է առաջացնում, որովհետև եթե Մեսրոպ Մաշտոցն է զրոյից ստեղծել գրերը, ապա կստեղծեր նույն չափի»:

Իհարկե, կարելի է զարմանալ: Բայց ինչ արած: Ստացվում է, որ Սամոսատում իբր պահած, Հայաստանից փածցրած այբուբենը ամբողջական չէր ու Մեսրոպ Մաշտոցն էլ հորինեց այբուբենի մյուս տառերը: Եվ դրա համար բերվում է մի մոտեցում, որ Մաշտոցի ստեղծած տառերը չէին կարող մեկը մյուսից հաստ ու երկար լինեին ու Մաշտոցը, եթե ստեղծեր հայոց տառերը, ապա կստեղծեր նույնչափ: Իսկ օրինակ, ինչու՞ նման տրամաբանությամբ չանենք մի համարձակ եզրահանգում, որ եթե Մաշտոցը ստեղծեր հայոց այբուբենը, ապա դրա առաջին տառը կլիներ Մ-ն, քանի որ հենց Մ-ն է նրա անվան առաջին տառը: Իսկ հետաքրքիր է պարոն Աշոտ Ներսիսյանը որքան խորը գիտելիքներ ունի հայոց տառաչափության վերաբերյալ: Դե տառերի հաստության ու երկարության մասին եթե նշենք, ապա օրինակ, եթե գրենք ա-, ապա յան ավելի հաստ կլինի, քան եթե գրենք ս, իսկ ս-ն էլ ավելի կարճ կլինի, քան, եթե գրենք ի-: Սրանք , իհարկե, փոքրատաեռեր են: Բայց կարծես թե Մեսրոպ Մաշտոցը հենց Սամոսատ է գնացել Հռոփանոս անունով մի գեղագրի մոտ, որպեսզի վերջինս ձևավորեր իր ստեղծած տառերը:

Սակայն, ինձ ավելի վրդովեցնում է հետևյալ միտքը. « հեթանոսության վերացմամբ փորձ է արվել վերացնել նաև հեթանոսական ժամանակաշրջանի հայերեն գրերը՝ նոր մշակույթ ձևավորելու նպատակով»:

Այդ դեպքում, ինչու՞ նախաքրիստոնական գրեթե բոլոր տոները, ավանդույթները սինկրետացվեցին հայոց քրիստոնեկանին: Այդ դեպքում, քրիոստենության ընդունումից առաջ, հայոց արքաներն ինչու՞ էին գրում հունարենով և կամ օրինակ, արամեերենով: Այն որ Մաշտոցից առաջ կային գրային համակարգեր, մեհենագրեր, նշաններ, դա փաստ է և այդ մասին կա լուրջ գիտական անդրադարձ: Սակայն ինչու՞ է այսօր, երբ փորձ է արվում հարվածներ ուղղել դեպի Հայ առաքելական սուրբ եկեղեցին, մեկ էլ մի գիտնական, որ թեմայի վերաբերյալ չունի նեղ մասնագիտացում, փորձ է անում ցույց տալ, որ հայոց գրերը չունեն աստվածային ծագում, կասկածի տակ դնել, որ դրանք Մաշտոցը չի ստեղծել...

Ինչևէ, ես էլ որոշել եմ լրջորեն զբաղվել հայ ազգային ազատագրական շարժման ուսումնասիրության: Հետո ինչ, որ դրա մասնագետ չեմ, մի քանի գիրք բան կկարդամ ու կանեմ համարձակ եզրահանգումներ…»։