կարևոր
1768 դիտում, 13 ժամ առաջ - 2025-07-10 00:10
Քաղաքական

Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր

Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։

Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ստամբուլ: Ինչ քննարկեցին էրդողանն ու Փաշինյանը Թուրքիայում՝ հայտնի չէ։ Հանդիպման մասին տարածած տեղեկատվությունն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ «Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը»։ Կարգավորման ընթացք չկա, կառուցողական երկխոսություն՝ առավել ևս։

Բայց ահա «կոնկրետ արդյունքներն» ակներև են։ Թուրքիայից վերադառնալուց հետո իշխանությունները «բացահայտեցին» սարսափազդու և մահազդու մի դավադրություն, որը պետք է իրականացվեր մանկական ճայթուկներով՝ ժամկետանց ծրագրի համաձայն։ Արդյունքում՝ քրեական գործեր հարուցվեցին «Սրբազան շարժման» անդամների և անձամբ Բագրատ սրբազանի դեմ։ Կալանավորվեցին շարժման շուրջ երկու տասնյակ անդամներ ներառյալ Բագրատ Սրբազանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Սրբազան շարժման» դեմ ծավալած գրոհին և Բագրատ սրբազանի կալանավորմանը հաջորդում է նիկոլի ուժայինների ամոթալի հարձակումը Մայր Աթոռի վրա (այլ կերպ այդ գործողությունը բնորոշել հնարավոր չէ)։ Նման բան, մինչ այժմ, իրենց թույլ էին տվել բացառապես օտարազգի զավթիչները։ Հեղաշրջման/իշխանազավթման մեղադրանքով կալանավորվում է հականիկոլական հայացքներով հայտնի ևս մեկ բարձրաստիճան հոգևորական՝ Միքայել սրբազանը։ Սաստկանում է Հայաստնանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վայրահաչը՝ թիրախավորելով անմիջապես Վեհափառ Հայրապետին։

Զավեշտալի մեղադրանքով կալանավորվում է Կարեն Կարապետյանը։ ՔՊ-ն մոտ ապագայում ավարտին կհասցնի ՀԷՑ-ը խլելու գործընթացը։ Չի բացառվում, որ միայն ՀԷՑ-ով չսահմանափակվեն։ Ու հենց այդ օրերին, լրիվ պատահաբար, Հայաստանն ու թուրքիան քննարկում են էներգետիկ բնագավառում համագործակցության կարևորությունը։ Ինչո՞վ պակաս կոնկրետ արդյունք է։

Եվ վերջապես գրոհը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դեմ։ Բացի Արթուր Սարգսյանի դեմ զավեշտալի քրեական գործ հարուցելուց ու կալանավորելուց, ոչ պակաս զավեշտալի քրեական գործեր են հարուցվում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է գլխատել ամենամեծ և արմատական ընդդիմադիր խմբակցությունը։ նիկոլականները սպառնում են շարունակել քրեական հետապնդումների շարքը։

Ահա այսպիսի արդյունքներով է նիկուլը վաղը հանդիպելու իր կիրթ և կառուցողական գործընկեր իլհամի հետ։ Զեկույց կներկայացվի կատարած աշխատանքների ու ձեռքբերված արդյունքների մասին, պարզաբանումներ կներկայացվեն որոշ ուշացումների վերաբերյալ (օրինակ՝ ինչու է Վեհափառը դեռևս վեհարանում), նոր բարձրունքներ նվաճելու հանձնարարականներ կտրվեն։ Այնպես որ, սպասեք այս տրագիկոմիկ սերիալի շարունակությանը։ Վերջիվերջո, ալիևին ու էրդողանին անհրաժեշտ է Հայաստանը զրկել ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից, դարձնել խամաճիկային, կառավարելի պետություն։ դե իսկ նիկոլը պատրաստ է լինել դրանց նշանակած կուսակալը, միայն թե պահպանի իր աթոռը։

Ուստի, ամենևին էլ պատահական չէր, որ Հայաստանում իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական տեռորի այս ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքում․․․․»։