կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-21 04:38
Առանց Կատեգորիա

Մեր կրոնը մեզնից հեռանում ու փնտրում է իրեն

Մեր կրոնը մեզնից հեռանում ու փնտրում է իրեն
Ինչքանով եւ ինչով ենք մենք քրիստոնյա

 

Հայաստանում կան Հայ Առաքելական եկեղեցու որոշակի թվով հավատացյալներ, որոնք գիտակցված քրիստոնյաներ են, գիտեն Աստվածաշունչը մանրակրկիտ, տոնում են բոլոր կրոնական տոները, պահում են բոլոր պասերը,կանոնավոր հաճախում են եկեղեցի:

 

Նրանք են, որ հաճախ սաստում են առանց գլխաշոր եկեղեցի մտնող մնացած քրիստոնյաներին,շատ պահանջկոտ են նրանց  հանդեպ,առանձնանում են Հիսուսի անունը տալու հաճախականությամբ եւ դրանով հաստատում իրենց առավելությունը այդպես չանող մնացածների հանդեպ:

 

Սա մի մասն է:Ստույգ թիվ չկա, բայց   բոլոր եկեղեցիներն ունեն կանոնավոր եկեղեցի հաճախող կայուն ու մշտական հոգեւոր հոտ:

 

Քրիստոնյաների, իմ դիտարկմամբ ու համոզմամբ ավելի մեծ մասը կանոնավոր եկեղեցի չի հաճախում,առանձնապես տեղյակ չի կրոնական արարողություններին,կանոններին,տոներին, բացառությամբ մի քանի ,ասենք`Սուրբ ծննդյան,Հարության,Ծաղկազարդի տոների:

 

Եկեղեցի հաճախելու նրանց հիմնական ,եթե ոչ միակ դրդապատճառը խնդրանքն է`Աստծուց ինչ-որ բան խնդրելը:Որոշակի  կրոնական տոների մատուցվող պատարագից հետո բաժանվող նշխարին «տիրանալու» հայ քրիստոնյաների ինքնամոռացությունը եւս վկայում է  միմիայն Աստծո ողորմածությանը արժանանալու ձգտման մասին,սակայն դրանից դուրս քրիստոնեական պատվիրանները առանձնապես կենսակերպի թելադրող չեն դառնում:

 

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հոտը միավորող ամենաընդհանուր ատրիբուտը խաչն է,որի հանդեպ միստիկական  վերաբերմունքն ու ակնածանքը  առկա է բոլորի մեջ կամ գոնե` էական մեծամասնության:

 

Բոլորովին չունենալով թերթի հերթական հոդվածի սահմաններում հավատքի,Աստծո  սահմանումը տալու  ամբիցիոզ նպատակը`այնուամենայնիվ համարձակվում եմ կարծել, որ իրապես բարեպաշտ հայ քրիստոնյաների  համար նշվածն ասոցացվում է առաջին հերթին սեփական խղճին դեմ չգնալու ու իմացած մի քանի կարեւոր պատվիրանները չխախտելու հետ:Նրանք հնարավորինս փորձում են դա անել:Հոգեւոր հոտի այս հատվածը քիչ է:

 

Ում են համարում Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդները իրենց հոգեւոր առաջնորդներ

Սիրված ու մեծարված հոգեւորականներ հայերն ունեցել են : Բայց խորհրդային մի քանի սերնդի համար Հայ առաքելական եկեղեցու խորհրդանիշը  Վազգեն Ա Վեհափառն էր:

 

Հոգեւորականին մինչ օրս շարքային հայ քրիստոնյան պակերացնում է նրա տիպով:Խոորհրդային հայերը,որոնք առաջին հայացքից աթեիստ էին,իրականում ավելի մեծ հավատ ու հարգանք ունեին հավատքի խորհրդի հանդեպ,քան  եկեղեցու այսօրվա մեծաքանակ այցելուները, որոնք բոլորովին չունեն ներքին,անհասկանալի անհարմարության զգացումը, որ ունեին խորհրդային հայերը եկեղեցի այցելելիս:Հենց այն ժամանակ էր առավել քիչ հնչում Աստված,Աստծո որդի, Քրիստոս անունները ու դրանով էլ ավելի էին այդ բառերը դասվում “զգույշ” բառերի շարքին, ոչ թե արգելքի, այլ խանադաղատանքի առումով:

 

Վազգեն  Ա Վեհափառի կերպարը ազդեցիկ էր  աթեիստ խորհրդային հոգեւոր հոտի համար:Նրա խոսքը սպասված էր ու կարեւոր:Նրա հորդորը լսելի էր:

 

Առաջադեմ ու քաղաքական հարցերում այլակարծիք ու համարձակ հայերը երբեմն մեղադրում էին եկեղեցուն Խորհրդային պետությանը ենթարկվելու մեջ,բայց ակնածանքը Վեհափառի  անձի հանդեպ դրանով հանդերձ անվիիճելի էր:

 

Նրա կերպարն է որոնում այսօրվա հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հոտը:Նրա կերպարի բացակայությունն է ուղղորդում շատերին այլ տեղ, ուր կարող են հավատ առաջացնել մարդու ու երկնայինի միջեւ եղած կարգավիճակի հանդեպ:Այդ կարգավիճակն ունեցողն է շարքային հավատացյալին ապրումակցման ու մենակ թողնված չլինելու վերբալ ու ոչ վերբալ հավատ ներշնչում:Իսկ կարգավիճակը կայանում է մի շարք լուրջ ու պարզունակ գործոնների առկայությամբ:

 

Մարդու համար ամենահամոզիչը  որեւէ հարցի մասին տեսակետ ունենալու համար` սեփական ապրումն է,սեփական զգացողությունները ու տարիներ հետո նույնիսկ` դրա հիշողությունը:Վազգեն Վեհափառի մասին իմ ունեցած ապրումը կապված է ղարաբաղյան հանրահավաքներից մեկի ժամանակ նրա արտասանած  խոսքի հետ` ուղղված  հավաքվածներին,որրոնք այդ պահին դժվարանում էին լսել որեւէ մեկի բանականության ու զսպվածության կոչը, քանի որ զգացմունքայնությունը հասել էր գագաթնակետին:Նրա խոսքը լսվեց ու առաջացրեց ներքին ցնցման պես մի բան:

 

Ինչ է իմանում հոգեւորականի մասին այսօրվա հայ քրիստոնյան

Մարդիկ` նույնիսկ ամենաչկրթված ու նրանք, որ  առանձնապես խորքային վերլուծությունների ընդունակ չեն` հրաշալի տեսնում են  իր կոչմանը հոգեւորականի համապատասխանության ու անհամապատասխանության  փաստը:Մանավանդ, որ այդ փաստերը քողարկելու առանձնապես ջանքեր չեն գործադրվում:

 

Մարդու մեջ իսկապես ամեն ինչ  ամրապնդվում է իր մի սեփական օրինակով, քան բազմաթիվ ուրիշ գիտելիքներով,եթե նույնիսկ նրանք հավաստի են ու հիմնավոր:

 

Կենսագրությանս մեջ ունենալով հին հոգեւորականների փառավոր անտեսանելի շառավիղը` ես այսօր կրողն եմ բոլորովին ուրիշ հոգեւորականների կերպարի,այն, որ տեսնում եմ,իսկ այն ,ինչ եղել է `եղել է վաղուց ,երբ ես ծնված չեմ եղել եւ ինձ համար չշոշափվող ,գեղեցիկ պատմություն է միայն ու երբեմն-երբեմն սնապարծության կամ փառասիրության հնարավորություն:Այսօրվա հոգեւորականի իմ կնիքը մնացել է ոչ վաղանցյալում `2001 թ-ին իմ նորածին երեխայի մկրտության արարողությունից ինձ համար մինչ օրս շատ սիրելի Սուրբ Զորավոր եկեղեցում:Մկրտության արարողության ամենահուզառատ պահին զանգեց քահանայի հեռախոսը ու նա ընդմիջեց գրաբարյան հորդորներն ու մաղթանքները ու մի անչափ աշխարհաբար հեռախոսային խոսակցությամբ ընդհատեց բոլորիս համար կարեւոր արարողությունը:Այս դիպվածը ունի մի քանի վկա `հանձին մկրտվող երեխաների կնքահոր ու կնքամոր եւ մի քանի հարազատների:

 

 Մարդու ուղեղում ամեն ինչ ավելի ուժեղ  ամրապնդվում է սեփական ապրումի միջոցով:

 

Տարիներ հետո մեկ այլ եկեղեցու բակում այդ նույն երեխան, որ արդեն հինգերորդ դասարանում էր, ու մի անբացատրելի սիրով կարդում ու սովորում էր «Եկեղեցու պատմություն» առարկան, ինձնից լավ գիտեր Աստվածաշունչը, սեփական մտքեր ուներ  ավերված հեթանոսական տաճարների մասին`երկար ու ուշադիր հետեւում էր մեր հոգեւոր հայրերից մեկի սեփական մեքենան լվանալու երկրային արաողությանը, որը զուգորդվում էր շատ համարժեք սլենգով ու գոչյուններով, ու երկար պատկառազդու սքեմի փեշերը պարբերաբար ծնկների մեջ առնելով :Երկար նայելուց հետո “устами младенца” հանճարեղությամբ  կամաց հարցրեց.«ինքը հավատացյալ ա՞»:

 

Ամեն մարդու ու ամեն շարքային քրիստոնյայի ուղեղում կարեւորն ամրապնդվում է սեփական ապրումով:2005-ին քանդվեց Աբովյան 15  հասցեում գտնվող Լեզվի ինստիտուտի շենքը` Հայ առաքելական եկեղեցու նոր հիմնական նստավայր սարքելու համար:Այդ շենքը իմ մանկության գլխավոր տարածքներից էր: Այս շենքի հետ կապված էր իմ կյանքի մի մեծ հատված:Շենքը արմատախիլ արվեց:Այդ շենքում մի քանի տասնամյակ աշխատած հայ գիտնականներ ու լեզվաբաններ մնացին անշենք ,եթե չհաշվենք գրականության ինստիտուտի առաջին հարկի մի մասում նրանց տրամադրված մի քանի սենյակ տարածքը: Սա հարցի մի մասն է: Գեղեցիկ,ամուր, հին շենքը, որը կենսագրություն ուներ,քաղաքի խորհրդանիշներից մեկն էր`շատ դժվար էր քանդվում ու քաղաքացիները մեծ ցավով կանգնած նայում էի ,թե ինչպես հզոր մեքենայի այլանդակ  հարվածներից հին միջնապատն այնուամենայնիվ դիմադրում ու չէր քանդվում: Իսկ իմաստն ու նպատակը մեկն էր`նստավայրը պետք է լինի հենց այստեղ: Այդ ժամանակ քաղաքի գլխավոր ու «երկրորդական» ճարտարապետները  այդքան հետեւողական չեղան, ինչպես հետո, երբ փորձ արվեց գրավել ուրիշ տարածք:

 

Իսկ ուրիշ տարածքը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն էր: Այդ օրերին հոգեւորականներն այնպես չարացած էին հարձակվում իրենց “մոլորյալ” հոգեւոր հոտի վրա ,կարծես Աստծո պատվիրաններից առնվազն երեքը անվավեր էին հայտարարվել:Մենք տեսանք,թե ինչ է չարացած հոգեւորականը ու հիշեցինք,որ «միջակ քահանան այլանդակություն է»

 

Սա եւս գումարվեց հոգեւոր ոլորտի հետ իմ ու շատերի ակամա զուգահեռներին:

 

Հետո իմացանք զենք կրող  արքեպիսկոպոսի ու  այդ առթիվ նրա պատասխանի մասին:

 

Այդ ընթացքում ինձ հաջողվեց տեսնել նաեւ մեր կաթոլիկ թեւի    հոգեւոր «հարստությունը»

Երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության վանահայրը աշխարհի բոլոր լավ լեզուներով արտասանում էր նույն տեքստը  մեր հոգեւոր հարստությունների մասին,ես` Հայաստանից եկածս համարձակվեցի հարցնել ինչու հայերեն ոչ մի բառ չի հնչում այս պատերում,մանավանդ որ ներկաների թվում նաեւ հայեր էլ կան, ինչու բոլոր ներկաների լեզվով պատմում եք, իսկ հայերեն `ոչ: Այս անգամ ես տեսա չարացած կաթոլիկ հոգեւորականի  կատաղությունը,Հայաստանի  հանդեպ նրա զայրույթը եւ մեր խորհրդային անցյալի բոլորովին ոչ տեղին հիշեցումը: Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ կապված միակ հաճելի հուշը տարիներ անց մնաց Իտալիայում Ադրիատիկի ափին մի ձողի վրա  հայերեն “բարի եկար , «հայրենակից» նախադասությունը`առանց այլ զուգորդումների:

 

Սա Հայ Առաքելական եկեղեցուց իմ անձնական, չմիջնորդված տպավորությունն է:Դրանից բացի ես ճանաչում եմ երեք հարգարժան ու լուրջ հոգեւորականների, որոնց հետ կարելի է խոսել  հոգեւորականի ապրումակցման ու խորհրդի ակնկալիքով`երեքից միայն մեկն է Երեւանում:

 

Եթե բռնադատվեն ու վերացվեն Հայաստանի բոլոր եհովականները,յոթերորդ օրվա ադվենտիստները,այսօրվա տագնապներով,միայնության զգացման սարսափն իր մեջ զսպած մարդը գտնելու է վեցերորդ օրվա ադվենտիստներին`ապրումակցման`  մարդու  համար առաջին պահանջով,  որովհետեւ հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվների 99,99 տոկոսը դա անել չեն կարողանում :

 

Մեր կրոնը մեզնից հեռացել է, մենք միայն հիշողությամբ ու գենետիկ իներցիայով այն դեռ  պահում ենք:

 

Լուսինե Հովհաննիսյան