Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 30-ը Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Շուշիի Առանձին Գումարտակի» փոխհրամանատար, ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի ծննդյան օրն է։ Դաշնակցական լեգենդար հրամանատարն այսօր կդառնար 60 տարեկան։
Այսօր Պռոշյանի «Զորաց» պանթեոն են այցելել Պետոյի զինակից ու գաղափարակից ընկերները, հարազատները՝ խոնարհվելու, խնկարկելու և շնորհավորելու նրա երկրային ծնունդը։ Պանթեոնը մարդաշատ էր։ Պետոյի շիրիմին ծաղիկներ խոնարհելու էին եկել նաև պռոշյանցի աշակերտ-ուհիները։
Պետոյի զինակից ընկերներից Մխիթար Աբրահամյանը, ում որդին նույնպես այս պանթեոնում է թաղված և զոհվել է 44-օրյա պատերազմում, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կա մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը և դա ոչ բոլորին է տրված։ «Բանաստաղծ Մուշեղ Գալշոյանն ասում էր՝ էս հողը մերը չէ՛, մեզ ի պահ է տրված, էս հողը սերունդներինն է։ Իսկ էս վիժվածքները, էս տղերքի ազատագրած հողը՝ թղթով․ թանաքով, թե վաճառելով՝ հանձնեցին» ,-ասաց Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ առանց ազգային գաղափարը, առանց ազգային իղձերը ոչ մեկ իրավունք չունի մեզնից խլելու, դա սերունդներին պետք է փոխանցենք։
«Մարտական ընկերներով, դաշնակցական ընկերներով հավաքվում ենք այստեղ, գալիս ենք մեր զոհված ընկերների շիրիմներին՝ ուխտ նորոգելու, հոգեպես ամրանալու, խորհուրդ հարցնելու՝ ինչ անենք։ Մեզ առաջնորդ է պետք, մաքուր, անբասիր, նվիրյալ, իրեն զոհաբերող, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկել ու գնանք դեպի հաղթանակ, այլապես անորոշության մեջ կկորչենք» ,-ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։ «ՀՅԴ դրոշը արդեն 133 տարի չի՛ խոնարհվել՝ բացառությամբ շայն դեպքերի, երբ նահատակ ընկերոջ շիրիմին է խոնարհվում։ Ուրեմն, մեզ միգուցե տրված է առաջնորդելու, առաջնորդելու մեր ժողովրդին դեպի հաղթանակ, դեպի հպարտ ապրելու, մեր սերունդներին հայրենիք թողնելու, այդ բարդ, բայց արժանապատիվ խնդիրը։ Կոչ եմ անում բոլորին՝ չողբանք երբե՛ք։ Եթե թախիծ, արցունքներ, տխրություն, բայց ողբ չկա՛։ Մենք պետք է այցելենք տղերքի շիրիմներին ու խոնարհվենք, բայց անպայման իրենցից խորհուրդ ստանալով կազմակերպվենք» ,-հավելեց Սարգսյանը։