Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշեց չշարունակել մեր երկրում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դա հիմնավորեց նրանով, թե կառավարման և այլ հանգամանքների հետ կապված թերություններ կան, և որ ՀՀ կառավարությունը պետք է բարելավի որոշ ցուցանիշներ:
Կորպորացիան ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար իբրև չափորոշիչ է ընտրել «արդար կառավարման, մարդկային կապիտալում արվող ներդրումների և տնտեսական ազատության խթանման» սկզբունքները: Եթե ծրագիրը դադարեցվում է, նշանակում է օժանդակությունից օգտվող երկիրը շեղվել է հենց այդ սկզբունքներից, որոնք ակնհայտորեն կապված են մարդու իրավունքների և ազատությունների հետ:
Պատահական չէ, որ այս որոշումը կայացվեց ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից 2010 թ. աշխարհում մարդու իրավունքների հետ կապված տիրող իրավիճակի մասին զեկույցի հրապարակումից հետո: ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղենիշների որոշման հարցում հսկայական ազդեցություն ունեցող այս փաստաթղթում Հայաստանում տիրող իրավիճակը չափազանց կոշտ որակումներով էր ներկայացվել: Ս
ակայն թե' պետդեպի զեկույցը և թե' «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի դադարեցումը Հայաստանի իշխանությունների կողմից ընդունվեց անթաքույց անտարբերությամբ: Արձագանքողը եղել է ընդամենը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ով, վկայակոչելով ըննդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքների նկատմամբ իշխանության վերաբերմունքի՝ ըստ էության իմիտացիոն փոփոխությունը, ասել է, թե կորպորացիան իր որոշումը կփոխի:
Նույն վերաբերմունքը դրսևորվեց նաև ԵԽԽՎ` Հայաստանի հարցով համազեկուցողների ապրիլի 14-ին արած հայտարարության կապակցությամբ, որով մատնացույց էին արվում չլուծված մի շարք հարցեր` կապված մարտիմեկյան դեպքերի, 10 զոհերի մահվան հանգամանքների և ազատազրկվածների և ընտրական բարեփոխումների փաստացի անբավարարության հետ:
Սրան էլ պատասխանեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, թե դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում: Միմյանց հաջորդող այս գործընթացներում կարմիր թելի պես անցնում են Հայաստանում ժոովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված առկա խնդիրները, ստանձնած պարտավորությունների փաստացի չկատարման իրողությունը: Իհարկե, արտաքին այս վերաբերմունքի արտահայտումը ունի նաև ընդգծված քաղաքական պաստառ, սակայն այն հիմնված է իրական փաստերի վրա:
Մինչդեռ իշխանություններն այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես թե այդ խնդիրները բոլորովին էլ իրենց չեն վերաբերում: Խնդիրը միայն «Հազարամյակի մարտահրավերներ»-ից ակնկալվող գումարների կամ Արևմուտքի քաղաքական կողմնորոշումների մեջ չէ: Այլ այն իրողության, որ իշխանության մոտ «իմունիտետ» է ձեռք բերվում թե ներսից և թե դրսից հնչող արդարացի քննադատությունների նկատմամբ, և այդ անտարբերությունը վերածվում է վարքագծի: Իսկ հնչող ինքնաքննադատությունն ավելի շուտ իմիտացիոն բնույթ ունի, որովհետև թերությունների առկայության ընդունումը բացարձակապես չի հանգեցնում դրանք վերացնելու գործողությունների:
Այս միտումի շարունակվելու դեպքում իշխանության «կաշին կարող է այնքան հաստանալ», որ անդառնալիորեն կբթանա թե' ցավի զգացողությունը և թե' իրավիճակը ադեկվատ գնահատելու կարողությունը:
Ա.Գ.