Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկել է Aurora dialogues քննարկումները։ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին էլ նշեց, որ ցեղասպանությունները կանխելը հնարավոր է, եթե աշխարհը համբերություն ունենա, և թույլ տա, որ ժողովրդական արժեքներն առաջին տեղում լինեն։ «Բացի այդ, կարծում եմ՝ անհատների պատասխանատվությունն էլ իր դերն ունի, այլ ոչ թե միայն պետությունների, քանի որ պատմությունից մենք գիտենք դեպքեր, երբ մեղավոր են ոչ թե պետությունները, այլ անհատները։ Որպես մարդու իրավունքների պաշտպաններ՝ մենք պետք է արդարությանը սատարելու ուղիները ցույց տանք, սակայն խնդիրները երբեմն աբստրակտ լուծումներ են պահանջում, և պետք է առաջնորդվես իրավիճակից ելնելով»,- ասաց Ջիլանին՝ հավելելով, որ բռնության ձեւերից մեկն էլ գենդերային բռնությունն է, որը տեղի է ունենում ամեն օր՝ բոլոր երկրներում։ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, «Նոբելյան» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ ցեղասպանությունների, պատերազմների կանխարգելման երկարաժամկետ լուծում կարող է լինել հետևյալը՝ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ մարդկային արժանապատվություններն են արժեւորվում, այսինքն՝ չպետք է լինեն պատերազմներ ու սով։ «Սակայն սրան հասնելու համար տարիներ կպահանջվեն, բայց եթե մարդկանց արժանապատվության մասին չմտածեք, երբեք մեկ քայլ անգամ առաջ չենք գնա։ Պետք է վերջ դրվի ընթացիկ պատերազմներին, օրինակ, Եմենում մի կողմից հրադադար է հայտարարվել, իսկ մյուս կողմից, շարունակում են ռմբակոծել մարդկանց, և դեռ ուզում են, որ մարդիկ չհեռանան իրենց տարածաշրջանից։ Բոլորս էլ գիտենք, որ փախստականների առաջին հանգրվանն Աֆրիկան է, որտեղ նրանք զրկված են ամենատարրական պայմաններից՝ նույնիսկ խմելու ջրից։ Հիգիենայի պայմանները բացակայում են, չկան դպրոցներ, և ոչ ոք չի մտածում այն մասին, որ տարիներ անց անգրագետ սերունդ ենք ունենալու»,-ասաց Էբադին։ Ըստ նրա՝ փախստականներից քչերին է բախտ վիճակվում հասնել Եվրոպա․«Ամեն ամիս գիտե՞ք՝ քանի մարդ է խեղդվում Եվրոպա հասնելու համար։ Եթե Աֆրիկայի ճամբարում կյանքը բարեկեցիկ լիներ, մարդիկ, իրենց կյանքը վտանգելով, չէին փորձի հասնել Եվրոպա։ Մյուս կողմից, Եվրոպան չի կարող ընդունել անսահմանափակ թվով փախստականների»: