կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-26 13:12
Հասարակություն

Երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի. Նիկոլ Փաշինյան

Երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գիտությունը զարգացնելու մեծ ներուժ է տեսնում: Այս մասին նա հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ունեցած ելույթում:

Նա հստակեցրեց, թե ինչ է պետությունն ուզում գիտությունից: «Մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես տեխնոլոգիական երկիր և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական ներուժը, այդ թվում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը: Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին, և կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չի ֆինանսավորվում, ինչպես պետք է ֆինանսավորվի: Բայց ուզում եմ ասել, որ կառավարությունում մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, երբ մենք որևէ խոսակցություն սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի:  Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը, արդյոք կարող ենք լուծել այդ խնդիրը, իսկ եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար: Հետևաբար, ես առաջարկում եմ ընդհանրապես այս տրամաբանությունից դուրս գալ, որովհետև հարցն այն չէ՝ փող կա, թե փող չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում, որովհետև, երբ հստակ ձևակերպենք մեր անելիքներն ու ցանկությունները, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի:  Նպատակները, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- ասաց Փաշինյանը`միաժամանակ անդրադառնալով գիտության ֆինանսավորման թեմային. «Ֆինանսավորման փիլիսոփայության մեջ շատ կարևոր և սկզբունքային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև ֆինանսավորման հարցն այն չէ, թե ինչքան փող կա,  ինչպես այդ եղած կամ չեղած փողը բաշխել արդարացի, հարցն այն է, թե ինչ խնդիր է դրված՝ անկախ նրանից, թե ինչքան փող կա: Այսօր արդեն կառավարությունը գիտության ոլորտում ունի ծրագրային առաջարկներ:  Երբ այդ առաջարկները քննարկվում էին այդ  ծրագրերի ֆինանսավորման համար առկա գումարի թիվը զրո էր: Բայց, քանի որ  ծրագրի հեղինակները համոզիչ են ներկայացնում իրենց ծրագրի կարևորությունը, փողը ինքը իրեն հայտնվում է: Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որը ինքն իրենով կապացուցի, որ և ծրագրի հաջողության, և նույնիսկի անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը և Հայաստանը շահելու է,  կառավարչությունը գումար չգտնի նման ծրագրի համար: Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ Նոր Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա, փողը ստեղծվում է նաև  մարդկանց գործունեության արդյունքում, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում և ուրեմն այն հարցին՝ փող կա, թե չկա, ի պատասխան մենք  պետք է ասենք՝  ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը և ինչքանով ենք մենք համոզված, որ այն, ինչ մենք անում ենք, արժե շատ ավելին, քան փողը: համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում կա անհրաժեշտ գիտական և մարդկային, մտավոր ու բարոյական ներուժ, որպեսզի ամեն օր ստեղծվեն այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը: Ես համոզված եմ, որ արդյունքները իրենց հետևից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետև փողն ամենևին առաջնային չէ, առաջնային է գաղափարը, իսկ գաղափարը հաղթել է,  հաղթում է և պիտի հաղթի»,-եզրափակեց նա: