Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրեաս Ղուկասյանը երեկ ուշ երեկոյան Խորենացի փողոցում ունեցած ելույթում հայտարարել է, թե «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ զորամասի գրավմամբ և ոստիկանների պատանդառությամբ ստեղծված իրավիճակը ահաբեկչական, իսկ խմբի անդամներին ահաբեկիչներ որակող պետական և քաղաքական գործիչները սրիկաներ են: Ըստ նրա՝ խմբի կողմից իրականացված գործողությունը, քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ չի պարունակում: «Չկա որևէ մեկը, ով կարող է պնդել, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների քայլը հանցագործություն է»,-ասել է Ղուկասյանը: Պետք է ենթադրել, որ Ղուկասյանը սրիկա է համարում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բացարձակապես չեն կիսում իր տեսակետն այդ հարցում: Ղուկասյանն իր այս որակումով և ինքն իրենով մարմնավորում է ներհասարակական այն խորը պառակտման գործընթացը, որը տեղի է ունենում առաջացած իրավիճակի գնահատման շուրջ, և որը ստեղծել ու դեռ ողջ թափով զարգացնում է ատելության և փոխադարձ անհանդուրժողականության աննախադեպ հեղձուցիչ ներկայիս մթնոլորտը:
Բոլոր այն անհատները, ովքեր, անգամ փոքրիկ ակնարկ են անում իրականացված գործողության ահաբեկչական բնույթի մասին, անմիջապես որակվում են իշխանության գործակալներ, հակահեղափոխականներ, դավաճաններ, կամազուրկներ կամ ստրկամիտներ: Խմբի գործողությունների համակիրների գնահատմամբ՝ խմբի անդամներն արդեն ազգային հերոսներ են, ազատության կամ արդարության մարտիկներ, պոտենցիալ նահատակներ: Ահա նրանց անունից, փաստորեն, Ղուկասյանը փորձում է իրավական հիմքեր գտնել, հարձակում իրականացրած խմբի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկվելու հասարակական ընկալում ու պահանջարկ ձևավորել: Ավելին. Ղուկասյանի հայտարարությունը թաքնված կոչ է խմբի գործողություններն արդարացնողներին՝ դիմելու այդ տղաների օրինակին, քանի որ ինչպես հայտնի է և ինչպես բազմիցս հենց ինքը՝ Ղղուկասյանն է տարբեր առիթներով հայտարարել, այն, ինչ արգելված չէ օրենքով, ընդունելի և կիրառելի է: Եվ քանի որ նրանց արածը ոչ թե հացագործություն է այլ հերոսություն, ապա կարելի է հանգիստ զենք վերցնել, բեռնատարով ներխուժել ոստիկանության, ինչու ոչ՝ նաև բանակային զորամաս, անգամ գրոհել կառավարության, Աժ-ի կամ ասենք նախագահականի շենքերը, զինվորներին, ոստիկաններին պետական ծառայողներին պատանդ վերցնել և այդ ամենի արդյունքում իշխանությանը պահանջներ ներկայացնել ու հասնել դրանց իրականացմանը:
Դժվար է ասել՝ ո՞ր երկրի քրեական օրենսգիրքն է Ղուկասյանը կարդացել, բայց ՀՀ քրեական օրենսգքրի 217-րդ հոդվածը առնվազն երեք հատկանիշով խմբի գործողություններում ահաբեկչության տարրեր է ընդգծում: Առաջինը՝ «հանրորեն վտանգավոր այլ հետեւանքների առաջացման վտանգ ստեղծող գործողությունների դիմելը (այդպիսին է զենքի գործադրմամբ հաստատության վրա հարձակումը), երկրորդ՝ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու նպատակը՝ (տվյալ դեպքում՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու և նախագահի հրաժարականը պահանջելը), և երրորդ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գործելը (գործել է խումբ, որի իրականացրած հանդուգն հարձակումը շատ պարզ ցույց է տալիս այդ գործողության հստակ նախնական պլանավորված լինելը): Քրեական օրենսգրքի հաջորդ՝ 218 և 219-րդ հոդվածները քրեական հանցագործություններ է համարում ինչպես պատանդներ վերցնելը, այնպես էլ շենքեր, շինություններ գրավելը, եթե դրանք ուղղված են «պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելուն»: Այս իմաստով Անդրեաս Ղուկասյանը մեղմ ասած մոլորության մեջ է գցում հասարակությանը՝ կամա թե ակամա վերածվելով հետագայում հնարավոր նմանատիպ գործողությունների պոտենցիալ կազմակերպչի կամ հրահրողի:
Խմբի անդամներն, իհարկե, չեն գործում այսպես կոչված դասական ահաբեկիչների կանոններով: Նրանք փորձում են լուծել քաղաքական խնդիր՝ նպաստել երկրում օրինականության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների գործարկմանը, գործող իշխանության և հատկապես նախագահի հեռացմանը: Այսինքն նրանց հիմնական նպատակը քաղաքացիներին վնասելը, ահաբեկելը չէ, ոչ էլ պատանդների նկատմամբ բռնության կիրառումն ու նրանց իրենց նպատակներին հասնելու միջոց դարձնելը: Բայց որևէ կասկած լինել չի կարող, որ նպատակին հասնելու համար նրանց ընտրած մեթոդները բնույթով քրեական հանցագործություններ են: Եվ այս իրողությունը չտեսնելը ոչ միայն աչքակապություն է, այլև հանցագործությունների արդարացում, հանցակցություն և որ ավելի վտանգավոր է՝ այդ հանցագործությունների, որպես պետությանը և իշխանությանը լուծումներ պարտադրելու միջոցների լեգիտիմացում ընդհանրապես:
Հարց է առաջանում՝ ո՞րն է քրեական հանցագործությունների ընտրված գործիքակազմն արդարացնելու նպատակը. որ իշխանությունը կատարի՞ ներկայացված բոլոր պահանջները: Բայց հասկանո՞ւմ են արդյոք միայն այս օրվա նեղ պատուհանից նայողները, որ դրանով ստեղծում են այս եղանակով ցանկացած իշխանության հեռացման նախադեպ և երկիրը վերածում բացարձակ քաոսի, որտեղ հարցերը լուծվում են Լինիչի դատաստանի, «սամասուդի» միջոցով: Դա նշանակում է ունենալ իշխանություն, ընդ որում՝ անկախ նրանից որքանով է լեգիտիմ, որը պատրաստ է տեղի տալ նման մեթոդներով իրեն պահանջներ ներկայացնող ցանկացած անձի, խմբավորման պահանջներին: Եթե հիմա քրեական նման ծանր հանցագործությունների միջոցով կարելի է լուծել իշխանության հարցերը, ապա կարո՞ղ են արդյոք հրապարակներում այդ մեթոդներն արդարացնողները երաշխավորել, որ հանրային քիչ թե շատ աջակցություն ունեցող որևէ անհատ կամ խմբավորում, ձևավորված ամենաժողովրդվարական և ամենալեգիտիմ իշխանությանը նման կերպ զիջումներ չի պարտադրելու: Եթե դրանք հանցագործություններ չեն, ապա ի՞նչ են այդ դեպքում իրենց լեգիտիմ իշխանությանը հորդորելու անդրեասղուկասյանները. որ այդ մարդիկ գործում են օրինականության դաշտում և իշխանությունը պետք է կատարի՞ նրանց բոլոր պահանջները, թե՞, այնուամենայնիվ, հորդորելու են «շտուրմով» ոչնչացնել նրանց՝ զուտ այն պատճառով, որ չեն կիսում այդ մարդկանց քաղաքական հայացքները կամ որ իշխանությունն իրենցն է: Եթե այդ մեթոդներն օրինական և արդարացնելի են, ապա ինչո՞ւ Ղուկասյանը և խմբի գործողություններում որևէ հանցակազմ չտեսնողները զենք չեն վերցնում, ու չեն անում այն գործողությունները, որոնց այդքան ջերմեռանդությամբ մղում են ուրիշներին: Ուրիշի վառվող տան կրակին ձեռքեր տաքացնելն անբարոյականություն է և սրիկայություն: Եթե դուք այդպիսի Հայաստան եք ուզում ստեղծել, ապա դա բացարձակապես այսօրվա Հայաստանից լավը չի լինելու:
Առավել նողկալի է, երբ այս գործողություններն արդարացնելու համար հղում են կատարում նախկին ինչ-որ մտացածին երևույթների՝ հիմնականում, կրկին խեղաթյուրելով իրականությունը, կապելով դաշնակցության հետ: Նախ ակնհայտ է, որ զենքի գործադրմամբ խնդիրների լուծման բանաձևը բացարձակապես չի վերաբերել սեփական երկրում սեփական պետությանը կամ քաղաքացիների կյանքը վտանգելով հարցեր լուծելուն: Մյուս կողմից, եթե նույնիսկ ոմանք կարող են առաջնորդվել նման զառանցանքներով, ապա պետք է հարց տան իրենց՝ ինչո՞ւ էին մինչ այս երկրի ներսում զենքի գործադրմանը դեմ, իսկ այսօր՝ կողմ, ու ո՞ր դեպքում էին ավելի անկեղծ ու ավելի ադեկվատ:
Գևորգ Դարբինյան