կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-07 13:40
Հասարակություն

Երբ սկսում են թանկանալ գազն ու էլեկտրաէներգիան, մարդիկ սկսում են մտածել այլընտրանքի մասին, իսկ այլընտրանքն արևն է

Երբ սկսում են թանկանալ գազն ու էլեկտրաէներգիան, մարդիկ սկսում են մտածել այլընտրանքի մասին, իսկ այլընտրանքն արևն է

Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներն այսօր  դարձել են ամենաարդիական սոցիալական խնդիրը: Եթե անցած ձմեռ գազի թանկացման արդյունքում քաղաքացիները մի կերպ կարողացան դուրս գալ կոմունալ ծախսերի անտանելի բեռի տակից, ապա գազի ու էլեկտրաէներգիայի գների հետագա թանկացումները այս ձմեռ սպառնում են դառնալ անլուծելի ֆինանսական խնդիր ՀՀ քաղաքացիների համար: Ոմանք ծրագրում են տաքանալու համար  անցնել փայտ վառելուն,  ոմանք անգամ կխնայեն էլեկտրաէներգիան` ճրագ վառելով: Կառավարությունը հայտվել է ռուսական էներգետիկ մենաշնորհի ճիրաններում, իսկ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին ոչ ոք չի խոսում:

 

Այլընտրանքային էներգիայի արտադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները  Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ ուրախ կլինեին, եթե  պետական մոտեցում ցուցաբերվեր  այլընտրանքային էներգիայի աղբյուրների նկատմամբ, սակայն իրենց ընկերությունները կառավարությունից որևէ համագործակցության առաջարկ երբևէ չեն ստացել: Այլընտրանքային էներգիայի արտադրությամբ զբաղվող «Արփի» ընկերության ներկայացուցիչ Արայիկ Չոբանյանը նշեց, որ շուկայում անտեղյակության խնդիր կա, և առայժմ այլընտրանքային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները փորձում են մարդկանց ներկայանալ ինտերնետում կամ ցուցահանդեսների միջոցով:

 

Նա նշեց, որ արևային ջրատաքացման վակուումային  համակարգ են ներկայացնում, որը երկշերտ ապակու տակ տաքացնում է ջուրը` վակուումի միջոցով: «Առավելությունն այն է, որ տաքացած ջուրն իր ջերմաստիճանը դուրս չի արձակում, տաքացված ջուրը կուտակվում է բաքի մեջ, իսկ բաքն իրենից ներկայացնում է թերմոս, ոչ թե սովորական բաք: Ջերմաստիճանի կորուստ  չի լինում, և 24 ժամ ջերմաստիճանը պահպանվում է: Այս համակարգը ապահովում է միջինում 60 աստիճանի տաք ջուր, այն էկոլոգիապես մաքուր է»,- ասաց Արայիկ Չոբանյանը:

 

Կիրառական հետազոտությունների գործակալության ներկայացուցիչ Վահրամ Կիրակոսյանն էլ նշեց, որ այլընտրանքային արևային էներգիայի ստացման համար սարքավորումներն ամբողջովին արտադրվում են Հայաստանում: Արևային կոլեկտորները հնարավորություն են տալիս օրական 120 լիտր 60 աստիճան ջերմությամբ տաք ջուր ստանալ լոգանքի և այլ պահանջների համար: Համակարգը ձմռան ամիսներին կարող է կոմպենսացնող դեր խաղալ, այսինքն, ջեռուցման համակարգերին զուգահեռ աշխատելով, հնարավորություն կտա քաղաքացուն  ինչ-որ չափով խնայելու էներգիայի ծախսերը:

 

«Դեռևս նոր ենք  ներկայացնում արտադրանքը, արդեն կան հետաքրքրվողներ, կարծում եմ` ապագան սա է: Տեղադրելով նման սարքեր` քաղաքացին կարող է գազի ու էլեկտրաէներգիայի գների աճից անկախ լինել: Այն պայմաններում, երբ սկսում են թանկանալ գազն ու էլեկտրաէներգիան, մարդիկ սկսում են մտածել այլընտրանքի մասին, այլընտրանքն արևն է: Տեղադրելով այդ սարքերը` 5-6  տարի անց կարող են հետ բերել ինքնարժեքը և այն կսկսի արդեն եկամուտներ բերել: Այսօր Հայաստանում այլընտրանքայինից տարածված են ՀԷԿ-երը, իսկ արևային էներգիայի օգտագործման ծրագրեր չկան»,- ասաց Վահրամ Կիրակոսյանը: