Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ քաղխորհրդի տարածած հաղորդագրության մասին, որում դիտարկվում է ԱԺ աշխատանքները բոյկոտելու տարբերակը, նշեց. «ԲՀԿ-ն ավելի խոհեմ պետք է գտնվի ու սպասի իրավապահ մարմինների եզրակացությանը և նոր միայն քաղաքական որոշումներ կայացնի: Բնականաբար, եթե իրենց առիթ է պետք բոյկոտելու, իրենք ցանկացած ժամանակ կարող են առիթ գտնել: Բայց բոյկոտը ես անլուրջ եմ համարում և չեմ հասկանում, թե ինչ կապ ունի ԱԺ-ն բոյկոտելը նման միջադեպի հետ»:
Պատգամավորը ճիշտ չի համարում ԲՀԿ կողմից քաղաքական խորհրդի հայտարարություն տարածելը, եթե չկա իրավապահ մարմինների եզրակացությունը:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում է, թե կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իշխանություններն էլ կարող են այլ բան հայտարարել, բայց մինչև իրավապահները չպարզեն միջադեպի մանրամասները, մենք չենք ուզում հայտարարություններ անել»:
Պատգամավորը նաև հավելեց. «Ցավալի է, որ ԲՀԿ-ն նման ձևով չարձագանքեց նախորդ դեպքերին և տարբերակում է դնում`ԲՀԿ-ական, ոչ ԲՀԿ-ական: Քաղաքացին քաղաքացի է, բայց երբ իրենց կաշվին է հարված հասցվում, նրանք սկսում են ավելի քաղաքականացնել: Բոլոր քաղաքացիները հավասար են, և եթե նման երևույթը դատապարտելի է, և նրանք քաղաքական ակցիա են կատարում, կարող էին անել նաև մնացած դեպքերում»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի` նման միջադեպերին ամենից շատ դեմ են իշխանությունները, որովհետև գիտեն, որ ցանկացած նման երևույթի ժամանակ կլինի շահարկում: «Ուրեմն պետք է մտածենք` ո՞ւմ են ավելի ձեռնտու նման դեպքերը»,- ասաց նա: