Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հեռուստաեթերի լեզվի թեմային:
Նրա համոզմամբ՝ ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է:
Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ: Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և Սփյուռքում:
«Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Մենք պետք է աջակցենք, համագործակցենք հեռուստաընկերությունների հետ: Նրանք զգում են մեր շնչառությունն իրենց թիկունքին: Եթե նախկինում մեր կառույցը պատժիչ ջոկատի դեր էր կատարում, ապա այսօր մենք գործընկեր ենք, աջակից ենք: Մեր նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ խնդրահարույց են հատկապես սերիալները, որի լեզուն անորակության սանդղակով առաջնագծում է: Ինչ վերաբերում է ամենատարածված սխալներին, ապա Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դրանք կարելի է տեսնել կոմիտեի հորդորակների միջոցով, որոնք պարբերաբար հրապարկվում են կայքերում, թերթերում:
Անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերներին նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը:
«Պատճառը չգիտեմ ինչն է: Նա ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է»,-ասաց նա: