կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-20 01:45
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Մարզական անցուդարձը սկսենք շաբաթվա սենսացիայից:

 

Երբեմնի հետնապահ «Շիրակը» մեծ անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին: Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» 1:0 հաշվով` մրցակցի հարկի տակ, հաղթանակ տոնեց գործող գավաթակիր «Փյունիկի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի` 1:1: Այլ հարց է, թե գործող չեմպիոնի պարտությունը հոգեբանական առումով ինչ ազդեցություն թողեց հավաքականի մի քանի ֆուտբոլիստների և Վարդան Մինասյանի վրա:

 

Այդուամենայնիվ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պատրաստվում է մարտի 21-ին հրապարակել այն կազմը, որը մարտի 22-ից կսկսի նախապատրաստվել Ռուսաստանի ընտրանու դեմ Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպմանը: Հիշեցնենք, որ հավաքականը կարող է համալրվել նոր դարպասապահով, որը հայտավորված կլինի Ռուսաստանի ընտրանու դեմ խաղին: Խոսքը ՊՍԺ-ի դարպասապահ Ապուլա Բետեի մասին է: Ջանքեր էին գործադրվում նաև Արազ Օզբիլիսին հրավիրելու համար, սակայն առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել:

 

Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման նախօրեին` մարտի 25-ին, կանցկացվի ֆուտբոլային հանդիպում երկու պետությունների վետերանների մասնակցությամբ. հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։ Հանդիպմանը կմասնակցեն նախկինում հանրահայտ ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կոֆտունը, Ապրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլիշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը, ինչպես նաև Հայաստանի հայտնի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանը և ուրիշներ։

 

Սակայն այս առումով խառնաշփոթը չի ավարտվում. մարտի 26-ին Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների երկրպագուները` ժամը 13:00-ին, ընկերական հանդիպում կանցկացնեն «Փյունիկի» բազայում:

 

2004 թվականից ի վեր արքայական ակումբը չէր կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը: 3:0 հաշվով առավելության հասնելով Լիոնի «Օլիմպիկի» նկատմամբ` «Ռեալը» վերջապես 7 տարվա ընդմիջումից հետո խախտեց օրինաչափությունը և անցավ 1/4 եզրափակիչ: ՉԼ-ի վիճակահանությունն ուշագրավ է. 1-ին անգամ Դոնեցկի «Շախտյորն» անցավ 1/4 եզրափակիչ, որտեղ էլ կհանդիպի կատալոնական Բարսելոնայի հետ: Մադրիդի «Ռեալը» կմրցի անգլիական «Տոտտենհեմի» հետ:

 

Անդրադարձ կատարելով մեր մարզական հանճարներին` հարկ է նշել, որ շախմատային ամենակարևոր միջազգային մրցաշարերից Amber-ի մրցաշարն անցկացվում է վերջին անգամ: 5-րդ տուրում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց: Հայ գրոսմայստերը 2:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ նախ «կույր» շախմատում, ապա հաջողությունը զարգացրեց արագ պարտիայում:

 

Ինդիան-Ուելսի շրջանակներում քառորդ եզրափակիչում է հայտնվել աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիստուհի Մարիա Շարապովան: Եզրափակիչ փուլ դուրս գալու համար նա ուժերը կչափի աշխարհի ներկայիս ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի հետ: Աշխարհի համար 1 թենիսիստ Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում կպայքարի Խուան Մարտինա Դել Պոտրոյի հետ:

 

Անի Մեջլումյան

«ԵՐԿԻՐ»- ի մարզական մեկնաբան