կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-17 02:41
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Վերլուծությունն սկսենք այս շաբաթվա ամենակարևոր մարզական իրադարձության` ծանրամարտի Եվրոպայի առաջնության քննարկումով:

Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց պայքարում 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում 105 կգ-ով գրավեց  9-րդ հորիզոնականը էր, իսկ հրումում`  նվաճեց փոքր բրոնզե մեդալ,  երկամարտի արդյունքով  9-րդն էր:

Կանանց պայքարում 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը պոկում և հրում վարժություններում նվաճեց արծաթե մեդալներ, իսկ երկամարտում՝ Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը` 195 կգ (85+110):

Սամվել Գրիգորյանը երկամարտի 313 կգ (140+173) արդյունքով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում, իսկ Վանիկ Ավետիսյանը 312 կգ-ով (138+172) 6-րդն էր:

77 կգ քաշայինների պայքարում  պոկում վարժությունում  Արայիկ Միրզոյանը 160 կգ արդյունքով հանգրվանեց առաջին հորիզոնականում, իսկ Աղասի Աղասյանը 153 կգ-ով հայտնվեց 5-րդ տեղում: Հրում վարժությունում  Միրզոյանը գրանցեց 187 կգ, իսկ Աղասյանը  ձախողեց բոլոր մոտեցումները:

 Անդրադառնանք Արայիկ Միրզոյանի ելույթներին:

Եվրոպայի առաջնությում «տարօրինակ» դեպք գրանցվեց: «Տարօրինակ» ոչ այն առումով, որ երբևէ նման բան չի պատահել, այլ այն առումով, որ այսքան ակնհայտ և այն էլ հայ-թուրքական մրցապայքարում ոչ մասնագիտական աչքով տեսանելի խախտումը չտեսնելու տվեցին:

Այս պարագայում դժվար է կողմնորոշվել, թե որն էր խնդիրը,  ազգությունը, կրոնական պատկանելությունը, թե...Ամեն դեպքում փաստն այն է, որ խարդախությունն անցավ:

Երկամարտում Միրզոյանը 347 կգ-ով գրավեց երկրորդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց թուրք Սեմիհ Յագշին, որը ևս երկամարտում գրանցեց 347 կգ, սակայն անձնական քաշով 250 գրամով թեթև լինելու հաշվին շրջանցեց հայ ծանրորդին:

Մրցավարները կողմնակալ որոշում կայացրեցին, քանի որ թուրք մարզիկն իր երրորդ մոտեցման ժամանակ խախտեց կանոնները՝ ծանրաձողը գլխավերևում պահելու ընթացքում ծալելով ծնկները: Սակայն մրցավարական կազմը գրանցեց արդյունքը: Արայիկի զայրույթն այնքան մեծ էր, որ պարգևատրման արարողության ժամանակ արտասվում էր:

Անկախ նրանից, թե Եվրոպայի սպորտի ֆեդերացիան ի՞նչ պատիժ կսահմանի և արդյո՞ք կսահմանի կողմնակալ մրցավարների համար, Հայաստանը զրկվեց ոսկե մեդալից: Իսկ մեծահասակների առաջնությունում իր նորամուտը նշած հայ ծանրամարտիկը բախվեց մրցավարական անարդարությանը:

85 կգ քաշայինների պայքարում  Էդգար Գևորգյանը երկամարտում  350 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Մենամարտային ձևերից  բռնցքամարտում  ականատես եղանք մի տհաճ ընդհարման:

 Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը որակազրկվեց WBO-ի վարկածով երկրորդ միջին՝ 76,2 կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտի 10-րդ ռաունդում:

Գևորը և նրա մրցակից  Ռոբերտ Շտիգլիցը պայքարի ժամանակ բախվեցին միմյանց և հատակին ընկան: Այնուհետև Շտիգլիցի աջ աչքի շրջանում մրցավարը պատռվածք նկատեց և որակազրկեց մեր հայրենակցին:

Հուսահատված բռնցքամարտիկը նետվեց մրցավարի վրա և մի քանի հարված հասցրեց նրան, որից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրին Գևորին ռինգից: Վերջինիս կես տարով որակազրկել են, նա պետք է նաև 5100 եվրո տուգանք վճարի: 

Այս շաբաթ հայերիս համար  վաղուց սպասված մեդալ նվաճվեց: Բեռլինում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը թափահարումներ նժույգի վրա վարժությունում վաստակեց 14.950 միավոր և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: 

«Էլ կլասիկոյից»  առաջ վիճակն ինչպես միշտ սրված է: Սակայն այս անգամ`  պրոֆեսիոնալներին հատուկ դիվանագիտությամբ: Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այսօր կայանալիք վիճահարույց հանդիպման մասին. «Ես միշտ լավ կարծիք եմ ունեցել «Ռեալի» մասին: Կարծում եմ, որ մեր մրցակիցը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Մադրիդցիները գերազանցում  են մեր ֆուտբոլիստներին, քանի որ ավելի շատ են հարվածում մեր դարպասին: Բացի դրանից, նրանք ավելի արագ են և ֆիզիկապես ավելի լավ պատրաստված: «Ռեալի» խաղացողները շատ լավ են օգտագործում ազատ գոտիները և կարողանում են շատ արագ հասնել հակառակորդի դարպասին»:

Իսկ ահա Ժոզե Մոուրինիոն ինչպես միշտ օրիգինալ ժանրում է: Ոչ գովաբանում է, ոչ էլ փնովում: Վերջինս պարզապես լռել է մամուլի ասուլիսի ժամանակ,իսկ նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանել է Այտոր Կարանկան:

«Ամեն անգամ, երբ Մոուրինիոն ինչ-որ բան ասում է, նրա խոսքերը խեղաթյուրում են: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» հետ խաղին, ապա մեր մրցակիցը 1 օր ավելի ունի հանգստի համար ունի, ինչն, ըստ էության, ավանդույթ դարձել է: Համարում եմ, որ վաղվա կլասիկոյում «Ռեալը» հաղթելու լավ հնարավորություն  ունի»,- ասել է Կարանկան: 

Հանգուցալուծումը կեսգիշերից հետո:

Ինչ վերաբերում Չեմպիոնների լիգային: Եվ այսպես կիսեզրափակիչ անցան հետևյալ ակումբները. «Բարսելոնա», «Ռեալ», «Շալկե», «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Երկիրի» մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ