Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականի խաղացողը մասնակցում էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին:
Դոնեցկի «Շախտյորի» հաղթարշավը Չեմպիոնների լիգայում շարունակվում է: Ուկրաինայի չեմպիոնը, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում 3:2 հաշվով առավելության հասավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:
Մխիթարյանը спорт-экспресс-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստան-Ռուսաստան խաղի մասին. «Այդ խաղը նույնքան կարևոր է, որքան յուրաքանչյուր այլ հանդիպում, որում խաղարկվում է երեք միավոր, բայց ես այն առանցքային չեմ կարող անվանել: Մեզ համար հակառակորդի անունը էական չէ: Գարնանը մենք մրցելու ենք Ռուսաստանի հավաքականի հետ սեփական հարկի տակ, բայց կցանկանայինք, որպեսզի այդ հանդիպումը Սլովակիայի հետ կայացած հաղթական խաղին չզիջեր: Կարծում եմ` ռուսների դեմ կխաղանք նույնքան արդյունավետ, որքան` սլովակների»:
Անդրադառնալով ֆուտբոլային թերևս ամենակարևոր իրադարձությանն ասենք, որ տնտեսական ճգնաժամը ներխուժել է Չեմպիոնների լիգա: Այստեղ կարելի է մեջբերել հայտնի ժաղովրդական ասացվածքը. «...ուրագի պես` միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ»: Հետաքրքիր է` 15%-ով թանկացումն ի՞նչ ծախսեր է փակելու, կամ տրիբունաներն ի՞նչ նոր ու անհրաժեշտ ծառայություններ են առաջարկելու երկրպագուներին:
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը քննադատության է արժանացել մայիսի 28-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք ՉԼ եզրափակիչ խաղի տոմսերի բարձր արժեքի համար: Երկրպագուների համար այս եզրափակիչն ամենաթանկը կլինի: Ազատ վաճառքի կհանվի 11 հազար տոմս` 300, 225 և 150 ֆունտ արժողությամբ, որոնք մոտ 26 ֆունտ էլ հավելավճար կունենան: Ամենաէժան` չորրորդ կարգի տոմսերը, որոնք կտարածվեն ակումբների կողմից, կարժենան 80 ֆունտ: Յուրաքանչյուր կատեգորիայում տոմսերի գները բարձրացել են մոտ 15 տոկոսով` համեմատած նախորդ տարվա եզրափակիչի հետ:
«Գները բացարձակ անհիմն են և շատ բարձր: Դա պարզապես ֆուտբոլի երկրպագուների անամոթ շահագործում է»,- ասել է Ֆուտբոլի երկրպագուների ֆեդերացիայի նախագահ Մալկոմ Քլարկը: Այս առումով քննադատությամբ են հանդես եկել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և նրա գործընկեր Արսեն Վենգերը: Իսկ ո՞ւմ է հետաքրքիր` երկրպագուները գումար ունե՞ն, թե՞ ոչ: Անունը «երկրպագու» է չէ՞. կհարմարվի` հանուն սիրո: Նրանք, ովքեր նվիրված են ու հավատարիմ, կգնան, այլընտրանքը ո՞րն է:
Իրարանցումը ՖԻՖԱ-ում շարունակվում է. նրանք կասկածում են նախորդ շաբաթ Թուրքիայում կայացած երկու ընկերական հանդիպումների մրցավարներին: Խոսքը փետրվարի 9-ի`Էստոնիա - Բուլղարիա ` 2:2, և Լատվիա-Բոլիվիա` 2:1, հանդիպումների մասին է: Կասկած է հարուցել հատկապես այն փաստը, որ բոլոր 7 գոլերն իրացվել են 11 մետրանոցների միջոցով: Տարօրինակ է նաև, որ սպարինգները կազմակերպվել են ոչ թե ֆուտբոլի ֆեդերացիաների, այլ Futi Sports International չինական ընկերության կողմից: Ներկայումս ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել: Չինական ընկերությունը և մրցավարները կասկածվում են հանցագործության մեջ: Գուցե նրանք կատարել են բուքմեյքերների պատվե՞ր` հանդիպման որոշակի վիճակագրական արդյունքի համար:
Թուրքիայում շաբաթը թեժ էր. ամսի 17-ին «Բեշիքթաշ»-«Դինամո»` 1:4, հանդիպումից հետո մարզադաշտի հարակից տարածքում վիրավոր երկրպագու են գտել` կտրող գործիքով հասցված ծանր մարմնական վնասվածքներով:
Հայաստանի համար ձեռքբերումների շաբաթ էր մենամարտային ձևերում: Ստամբուլում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի 2011թ. Գրան պրիի խաղարկության 2-րդ փուլը: Հայաստանի հավաքականից 74 կգ քաշային Մուսսա Մուրթազալիևը դարձավ չեմպիոն և պարգևատրվեց 2000 դոլարով: 120 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացավ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռուսլան Բասիևը։ 55 կգ քաշային կարգում պատվո 3-րդ հարթակին կանգնեց Միհրան Ջաբուրյանը:
Փետրվարի 12-13-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Հայաստանը նվաճեց 2 մեդալ: Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր: Արմեն Նազարյանը` 66 կգ , գրավեց 3-րդ տեղը:
Թենիսի սիրահարներին տեղեկացնում ենք, որ Դուբայում շարունակվում է Premier Dubai Duty Free Tennis Championships-2011-ի խաղարկությունը, որի մրցանակային ֆոնդը 2 050 000 դոլար է։ Արդեն հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները. Կուզնեցովան ուժերը կչափի իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ, ով հեշտությամբ կարողացավ հաղթել 21-ամյա ռուսաստանցի Ալիսա Կլեյբանովային` 6:2, 6:0: Կիսաեզրափակչի հաջորդ մասնակիցը դարձավ Կարոլին Վոզնյացկին, ով քառորդ եզրափակչում հանդիպեց 23-ամյա իսրայելուհի Շահեր Պեյերի հետ: Կարոլինը 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց հակառակորդի նկատմամբ: Նա եզրափակչում կհանդիպի 25-ամյա սերբուհի Ելենա Յանկովիչն է, ով երեք սեթերի արդյունքում առավելության հասավ ավստրալիացի թենսիստուհի Սամանթա Ստոսուրի նկատմամբ` 6:3, 5:7, 7:6(4):
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
«Երկիր»-ի մարզական մեկնաբան