կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-12 01:33
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Շաբաթվա անցուդարձն սկսենք ամենակարևոր և ուրախալի իրադարձությունով:

Ֆուտբոլի Հայաստանի երիկտասարդական հավաքականը գեղեցիկ պայքարում` 4:1 հաշվով սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ: Հանդիպման 23-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանի դաշտից հեռացվելուց հետո, մնալով 10 հոգով, երիտասարդները չթուլացան և հաղթահարեցին Եվրո-2013-ի ընտրական հանդիպման առաջին շեմը: Մեր ունեցած հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ  հաղթանակի համար երիտասարդական հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարգևատրել է 3.000-ական ԱՄՆ դոլարով:

Հունիսի 4-ին Ռուսաստան-Հայաստան պատասխան հանդիպման ժամանակ կրած, ցավալի և անարդար պարտությունից հետո հանդիպման մրցավարը խոստովանել է իր սխալը և ներողություն խնդրել անիմաստ նշանակած տուգանայինի համար, սակայն այս միջադեպը թերևս թողնենք անանդրադարձ: Ինչ կարող է փոխել ապաշխարանքն այս դեպքում…

Պետերբուրգի «Զենիթի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Զենիթը» փնտրում է հարձակվողի, որը կկարողանա համագործակցել Ալեքսանդր Կերժակովի հետ: Այն խաղը, որ Մովսիսյանը ցուցադրել է ազգային թիմի կազմում պետերբուրգյան «Պետրովսկիում», հիացրել է ակումբի ղեկավարությանը:

Թուրքի դիմագիծը դարերի ընթացքում էլ չի փոխվում: Օրեր առաջ թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբը, որպես իր հիմն, հնչեցրեց «Զարթնի'ր, լա'ո» ֆիդայական հայկական երգի երաժշտությունը` թուրքերեն բառերով՝  «Թշնամին պարտվելու է, հաղթանակը մոտ է»: Աղմուկը շատ մեծ էր, որին երևի թուրքերը չէին սպասում:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, երգի բառերի հեղինակ Հաքան Յավուզը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն եղել երգի՝ հայկական ծագման մասին և այսուհետ չեն կատարի։

Հուլիսի 30-ին Ռիո Դե Ժանեյրոյում տեղի կունենա ֆուտբոլի 2014 Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը տեղ կզբաղեցնի 5-րդ զամբյուղում: Նշենք, որ այս տվյալները նախնական են, քանի որ դեռ չի հրապարակվել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակը: Վերջին տվյալներով` մենք պետք է տեղ զբաղեցնեինք 4-րդ զամբյուղում, սակայն կանխատեսումներ կան, որ նոր վարկանիշային հրապարակումից հետո մեր հավաքականին կշրջանցեն Ավստրիան և Լեհաստանը: Ահա մեր հավաքականի հետ միևնույն զամբյուղում հայտնված հավաքականները` Էստոնիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Լատվիա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ:

Մեր մարզական ուղեղներն այս շաբաթ ավարտեցին իրենց պայքարը Հնդկաստանի Օրիշա քաղաքում ընթացող համանուն շախմատի մրցաշարում: Տիգրան Պետրոսյանը արծաթե մեդալի համար լրացուցիչ մրցամարտերում հաղթեց հնդիկ գրոսմայստերներ Մագեշ Պանչանաթանին և Աջիթյա Գուփթային: Իր ակտիվում ունենալով  8,5 միավոր` Պետրոսյանը զիջել է մրցաշարի հաղթող, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովին, ով 11 հնարավորից վաստակել է 9-ը:

Մենամարտային մարզաձևերի ակտիվ շրջանը դեռ նոր է մեկնարկում:

Հայաստանի հունահռոմեական ոճի 3 առաջատար ըմբիշները՝ Ռոման Ամոյանը (55), Արսեն Ջուլֆալակյանը (74) և Յուրի Պատրիկեևը (120),  կմասնակցեն հուլիսի 16-19-ը Մադրիդում կայանալիք ըմբշամարտի «Գրան պրի»-ին: Սպորտային այդ միջոցառմանը մասնակցում են աշխարհի բոլոր ուժեղագույն ըմբիշները: Այս մրցաշարը նախընտրական փուլ է սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության համար:

Ռոլան Գարոս-2011-ի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո Ռաֆայել Նադալն անակնկալ մատուցեց: Լոնդոնում ընթացող  ATP AEGON Championships-2011 թենիսի մրցաշարում աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը երեք սեթերի արդյունքում`  6։7 (7:3), 6։4, 6։1 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային: Հանդիպումը տևել է 2 ժամ 2 րոպե։ Եզրափակիչ դուրս գալու համար Ցոնգան ուժերը կչափի բրիտանացի Ջեյմս Ուորդի հետ, որը 6:2, 6:7 (14:16), 6:4 պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։

Աշխարհի 4-րդ թենիսիստ, բրիտանացի Էնդի Մարեյն առանց  պայքարի դուրս է եկել 1/2: 1/4-ում նրա հակառակորդ խորվաթ Մարին Չիլիչը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից։ Այսպիսով, կիսաեզրափակիչում Մարեյը կհանդիպի ամերիկացի Էնդի Ռոդիկի հետ, որը 6:2, 6:2 հաշվով հեշտությամբ հաղթել է իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին։

«Երկիր»-ի մարզական մեկնաբան 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ