կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-03 00:50
Սպորտ

Մարզական շաբաթ

Մարզական շաբաթ

Մարզական անդրադարձն սկսենք նախորդ շաբաթվա ամենակարևոր իրադարձության վերլուծությամբ:

Եվ այսպես` մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը։ Երկու հավաքականներից և ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը` չնայած բազում հնարավորություններին:

Այսպիսով` 5 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր, իսկ Ռուսաստանի հավաքականն առայժմ 10 միավորով կշարունակի մնալ B խմբի առաջատարներից:

Վարդան Մինասյանը երկրորդ խաղակեսի սկզբում փոփոխություններ կատարեց, որոնք դրականորեն անդրադարձան խաղի որակի վրա: Հայաստանի հավաքականը, անկախ արդյունքից և որոշ խաղային գոտիներում ունեցած խնդիրներից, որոնք հիմնականում անփորձության և ֆունկցիոնալ պրոբլեմների հետ էին կապված, պայքարում էր ամեն գնդակի համար: Հանդիպումն ընթանում էր չափազանց լարված մթնոլորտում, երկրպագուներն անդրդվելի էին, մարզադաշտը մի քանի անգամ պոռթկաց շարունակական ալիքներով, ինչն անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր պատահել:

3 միավորի փոխարեն վաստակեցինք 1-ը, սակայն ավելի վատ էլ կարող էր լինել: Ինչ արած` պետք է չկորցնել հույսը և առաջ նայել: Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին:

Խաղի շուրջ թոհուբոհն ամբողջ շաբաթ չէր հանդարտվում: НТВ спорт+ հեռուսատաալիքի «90 րոպե» թոք շոուի ժամանակ քննարկվում էր Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Ինչպես նշեց Անատոլի Ֆյոդորովիչ Բիշովեցը, «Զենիթի» խաղացողները, իմանալով, որ ցանկացած մարզավիճակով էլ կընդգրկվեն հավաքականի մեկնարկային կազմում, ամբողջովին չեն ներգրավվում պարապմունքների մեջ: Հաղորդման ժամանակ հատկապես շատ էր շեշտվում, որ հավաքականը` թե՛ մարզումային և թե՛ խաղային պլանում, կոլեկտիվ գործողություններով քիչ էր աչքի ընկնում: Հատկապես քննադատության արժանացավ Անդրեյ Արշավինը: Իսկ ըստ թոք շոուի մասնակիցների` լավագույն խաղ ցույց տվեց «Զենիթի» հենակետային կիսապաշտպան Իգոր Դենիսովը: Ինչպես հարցազրույցներից մեկում նշեց Յուրա Մովսիսյանը. «Ռուսաստանն այն հավաքականը չէ, որը կարող է հաղթել մեզ նորմալ ֆունկցիոնալ վիճակում գտնվելու ժամանակ»:

Երկրպագուներն էլ իրենց գործի տերն են. այս անգամ դժգոհության ալիք Ռուսաստանից: ВОБ-ը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին` խնդրելով հետաքննել Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը նախորդած միջադեպերը, որի հետևանքով մոտ 100 ռուսաստանցի ֆուտբոլասերներ տոմսերով չեն կարողացել մտնել մարզադաշտ: Բացի այդ` նրանք պաշտոնական ներողություն և փոխհատուցում էին պահանջում:

Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, մեր ֆեդերացիային դեռևս ոչ մի դիմում և բողոք չի ներկայացվել: Զանգահարեցինք Մոսկվա` ռուս երկրպագուներից մեկին, ով ներկա էր խաղին և ընկերացել էր «Երկիրի» թղթակցի հետ: Փորձեցինք նրա կարծիքն իմանալ ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես ասաց Սերգեյը. «Մեզ հատկացված տրիբունան լեփ-լեցուն էր, և եթե այդքան մարդ դուրսն է մնացել, ապա որտե՞ղ պետք է տեղավորվեին ներս մտնելու դեպքում: Ինձ թվում է, որ դրանք մամուլի տարածած կեղծ լուրերն են»:

Հիշեցնենք, որ ասեկոսեներ կային, որ ռուսները ցանկացել են 300 ԱՄՆ դոլարով տոմսեր ձեռք բերել հայ մարզասերներից: Սա հաստատեց նաև ՀՖՖ նախագահը` ասելով, որ ռուսական տրիբունան լեփ-լեցուն էր, իսկ ռուսներին հայերն էին տոմսեր վաճառել, այնպես, որ անօրինական ոչինչ չի եղել: Ռուբեն Հայրապետյանը նաև հավելեց, որ հավաքականի տղաները կպարգևատրվեն ոչ ոքիի համար: Ուրախալի լուր ֆուտբոլասերներին համար:

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը 3 տարով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ։

Գերթեթև քաշային կարգում աշխարհի բռնցքամարտի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը մարտի 26-ին Համբուրգ քաղաքում պաշտպանեց WIBF-ի վարկածով չեմպիոնական իր գոտին մեքսիկացի Աննա Արացոլի դեմ մրցամարտում: Հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում  մասնակցեց Եվրոպայի 2011-ի առաջնությանը: 74 կգ քաշայինների պայքարում ազգությամբ դաղստանցի Մուսա Մուրթազալիևը եզրափակիչում 0:1, 0:1 հաշվով զիջեց աշխարհի չեմպիոն Դենիս Ցարկուշին (Ռուսաստան) եւ նվաճեց արծաթե մեդալ: Ցավոք, սա ազատ ոճայինների պայքարում միակ մեդալն էր:

Մայամիում ընթանում է Sony Ericsson Open-2011-ի թենիսի մրցաշարը: Տղամարդկանց եզրափակիչում ուժերը կչափեն Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը, իսկ կանանց պայքարում կհանդիպեն Մարիա Շարապովան և Վիկտորյա Ազարենկոն:

«Երկիրի» մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ